- Главная
- Node
- Երկրաբանի մասնագիտությունը՝ տնտեսական կայունության գրավական
Июль 17, 2025 | 15:45
Գործընկերներ
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կրթություն
Երկրաբանի մասնագիտությունը՝ տնտեսական կայունության գրավական
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ համագործակցության շրջանակում Կապանում անցկացվեց «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների աշակերտները և ֆակուլտետի ուսանողները։

Եռօրյա դպրոցի մասնակից աշակերտները ծանոթացան երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին, իսկ ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում կիրառելու իրենց տեսական գիտելիքները՝ դրանով իսկ առավել լավ պատկերացում կազմելով սեփական մասնագիտության մասին և մանրամասնորեն ծանոթանալով մասնագիտական նրբություններին։

Կարևորելով դպրոց-բուհ-գործատու կապի ամրապնդումը՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն ընդգծեց․ «Առանց գործատուի հետ համագործակցելու՝ հնարավոր չէ պատրաստել ոլորտի մասնագետներ։ Այս ամառային դպրոցում ներգրավված են թե՛ ֆակուլտետի ուսանողները, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցնում Սյունիքում, թե՛ հանրակրթական դպրոցների այն աշակերտները, որոնք հետաքրքրված են երկրաբանի մասնագիտությամբ և ցանկություն ունեն մասնագիտանալու հենց այս ուղղությամբ»։
«Պատանի երկրաբան» ամառային դպրոցի շրջանակում անցկացվեցին դասախոսություններ, քննարկումներ և այցելություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) արտադրամասեր։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ծրագրերի համակարգող Պապին Մուրադյանը, խոսելով դպրոցականների մասնագիտական կողմնորոշման հարցում ամառային դպրոցի դերակատարման մասին, ասաց․ «Մասնագիտական կողմնորոշման հարցը լուծվում է այսօրինակ ամառային դպրոցների, ճամբարների և տարաբնույթ այլ միջոցառումների շնորհիվ։ Հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Աշխարհագրություն» առարկայի շրջանակում աշակերտները շատ քիչ տեղեկություններ են ստանում երկրաբանի մասնագիտության վերաբերյալ։ Իսկ այս ձևաչափով երկրաբանի աշխատանքի առանձնահատկություններին ու հիմնական գործառույթներին ծանոթանալու միջոցով, կարելի է ասել, լուծվում է մասնագիտական կողմնորոշման հարցը»։

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ հանքաքար հանելը և հետագայում դրանից մետաղ կորզելը կարևոր են, սակայն առավել կարևոր է դա ճիշտ անելը։
«Եթե այսօր մենք չաշխատենք նոր հանքավայրեր գտնելու ուղղությամբ, 10-15 տարի հետո Հայաստանում հանքարդյունաբերություն պարզապես չի լինի։ Հետևաբար, եթե Հայաստանում չլինի հանքարդյունաբերություն, ապա չի լինի նաև երկրաբանի անհրաժեշտություն։ Ուստի այսօրինակ միջոցառումների միջոցով վերարժևորելով երկրաբանի մասնագիտության դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում՝ մենք պետական կառույցների հետ գործակցության շրջանակում աշխատում ենք մեծացնել երկրաբանի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը»,- մատնանշեց Արմեն Ստեփանյանը։
Ամառային դպրոցի մասնակից աշակերտներից ոչ բոլորն էին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Ինչպես նշեց դպրոցի մասնակիցներից Միլենա Սարգսյանը՝ ամառային դպրոցը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հետաքրքիր մասնագիտության, ձեռք բերելու նոր գիտելիքներ, ընկերներ, ինչպես նաև կողմնորոշվելու, թե ինչ մասնագիտությամբ է ցանկանում աշխատել ապագայում։
Տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման ու խորացման, ինչպես նաև համատեղ ուժերով կրթական, գիտական և մշակութային ոլորտների զարգացման նպատակով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Կապանի երկրագիտական թանգարանի միջև ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր։
Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը մեծապես կարևորեց գործակցությունը համալսարանի հետ՝ ընդգծելով, որ Երևանի պետական համալսարանի հետ համատեղ ուժերով նոր պատասխանատվությամբ ու եռանդով կաշխատեն ոլորտի զարգացման ուղղությամբ։

«Պատանի երկրաբան» ամառային դպրոցի երկրորդ օրը մեկնարկեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանի դասախոսությամբ, որի շրջանակում նա անդրադարձավ հանքի պաշարներին, դրանց օգտագործմանը և ընկերության ապագային առնչվող թեմաների։
Այնուհետև դպրոցի մասնակիցներն այցելեցին բաց հանքի տարածք, ծանոթացան երկրաբանական գործիքներին, քարի ուսումնասիրման և հանքայնացման յուրահատկություններին։ Նրանք շրջեցին արտադրական կառուցամասերում, ինչպես նաև հարստացուցիչ ֆաբրիկայում։
Ամառային դպրոցի շնորհիվ մասնակից աշակերտների մեծ մասն արդեն հստակ կողմնորոշվեց մասնագիտության ընտրության հարցում։
Նշենք նաև, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին է, ինչ իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են Սյունիքում՝ ԶՊՄԿ-ում՝ համաձայն կառույցների միջև կնքված համագործակցության հուշագրի։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի դոցենտ Տիրուհի Մկրտչյանը, կարևորելով գործընկեր կազմակերպության հետ գործակցության շրջանակում կազմակերպվող ուսումնական պրակտիան, ընդգծեց, որ լսարանում ստացած տեսական գիտելիքները հնարավոր կլինի գործնականում կիրառել միայն այն դեպքում, եթե ուսանողն անմիջապես մասնակցի հանքավայրերում տարվող աշխատանքներին։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով՝ լսարանում երկրաբան չեն դառնում․ լիարժեք մասնագետ հնարավոր է դառնալ միայն տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, դաշտային հետազոտություններին մասնակցելու և ինքնուրույն այդ հետազոտությունները կատարելու միջոցով։