- Главная
- Node
- ՀՀ-ԱՄԷ գործընկերային հարաբերությունների զարգացման ուղիները. ԵՊՀ հետազոտողի հոդվածը՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսում
Сентября 23, 2025 | 10:01
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Քաղաքականություն
ՀՀ-ԱՄԷ գործընկերային հարաբերությունների զարգացման ուղիները. ԵՊՀ հետազոտողի հոդվածը՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսում
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հետազոտական խմբի ղեկավար Մուշեղ Ղահրիյանի հեղինակած «Լայն գործընկերության ձևավորում․ Հայաստան–ԱՄԷ հարաբերությունների էվոլյուցիան» վերտառությամբ գիտական հոդվածը հրապարակվել է բարձր վարկանիշ ունեցող «Contemporary Review of the Middle East» («Միջին Արևելքի արդի ուսումնասիրություն») միջազգային հանդեսում:

ՀՀԻ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մուշեղ Ղահրիյանը, հետազոտության մեկնակետ ընտրելով Հայաստանի անկախության տարեթիվը՝ 1991 թվականը, ուսումնասիրել է մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածի իրադարձությունները: Նա իր հոդվածում ներկայացրել է, թե ինչ ոլորտներ են ընդգրկել Հայաստանի Հանրապետություն-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) հարաբերությունները, ինչ խնդիրներ են եղել, և ինչ հնարավորություններ կան:
«Արցախյան պատերազմի տարիներին մի շարք երկրներ հրաժարվում էին Հայաստանի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ զարգացնելուց: Այդ պատճառով Հայաստանի և ԱՄԷ-ի, ինչպես նաև արաբական մի շարք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների ձևավորումը տեղի ունեցավ 1994-1995 թվականներից հետո։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1998 թվականին, երբ զուգահեռ ակտիվանում էին նաև գործարար ու առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասաց Մուշեղ Ղահրիյանն ու նշեց, որ ՀՀ-ԱՄԷ հարաբերություններում տնտեսական և քաղաքական ոլորտները զարգացել են միմյանց զուգահեռ:

«Երբ տնտեսական համագործակցությունը սկսեց խորանալ, անհրաժեշտություն առաջացավ նաև ընդլայնելու և թարմացնելու իրավապայմանագրային հիմքը, զարգացնելու քաղաքական հարաբերությունները: Իսկ երբ խորացվում էր քաղաքական սերտացումը, դա նպաստում էր տնտեսական հարաբերությունների զարգացմանը, և ընդլայնվում էին համագործակցության ոլորտները»,- ընդգծեց նա:
Ըստ երիտասարդ գիտնականի՝ Պարսից ծոցի արաբական երկրների և հարավկովկասյան պետությունների հարաբերությունները զարգացել են հետևողական, բայց բավական դանդաղ։
«Պատճառներից մեկն այն էր, որ, օրինակ, Հայաստանի և Պարսից ծոցի երկրների համար քաղաքատնտեսական փոխադարձ հարաբերությունների զարգացումը հրատապ չի եղել, քանի որ եղել են առավել առաջնահերթ ուղղություններ: Խնդիրներից մեկն էլ տնտեսությունների կառուցվածքի հարցն էր: Պարսից ծոցի արաբական երկրները հիմնականում նավթարդյունահանող երկրներ են, Հարավային Կովկասի երկրներում ևս գերակշռում էր հանքահումքային արդյունաբերությունը, նրանց արտահանման շուկաները տարբերվում էին: Հետևաբար, միմյանց համար ապրանքների լայն տեսականու առաջարկ չեն ունեցել»,- մեկնաբանեց Մուշեղ Ղահրիյանը:
Անդրադառնալով վերջին հինգ տարիների զարգացումներին՝ երիտասարդ գիտնականը շեշտեց, որ ԱՄԷ-ն աստիճանաբար դարձել է ՀՀ գլխավոր առևտրային գործընկերներից մեկը՝ տեղ զբաղեցնելով առաջատար հնգյակում: Այդ համագործակցության մեջ գլխավոր տեղ է զբաղեցնում մետաղների, թանկարժեք քարերի, սարքավորումների առևտուրը՝ արտահանումը և վերարտահանումը։
«Վերջին տարիներին ԱՄԷ-ն փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և թուլացնել նավթային եկամուտներից կախվածությունը: Դրանով պայմանավորված՝ քայլեր է ձեռնարկում՝ զարգացնելու վերականգնվող էներգետիկան, որը նաև պետության արտաքին նկարագրի (իմիջի) ձևավորման կարևոր բաղադրիչ է. ԱՄԷ-ն վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ է կատարում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում: ԱՄԷ-ն աշխարհում իրեն ներկայացնում է որպես կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի զարգացման առաջամարտիկ»,- մատնանշեց Մուշեղ Ղահրիյանը:

Նա այս համատեքստում նշեց, որ ԱՄԷ-ն 2024 թվականին ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ։
«Երկուսն էլ այս ոլորտներում համագործակցում են և դիրքավորվում որպես կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող, վերականգնվող էներգիայի զարգացմանը նպաստող երկրներ: 2024 թվականին ուժի մեջ է մտել նաև «Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը»՝ կնքված ԱՄԷ-ի ու Վրաստանի միջև»,- ասաց Մուշեղ Ղահրիյանն ու հավելեց, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ևս կարող է ռազմավարական գործընկերություն զարգանալ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում, որոնք ԱՄԷ-ի հետաքրքրությունների շրջանակում են:
«ԱՄԷ-ն նաև տարածաշրջանային և՛ ծովային, և՛ օդային հաղորդակցությունների կարևոր հանգույց է, որը կապում է Ասիայի արևելքը, Հյուսիսային ու Հարավային Ամերիկան այլ տարածաշրջանների երկրների հետ: Տարածաշրջանում ԱՄԷ ավիաընկերությունները ուղևորահոսքի տեսանկյունից մրցակցում են Դոհայի և Ստամբուլի հետ: ԱՄԷ ավիաընկերություններն ակտիվորեն ներգրավված են նաև Հարավային Կովկասի երկրների հետ օդային հաղորդակցության իրականացման մեջ»,- նշեց Մուշեղ Ղահրիյանը:
Գիտաշխատողն իր հոդվածում կատարել է այն եզրահանգումը, որ թեպետ ՀՀ-ն և ԱՄԷ-ն մի շարք ոլորտներում հետևողականորեն ընդլայնել են գործընկերային հարաբերությունները, սակայն դեռևս չի հաջողվել բավարար չափով ամրապնդել գործակցությունը երկու երկրների միջև: Այդուհանդերձ, երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու բավական մեծ ներուժ կա, որը հնարավոր է իրացնել։