
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի համահիմնադիր և ղեկավար Եղիշե Կիրակոսյանը նվիրյալ գիտնական և մանկավարժ է, որն ունի ամուր ակադեմիական հիմք միջազգային իրավունքի ոլորտում։ 2006 թվականին Երևանի պետական համալսարանում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո դասախոսում է ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում։ Երկարամյա դասախոսական գործունեությունը ԵՊՀ-ում, Հայաստանի առաջատար բուհերում, ինչպես նաև մագիստրոսական այս ծրագրի հեղինակումը վկայում են նրա մեծ նվիրումը իրավաբանական կրթության զարգացմանը։
Ակադեմիական գործունեության հետ մեկտեղ Եղիշե Կիրակոսյանն ակտիվ ներգրավված է միջազգային իրավաբանության ոլորտում։ Վերջին վեց տարիներին նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային հարթակներում, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, միջազգային արբիտրաժային դատարաններում և օտարերկրյա դատարաններում որպես Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։ Նա «Equity Law Partners» իրավաբանական ընկերության համահիմնադիրն ու կառավարող գործընկերն է, որի մասնագիտացումը ներառում է կորպորատիվ իրավունք, վեճերի կարգավորում և ռազմավարական
կառավարման խորհրդատվություն։
Եղիշե Կիրակոսյանը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Հաշտարարների և արբիտրների կազմի անդամ է։ 2016 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և լիցենզավորված փաստաբան:
Նա միացել է նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի խորհրդին։