ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և Որակի ապահովման ազգային կենտրոնի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Ն․ Հարությունյանը և Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռ․ Թոփչյանը ս.թ. մարտի 26-ին ստորագրեցին հուշագիր:
Համագործակցության հուշագրի շրջանակում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը և Որակի ապահովման ազգային կենտրոնը համատեղ կբացեն նոր մագիստրոսական կրթական ծրագիր Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։ Որակի ապահովման ազգային կենտրոնը կկազմակերպի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսների համար փորձագետների վերապատրաստման դասընթացներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան կանցնեն Որակի ապահովման ազգային կենտրոնում: Նախատեսվում են համատեղ գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ՝ կրթության որակի ապահովման և վերահսկողության հարցերի շուրջ։