- Главная
- Node
- ՍԹԵՄ ավագ դպրոցը՝ համալսարանական կրթության մեկնակետ․ ԵՊՀ-ում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը
Сентября 01, 2025 | 12:31
Գիտություն
Կրթություն
ՍԹԵՄ ավագ դպրոցը՝ համալսարանական կրթության մեկնակետ․ ԵՊՀ-ում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի բակում տեղի ունեցավ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառում։ Համալսարանի հյուրընկալ հարկի ներքո համախմբվել էին դպրոցի բոլոր սովորողները, այդ թվում՝ նոր ընդունվածները՝ սպասումներով լի և մեծ ոգևորությամբ սկսելու նոր ուսումնական տարին։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը։ Նա մատնանշեց, որ Հայաստանի ապագայի համար կրթությունն ունի որոշիչ դեր, և ԵՊՀ-ն ունի կարևոր առաքելություն՝ ձևավորելու քաղաքակիրթ, ուսյալ, մրցունակ, ստեղծագործ և առաքինի սերունդ։
«ՍԹԵՄ դպրոցի սիրելի՛ աշակերտներ, դուք այսօրվանից համալսարանական եք և դարձել եք ԵՊՀ մեծ ընտանիքի անդամ։ ՍԹԵՄ դպրոցն իր կառուցվածքով, ձեռքբերումներով և ռազմավարությամբ արմատապես տարբերվում է մյուս դպրոցներից, ուստի այստեղ սովորելն արդեն իսկ մեծ առավելություն է»,- ասաց նա։
Արամ Խաչատրյանը, ներկայացնելով դպրոցի գործունեության առանձնահատկությունները, ընդգծեց դրանցից մի քանիսը։

Նախ՝ կարճ ժամանակահատվածում դպրոցն իր ուրույն տեղն է ձևավորել հանրակրթության ասպարեզում։ ՍԹԵՄ-ն ունի կրթական մոդելի տարբերվող բնույթ․ դպրոցի աշխատանքները կազմակերպվում են անհատական դասատախտակով։ ՍԹԵՄ դպրոցում դասարանը զուտ պայմանական միավոր է, քանի որ սովորողները միավորվում են իրենց ընտրած դասընթացների և ծրագրերի շուրջ։
Բացի դրանից՝ ավագ դպրոցն ունի խորացված գիտական ուղղություններ, հեղինակային կրթական ծրագրեր՝ մշակված ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից։ Սովորողը չի պատրաստվում կամ վարժվում միասնական քննության, այլ ձևավորում է մասնագիտական մտածողություն և ստանում խոր գիտելիքներ։
ՍԹԵՄ ավագ դպրոցում սովորելն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ լինելու համալսարանի կազմում․ դպրոցի սովորողները մուտք ունեն ԵՊՀ բոլոր ենթակառուցվածքներ, մասնավորապես գրադարան, մարզադահլիճներ, ուսումնական և գիտական լաբորատորիաներ։ Դպրոցում դասավանդում են գիտաշխատողներ, դասախոսներ․ այս կապը վաղ տարիքից հնարավորություն է տալիս հասկանալու գիտության «խոհանցը»։
Այս ամենով հանդերձ՝ ՍԹԵՄ-ը ոչ միայն դպրոց է, այլև գիտակրթական ցանց․ սովորողները դառնում են համալսարանական կրթական համակարգի մասնակիցներ, ինչը ավագ դպրոցի սովորողի համար շատ հազվադեպ երևույթ է։ Կարճ ժամանակահատվածում ՍԹԵՄ-ը գրանցել է բացառիկ արդյունքներ․ միջազգային օլիմպիադաներում դպրոցի աշակերտներն ընդհանուր թվով նվաճել են 7 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե։
Արամ Խաչատրյանը նշեց նաև, որ այս տարվանից դպրոցն սկսելու է միջազգային հավատարմագրման բարդ ճանապարհ․ մեկնարկելու է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի հավատարմագրման գործընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի միջազգային կրթական աշխարհ, ինչը ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան դպրոցներում ճանաչելի լինելու գրավական է։
Նա շեշտեց նաև, որ ընդունելությունն անցնում է մրցութային բարդ կարգով, ինչի շնորհիվ ձևավորվում է բարձր պատրաստվածությամբ և մոտիվացված սերունդ՝ ապահովելով ընդհանուր կրթական դաշտի բարձր մակարդակ, որտեղ սովորողը ոչ միայն սովորում է, այլև սովորեցնում է իր դասընկերներին։

Դպրոցի հիմնական գործունեությունը ներկայացնելուց հետո ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը նախորդ ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած սովորողներին հանձնեց գովասանագրեր, ինչպես նաև ներհանրապետական օլիմպիադաների դիպլոմները և միջազգային օլիմպիադաների դիպլոմներն ու մեդալները։
Մեդալակիր աշակերտները ևս ողջունեցին ՍԹԵՄ դպրոցի նորեկներին՝ մաղթելով նրանց հետաքրքիր, գիտելիքառատ, նոր ընկերներով և արկածներով հագեցած ուսումնական տարի։
Այնուհետև 10-րդ դասարանի սովորողները ծանոթացան դպրոցին, մասնակցեցին ինտելեկտուալ խաղերի, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին համալսարանի ենթակառուցվածքներով՝ ծանոթանալով ԵՊՀ ընձեռած հնարավորություններին։
«Բոլոր սովորողներին մաղթում եմ հետաքրքիր առօրյա՝ հագեցած ակադեմիական գիտելիքներով և արտաուսումնական կյանքով։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր սովորող դպրոցից դուրս գալուց հետո մտածի, թե երբ է նորից վերադառնալու դպրոց։ Մենք ստեղծել ենք գրեթե բոլոր պայմանները, որ սովորողներն ունենան այդ հագեցած ու հետաքրքիր առօրյան»,- ընդգծեց Արամ Խաչատրյանը։
Նշենք, որ բացի ակադեմիական գիտելիքներ ստանալուց՝ ՍԹԵՄ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն նաև մասնակցելու արտաուսումնական մի շարք խմբակների և ծրագրերի։ Գործում է նաև արհեստական բանականության խմբակ, որի շրջանակում սովորողները կատարում են գիտական հետազոտություններ, իրականացնում հետազոտական նախագծեր, մասնակցում միջազգային օլիմպիադաների։
Բարի գալուստ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց։ Մաղթում ենք հետաքրքիր և բովանդակալից ուսումնական տարի։