ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված վերապատրաստման երկշաբաթյա ծրագրին:

Սույն թվականի հունիսի 4-ից անցկացվող դասընթացը կազմակերպել էր ՄԱԿ-ի ուսումնական և հետազոտական ինստիտուտի (UNITAR) և Շանհայի քաղաքային տեղեկատվության տարածաշրջանային համագործակցության գրասենյակի (RCOCI) հետ համատեղ ստեղծված «CIFAL Shanghai» միջազգային վերապատրաստման կենտրոնը։
«CIFAL Shanghai»-ն՝ որպես միջազգային հարթակ, կարևոր դեր է կատարում համաշխարհային տնտեսական և տեղեկատվականացման ոլորտներում փորձի փոխանցման, մասնագիտական խորհրդատվության, գիտահետազոտական աշխատանքների, համատեղ համագործակցության և ուսուցման կազմակերպման գործում՝ միավորելով տարբեր երկրների պետական, մասնավոր և գիտական կառույցների ներկայացուցիչների։
Ծրագրի շրջանակում ներկայացվել են արդիական և բազմաբովանդակ թեմաներ, ինչպիսիք են՝ թվային տնտեսություն, արդյունաբերության թվայնացում, արհեստական բանականություն, թվային կրթություն, մեծ տվյալների կիրառություն, ինչպես նաև՝ գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա, ջրային ռեսուրսների կառավարում և ոռոգման տեխնոլոգիաներ։ «Այս թեմաներն առանձնահատուկ կարևորություն ունեն մասնագիտական զարգացման համար հատկապես այն ուղղություններով, որոնք կապված են գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում նորարարական լուծումների կիրառման և զարգացման հետ,- ընդգծեց Օ. Գեղամյանը:- Առանձնահատուկ կարևորում եմ նաև ծրագրին ուղեկցող գործնական այցերը՝ չինական առաջատար ընկերություններ, տեխնոլոգիական կենտրոններ և գիտահետազոտական կազմակերպություններ: Այնտեղ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու թվային տեխնոլոգիաների, արդյունաբերական ավտոմատացման և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող վերջին զարգացումներին։ Այս վերապատրաստումը նաև բացառիկ հարթակ էր այլ երկրների մասնագետների հետ անմիջական շփումների, փորձի փոխանակման և ապագա համագործակցության հնարավորությունների քննարկման համար»։