- Главная
- Node
- ԵՊՀ-ն՝ հայ-ավստրիական գիտակրթական համագործակցության հարթակ
Июль 09, 2025 | 11:32
Գործընկերներ
Կոնֆերանսներ
ԵՊՀ-ն՝ հայ-ավստրիական գիտակրթական համագործակցության հարթակ
Երևանի պետական համալսարանում անցկացվեց հայ-ավստրիական համալսարանական համագործակցության տեղեկատվական հանդիպում։ Միջոցառումը կազմակերպվել էր Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության («OeAD») և Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագրի («APPEAR») համագործակցությամբ։

ԵՊՀ-ում հայ-ավստրիական ակադեմիական համագործակցությանը միտված հանդիպմանը մասնակցեցին հայկական առաջատար և ավստրիական ակադեմիական հաստատությունների, միջազգային զարգացման գործակալությունների և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը բացման ելույթներով հանդես եկան Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագրի «APPEAR» ծրագրի ղեկավար, դոկտոր Անդրեաս Օբրեխտին, ինչպես նաև Ավստրիայի զարգացման համագործակցության (ԱԶՀ) գրասենյակի, ապա գործընկեր համալսարանների ներկայացուցիչները։ Նրանք կարևորեցին «APPEAR» ծրագրի առաքելությունը, այն է՝ ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ակադեմիական գործընկերության, ինչպես նաև մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակների միջոցով ամրապնդել գործընկեր երկրներում բարձրագույն կրթության, հետազոտությունների և կառավարման գիտական հիմքերը և ինստիտուցիոնալ կարողությունները։

Այնուհետև ներկայացվեցին Ավստրիայի զարգացման համագործակցության նախաձեռնությունները և «APPEAR» ծրագրի շրջանակում կիրառվող հետազոտական մոտեցումները։ Միջոցառումը շարունակվեց թվային տեխնոլոգիաների, կենսաբազմազանության, կայուն գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների և քաղաքային վերականգնման ոլորտներում իրականացվող հայ-ավստրիական համագործակցային ընթացիկ վեց նախագծերի ներկայացմամբ։ Այս նախագծերից երեքը ղեկավարում են Երևանի պետական համալսարանի հետազոտողները։
Հայաստանի ամերիկյան համալսարանի դոկտոր Սերգեյ Թանթուշյանի վարած վահանակային քննարկմանը ոլորտի փորձագետներն անդրադարձան այն հարցին, թե ինչպես կարելի է զարգացնել կայուն ինստիտուցիոնալ գործընկերություններ՝ տարածաշրջանային և միջազգային ցանցերի միջոցով, ներգրավել երիտասարդ հետազոտողներին և շրջանավարտներին, ինչպես նաև հաղթահարել մարտահրավերները, որոնք կապված են գենդերային հավասարության ապահովման և ներառական կրթության սկզբունքների՝ ակադեմիական ծրագրերում ինտեգրման հետ։
Մեկշաբաթյա ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, որտեղ համակարգվում են «APPEAR» ծրագրի վեց ընթացիկ նախագծերից երկուսը։ Մեկշաբաթյա ծրագրի շրջանակում մասնակիցների համար նախատեսված են այցելություններ դեպի հետազոտական հաստատություններ, համագործակցային նախագծերի ցուցադրական վայրեր, բարձրագույն ուսումնական հաստատություններ, ամառային դպրոցներ, ինչպես նաև Հայաստանի մշակութային և պատմական հուշարձաններ:

Նախագծային թիմերի հերթական հանդիպումն անցկացվելու է հուլիսի 10-ին Երևանի պետական համալսարանում։
Ամբողջ շաբաթվա ընթացքում ԵՊՀ-ն դառնալու է համաժողովի կազմակերպման և ծրագրային գործընթացների իրականացման առանցքային հարթակ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր կարևոր դերն ու վստահելիությունը միջազգային ակադեմիական համագործակցության շրջանակում։
Նշենք, որ «APPEAR» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին՝ նշանավորելով ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատությունների, համալսարանների և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության նոր՝ ակտիվ փուլը Ավստրիայի զարգացման համագործակցության առաջնահերթ երկրներում։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացվել է 43 ակադեմիական գործընկերություն 20 երկրներում։ Գործընկեր երկրներից ավելի քան 150 ուսանող իրենց մագիստրոսական կամ դոկտորական կրթությունը ստացել են Ավստրիայի համալսարաններում։