- Главная
- Node
- Նեյտրոնային աստղերից մինչև գրավիտացիոն ալիքներ․ ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային քառօրյա գիտաժողովը
Сентября 23, 2025 | 14:06
Գործընկերներ
Կոնֆերանսներ
Նեյտրոնային աստղերից մինչև գրավիտացիոն ալիքներ․ ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային քառօրյա գիտաժողովը
«Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2025» միջազգային քառօրյա գիտաժողովը ԵՊՀ-ում է համախմբել շուրջ վեց տասնյակ գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից և այլ երկրներից։ Գիտական այս միջոցառումը նպատակ ունի բարձրաձայնելու գերխիտ աստղերի ֆիզիկայի, գրավիտացիայի և տիեզերագիտության բնագավառների արդի հիմնահարցերը։

«Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2025» միջազգային գիտաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի և Ֆրանկֆուրտի համալսարանի նախաձեռնությամբ։
Արդեն ութերորդ անգամ անցկացվող գիտաժողովին մասնակցում են աշխարհի հեղինակավոր գիտնականներ՝ քննարկելու նեյտրոնային, գերխիտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի ոլորտում առկա գիտական արդի հարցեր և առնչակից այլ թեմաներ։

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սահարյանը, խոսելով գիտաժողովի մասին, նշեց, որ այն լավ հնարավորություն է գիտնականների և երիտասարդ հետազոտողների համար՝ տեղեկանալու ոլորտի վերջին զարգացումների ու հետազոտությունների մասին։
«Վերջին տարիներին գերխիտ աստղերի ոլորտում կատարվել են կարևոր հայտնագործություններ, որոնք լրջորեն փոխում են գիտական պատկերացումները։ Մասնավորապես, գրանցվել են նեյտրոնային աստղեր՝ բավականին մեծ զանգվածով, որոնք տեսությամբ դժվար է ստանալ։ Այսօր գիտական հանրությունը հենց այդ խնդիրն է փորձում լուծել՝ արդյո՞ք պետք է վերանայել տեսությունները, որ դրանք համապատասխանեն դիտողական տվյալներին։ Այդուհետ կատարվել է գրավիտացիոն ալիքների գրանցում, որոնց գոյությունը դեռևս 1916 թվականին տեսականորեն կանխատեսել էր Ալբերտ Էյնշտեյնը»,- ասաց Արամ Սահարյանը՝ շեշտելով, որ կատարվել են նոր հայտնագործություններ, որոնք պահանջում են բացատրություններ։
Ըստ պրոֆեսորի՝ համալսարանը գերխիտ աստղերի ֆիզիկայի ոլորտի հիմնադիրներից է․ աստղագետներ, ակադեմիկոսներ Գուրգեն Սահակյանը և Վիկտոր Համբարձումյանն իրենց կարևորագույն հետազոտական աշխատանքները հենց այստեղ են կատարել, և իրենք էլ այսօր շարունակում են այդ գիտական ավանդույթները։
Խոսելով գիտաժողովի արդյունքների մասին՝ Արամ Սահարյանն ընդգծեց երիտասարդների մասնակցության կարևորությունը։
«Մասնակիցների թվում են նաև մագիստրատուրայի ուսանողներ, ինչը մեծացնում է նրանց մոտիվացիան և հնարավորություն է տալիս ավելի մոտ լինելու ոլորտի արդի հետազոտական ուղղություններին։ Այդ հարթակում նաև ձևավորվում են համագործակցություններ, մարդիկ ազատորեն քննարկում և վերլուծում են ոլորտին առնչվող տարբեր թեմաներ, ինչն իր հերթին կարող է վերաճել գիտական նոր հետազոտությունների և ուսումնասիրման թեմաների»,- հավելեց նա։

Գիտաժողովի համակազմակերպիչ, Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Արմեն Սեդրակյանը նշեց, որ գիտաժողովների այս շարքը սկսվել է 2008 թվականից։ Նա մասնակիցներին ներկայացրեց աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գործունեության մասին տեղեկություններ, ցուցադրեց լուսանկարներ՝ նշելով, որ այս գիտաժողովի շարքերից մեկն էլ նվիրված է եղել Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին։ Պրոֆեսորը մատնանշեց նաև, որ գիտաժողովին զեկուցվող հոդվածները հետագայում տպագրվելու են բարձր ազդեցության գործակից ունեցող «MDPI» միջազգային ամսագրերից մեկում։
Նախատեսվում է գիտաժողովի ընթացքում ներկայացնել ոլորտի նորագույն հետազոտական արդյունքները ինչպես տեսական, այնպես էլ դիտողական տվյալների տեսանկյունից։ Բացի դրանից՝ կներկայացվեն մասնագիտական զեկուցումներ, որոնց շրջանակում անդրադարձ կկատարվի նեյտրոնային և գերխիտ աստղերի ֆիզիկային, ռելատիվիստական գրավիտացիային, ձգողական ալիքների ուսումնասիրությանը, ինչպես նաև այլ տեսությունների։ Քառօրյա գիտաժողովի շրջանակում մասնակիցները նաև կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր։
ԵՊՀ-ում անցկացվող գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Ծայրահեղ նյութերի ինստիտուտը (EMMI), ինչպես նաև «MDPI»-ի «Symmetry» և «Particles» ամսագրերը։
Նշենք նաև, որ 2023 թվականին կազմակերպված գիտաժողովը նվիրված էր տեսաբան ֆիզիկոս, աստղագետ, գիտության ականավոր գործիչ, ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի 110-ամյակին: