- Главная
- Node
- «Կանանց հաջողությունը քաղաքական դաշտում կախված է նրանց կարողությունից՝ միաժամանակ համապատասխանելու թե՛ առաջնորդի, թե՛ կնոջ սոցիալական դերին». ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյան
Октября 17, 2025 | 10:11
Հասարակություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Քաղաքականություն
«Կանանց հաջողությունը քաղաքական դաշտում կախված է նրանց կարողությունից՝ միաժամանակ համապատասխանելու թե՛ առաջնորդի, թե՛ կնոջ սոցիալական դերին». ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյան
«Կանայք պետք է հաղթահարեն հասարակության մեջ ձևավորված գենդերային կարծրատիպերը՝ կապված առաջնորդության և ագրեսիվ վարքի ընկալման հետ»,- ընդգծում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը: Նա Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Կնյազյանի հետ հեղինակել է «Քաղաքական դիսկուրսը և գենդերի դերը քաղաքականության մեջ» վերտառությամբ հոդվածը, որը հրապարակվել է Ավստրիայում լույս տեսնող «European Journal of Humanities and Social Sciences» հանդեսում:

Հասմիկ Շափաղաթյանի ուսումնասիրության տիրույթում էր կին և տղամարդ քաղաքական գործիչների ելույթներում և հեռուստաբանավեճերում առկա ագրեսիվ վարքի, ատելության խոսքի, կարծրատիպային պատկերացումների, լեզվական դրսևորումների առանձնահատկությունների և հաղորդակցական ռազմավարությունների ու մարտավարությունների գենդերային տարբերությունների բացահայտումը։
Ըստ Հասմիկ Շափաղաթյանի՝ ժամանակակից լեզվաբանության մեջ մեծ ուշադրության է արժանանում գենդերային տարբերությունների ուսումնասիրությունը: Նա շեշտում է, որ ներկայիս հասարակությունն ամենուր բախվում է խոսքային ագրեսիայի և ատելության խոսքի դրսևորումների հետևանքով ծագող խնդիրների: Իսկ ագրեսիայի ապակառուցողական դրսևորումը համարվում է մարդու վարքագծի, թերևս, ամենադժվար վերահսկվող կողմը:
- Տիկի՛ն Շափաղաթյան, Ձեր հոդվածում ո՞ր հանգամանքներով եք պայմանավորել կանանց ներգրավվածության անհրաժեշտությունը քաղաքական դաշտում:
- Հոդվածում շեշտադրվում է, որ կանայք պետք է հաղթահարեն հասարակության մեջ ձևավորված գենդերային կարծրատիպերը՝ կապված առաջնորդության և ագրեսիվ վարքի ընկալման հետ։ Կանայք առաջնորդ դառնալու համար ստիպված են ավելին ապացուցել, քանի որ քաղաքականություն մուտք գործելը պահանջում է հաղորդակցական լավ հմտություններ, իսկ հասարակության կողմից ընդունված «կանացի» վարքագիծը հաճախ հակասում է այդ պահանջներին։ Այսպիսով՝ կանանց ներգրավվածությունն անհրաժեշտ է հավասարության սկզբունքը պահպանելու, բազմազանության ապահովման և քաղաքական արդյունավետ հաղորդակցման զարգացման համար։
- Ըստ Ձեզ՝ պե՞տք է տարբերակել կին-տղամարդ հասկացությունները քաղաքական պաշտոններում, թե՞ փորձառությունն ու գիտելիքը պետք է լինեն կարևոր նախապայման:
- Սեռը չպետք է լինի առաջնորդի գնահատման միակ չափանիշը։ Փորձառությունն ու մասնագիտական կարողություններն ավելի էական են։ Սակայն փաստ է, որ ներկայում գենդերային կարծրատիպերը շարունակում են ազդել առաջնորդների ընկալման վրա։ Հետևաբար, չնայած, որ փորձառությունն ու գիտելիքը պետք է լինեն առաջնային, իրական քաղաքական դաշտում դեռևս նկատվում է գենդերային խտրականության ազդեցությունը։
- Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մի շարք քաղաքական բարձրագույն պաշտոններում նշանակվեցին կանայք։ Ի՞նչ մոտեցում է որդեգրել Հայաստանը, կանանց ներգրավմամբ սպասելի՞ են այնպիսի դրական փոփոխություններ, որոնք մինչ այս չեն կատարել նույն պաշտոնները զբաղեցրած տղամարդիկ:
- Հայաստանի որդեգրած մոտեցումը կարելի է գնահատել որպես պետական կառավարման համակարգում գենդերային հավասարության խթանմանն ուղղված ռազմավարություն։ Կանանց ընդգրկումը բարձր պաշտոններում վկայում է քաղաքական կամքի առկայության մասին՝ վերացնելու գենդերային անհավասարությունները։
Չնայած դրական սպասումներին՝ հոդվածի հիմնավորմամբ կարելի է եզրակացնել, որ փոփոխությունները չեն բխում միայն սեռից, այլ առավելապես կապված են անձի հմտությունների, արհեստավարժության և նոր մոտեցումների կիրառման հետ։ Կանանց ներգրավմամբ հնարավոր է քաղաքական հաղորդակցության նոր մշակույթի ձևավորում, սակայն արդյունքները կախված են նաև համակարգային գործոններից։
- Հոդվածում ո՞ր երկրի փորձն եք ներկայացրել, օրինակներով կներկայացնե՞ք:
- Հոդվածում վերլուծվել է ԱՄՆ-ի փորձը, մասնավորապես 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի միջև բանավեճերը։
Օրինակ՝
Թրամփն առաջին բանավեճի ընթացքում 51 անգամ ընդհատել է Քլինթոնին:
Քլինթոնն իր տեսակետները պաշտպանելու համար հաճախ օգտագործել է հեգնանք:
Թրամփի խոսքում առկա էր սարկազմ, ագրեսիվ հռետորաբանություն։
Այս օրինակները ցույց են տալիս քաղաքական բանավեճում գենդերային հաղորդակցական տարբեր ռազմավարությունների կիրառումը։
- Ձեր վերլուծությունների արդյունքում ի՞նչ եզրահանգում եք կատարել:
- Մեր եզրահանգումը հետևյալն է. տղամարդիկ և կանայք քաղաքական դաշտում դրսևորվում են հաղորդակցական տարբեր ձևերով՝ պայմանավորված հասարակական սպասումներով և գենդերային կարծրատիպերով։
Տղամարդիկ ավելի հաճախ կիրառում են բացահայտ ագրեսիվ մոտեցումներ՝ ընդհատումներ, հարձակողական խոսք։
Կանայք պատասխանում են ավելի զուսպ, սակայն սուր հեգնանքով և ռազմավարական խոսքով:
Գլխավոր եզրահանգումն այն է, որ գենդերային դերը շարունակում է ազդել քաղաքական հաղորդակցության ձևերի և ընկալման վրա: Կանանց հաջողությունը քաղաքական դաշտում մեծապես կախված է նրանց կարողությունից՝ միաժամանակ համապատասխանելու թե՛ առաջնորդի, թե՛ կնոջ սոցիալական դերին։