«Արվեստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողները «Արվեստի քննադատության հիմունքներ» դասընթացի շրջանակում կազմակերպել են փորձնական ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ցուցադրությունն այս ձևաչափով կազմակերպվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ և նպատակ ունի զարգացնելու ուսանողների վերլուծական հմտությունները, ինչպես նաև ձևավորելու մասնագիտական մոտեցում արվեստի գործերի մեկնաբանության և հանրային ներկայացման գործում։
Ուսանողները ցուցադրությանը նախապատրաստվել են փետրվարից սկսած։ Յուրաքանչյուր ուսանող ընտրել է մեկ թեմատիկ ուղղություն, որի շուրջ ներկայացրել է արվեստի գործեր՝ կցելով դրանց վերաբերյալ հեղինակային դիտարկումներ։ Աշխատանքների պատրաստման ընթացքում դասախոս Իրինա Բաղդամյանն անհատապես աշխատել է յուրաքանչյուր ուսանողի հետ՝ աջակցելով թեմայի ձևակերպման, վերլուծության կառուցման և տեքստերի մշակման փուլերում։

Ցուցադրությունն ամփոփեց դասընթացի հիմնական նպատակներն ու արդյունքները՝ ապահովելով ուսանողների տեսական և գործնական պատրաստվածությունը։ Նրանք ձեռք են բերել արվեստի քննադատության հիմնարար գիտելիքներ, արվեստի գործերի մեկնաբանման ու վերլուծության հմտություններ։ Միևնույն ժամանակ, ձևավորվել են ցուցահանդեսների կազմակերպման, թեմատիկ հոդվածների պատրաստման մասնագիտական էթիկայի կարողություններ։
Այս նախաձեռնությունը կարևոր փորձառություն է ուսանողների համար՝ համադրելու տեսական գիտելիքը գործնական գործունեության հետ և գործելու իրական ցուցադրական միջավայրում։ Նման ձևաչափով անցկացվող միջոցառումները նպաստում են ուսանողների մասնագիտական աճին և ինքնուրույն հետազոտական մտածողության ձևավորմանը։
Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, Արվեստաբանության ամբիոնի դասախոսներ և ուսանողներ։