«Հոգվորթսի գրապահոցներում կամ աշխարհիկ գրադարանների շուրջ» խորագրով հանդիպում ԵՊՀ-ում
Ս.թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնում (401 ընթերցասրահ) տեղի կունենա «Հոգվորթսի գրապահոցներում կամ աշխարհիկ գրադարանների շուրջ» խորագրով հանդիպում, որի բանախոսն է հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը:
Հանդիպման առանցքում կլինի Հարրի Փոթերի աշխարհի «գրադարանային» թեման. գրատներ և տարաշխարհիկ գրադարաններ, արգելված և կախարդված գրքեր:
Գլխավոր թեմայից բացի՝ քննարկում կծավալվի հետևյալ հարցերի շուրջ.
Ո՞ւմ է հասցեագրված «Հարրի Փոթեր» վիպաշարը: Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է այն. փիլիսոփայական, ֆանտաստիկ, քաղաքական, այլ:
Ի՞նչ խնդիրներ և դժվարություններ եղան գիրքը հայերեն թարգմանելիս: Արդյո՞ք նման հանրահայտ և մեծածավալ ստեղծագործության թարգմանության առաջարկը մարտահրավեր չէր։
Ջ.Ք. Ռոուլինգի երկում ինչպիսի՞ «տարօրինակ» բառեր և արտահայտություններ են հանդիպել, որոնք թարգմանելն անիրական է թվացել. ի՞նչ հետաքրքիր լուծումներ են տրվել:
Փոթերասերների մեծ մասն արդեն վարժվել էր կերպարների՝ ռուսերեն թարգմանությամբ հայտնի ու շրջանառվող անուններին: Ինչպե՞ս ընդունվեց միևնույն անունների հայերեն տառադարձման փորձը:
Ի՞նչ է «միջտեքստայնությունը». եզր, որ հաճախ է կիրառվում հեքիաթի և հրաշապատում այլ ժանրերի մասին խոսելիս: