- Главная
- Node
- «Երբ գինեգործությունն ավելին է, քան բիզնես». ԵՊՀ շրջանավարտ, «Armenia Wine» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյան
Июль 17, 2025 | 10:15
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ
«Երբ գինեգործությունն ավելին է, քան բիզնես». ԵՊՀ շրջանավարտ, «Armenia Wine» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյան
Ի՞նչ է տեղի ունենում, երբ պատմաբանը դառնում է գինեգործ, որի երազանքը հայկական արտադրանքի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնելն է։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Վահագն Մկրտչյանը «ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2025»-ի ընթացքում ներկայացրեց «Armenia Wine» ընկերության հաջողության պատմությունը։ «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայում նրա ելույթը ոչ միայն բիզնեսի, այլև մարդկային ճանապարհի՝ անցած կասկածների, հստակության, հայրենասիրության ու խիզախ որոշումների պատմություն էր։

Վահագն Մկրտչյանն իր ելույթում պատմեց, թե ինչպես սկզբունքային ընտրություններով և արմատներին հավատարիմ մնալով իրականացրեց հայկական արտադրանքի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնելու իր երազանքը. «Երբ ավարտեցի ԵՊՀ-ն, բնականաբար խնդիր կար հասկանալու՝ ինչպես կառուցել կարիերան։ Աշխատանքս սկսելով Ազգային ժողովում՝ ժամանակի ընթացքում գիտակցեցի՝ եթե ուզում եմ սեփական քրտինքով գումար վաստակել՝ իմ տեղը բիզնեսում է։ Ինձ համար ընդունելի չէր պետական համակարգում պաշտոնավարելով եկամուտ ստանալը։ Դա սկզբունքային հարց էր»,- ընդգծեց նա։

Ի տարբերություն շատերի՝ Մկրտչյանը երբեք երկմտություն չի ունեցել նաև Հայաստանից հեռանալու հարցում․ «Հայաստանից դուրս լինելն անընդունելի էր։ Եթե 18 տարեկան տղաները սահման էին պահում, ապա մենք էլ պետք է լինեինք տնտեսության զինվորներ»։
Գինեգործությունն ընտրելը պատահական չէր, քանի որ Վահագն Մկրտչյանը և գործընկերները խորապես գիտակցում էին գինու մշակութային ու պատմական նշանակությունը. «Նպատակն էր Հայաստանը ճանաչելի դարձնել որակյալ գինով: Խաղողը մեր տարածաշրջանում աճեցվում է արդեն 6000 տարի։ Չեմ կարծում, որ նույն մարդը նույն տեղում 6000 տարի նույն սխալը կանի։ Այս ոլորտը պատմությամբ էր մեզ կապում մեր նախնիներին»։
Վահագն Մկրտչյանը վստահեցնում է՝ մրցակցությունը համաշխարհային շուկայում հնարավոր է միայն բարձր որակի և այդ որակը գրագետ մատուցելու շնորհիվ։ Որոշվեց նախ հրավիրել միջազգային փորձառու մասնագետների Ֆրանսիայից ու Իտալիայից: Նրանց հետ միասին տարիների ընթացքում քայլ առ քայլ տեղայնացվեց ոլորտի առաջատար փորձը՝ զուգակցելով այն հայկական ավանդույթներին։ Նպատակային այս մոտեցումն էլ, ի վերջո, դարձավ «Armenia Wine»-ի մրցունակության և հաջողության բանալին։
Անդրադառնալով շուկայում արտադրանքի ճիշտ ներկայացման կարևորությանը՝ բանախոսը շեշտեց. «Մեզ պետք չէր նոր լեգենդ հորինել՝ մենք արդեն ունեինք 6000 տարվա պատմություն։ Պետք էր միայն դա ճիշտ պատմել աշխարհին»,- եզրափակեց Մկրտչյանը՝ իր ելույթը դարձնելով ոչ միայն բիզնես-պատմություն, այլև ապացույց՝ երբ պատմությունն ու մշակույթը ճիշտ են համադրվում, ծնվում է արդյունաբերության մեջ մշակույթը վերագտնելու բացառիկ հնարավորություն։
Գինու գործարանը կառուցվեց հնադարյան ամրոցի ոճով, ստեղծվեց Հայաստանի գինու պատմության թանգարան: Յուրաքանչյուր այցելու, նախքան գինու համտեսը, ապրում է պատմությունն ու տեսողական տպավորությամբ մտնում հայկական գինու աշխարհ։
Видео