- Главная
- Node
- Գիտելիք, մրցույթներ, հաղթանակներ․ ԵՊՀ ուսանող Սոնա Սարգսյանը՝ մրցանակակիր
Января 14, 2026 | 12:12
Կրթություն
Ուսանողական
Գիտելիք, մրցույթներ, հաղթանակներ․ ԵՊՀ ուսանող Սոնա Սարգսյանը՝ մրցանակակիր
«Այս հաջողությունը ինձ ոգեշնչեց ավելի մեծ վստահությամբ շարունակելու մասնագիտական ճանապարհս»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սոնա Սարգսյանը։ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի («Լավագույն ուսանող») արդյունքներով Սոնան հաղթող է ճանաչվել բնագիտական ոլորտում՝ զբաղեցնելով առաջին տեղը։
«Մրցույթում գրանցած հաղթանակը կարևոր գնահատական էր իմ կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար։ Միևնույն ժամանակ, այն ձևավորեց պատասխանատվության զգացում՝ շարունակելու աշխատել նույն հետևողականությամբ»,– նշում է ԵՊՀ ուսանողը։
- Սոնա՛, ըստ Ձեզ՝ ի՞նչը օգնեց Ձեզ մրցույթում աչքի ընկնելու և մրցանակային տեղ գրավելու գործում։
- Ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ցանկացած գործի։ Ուսումնառության ընթացքում իմ ակադեմիական առաջադիմությունը միշտ բարձր է եղել, ինչը հետևողական և նպատակային աշխատանքիս արդյունքն է։ Բացի դրանից՝ կարևորում եմ նաև ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում և հասարակական նախաձեռնություններում, քանի որ համոզված եմ՝ լավ մասնագետ լինելու համար միայն տեսական գիտելիքը բավարար չէ։
Գիտական հոդվածների շուրջ աշխատանքը և մասնակցությունը տարբեր գիտաժողովների հնարավորություն են տալիս ինձ զարգանալու նաև որպես հետազոտող, ձևավորելու գիտական մտածողություն, սովորելու հստակ ներկայացնել սեփական մտքերը և աշխատելու մասնագիտական միջավայրում։ Այս ամենը միասին ձևավորել է այն ուղին, որը, կարծում եմ, նպաստել է մրցույթում հաջողելուն։
- Մասնագիտական մրցույթների և նախագծերի նախապատրաստվելիս հատկապես ի՞նչն է կարևոր Ձեզ համար։
- Առավել հետևողական եմ լինում թեմայի խոր ընկալման, նյութի գիտականության և տրամաբանական ներկայացման հարցում։
- Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ներշնչում առաջ շարժվել և հաղթահարել դժվարությունները։
- Ինձ մշտապես ոգեշնչում են իրենց գործին անմնացորդ նվիրված մարդիկ։ Ապրելու և առաջ շարժվելու մեծ շարժառիթ է նաև մայրիկիս օրինակն ու նրա աջակցությունը․ նրա հավատը և ոգևորությունը միշտ օգնել են հաղթահարելու դժվարությունները և հասնելու նպատակներիս։ Բացի դրանից՝ ինձ համար շատ կարևոր է գիտելիքի արժեքի գիտակցումը, նաև այն, որ կատարված այս կամ այն աշխատանքը կարող է օգտակար լինել ուրիշների համար։
– Հաջողության հասնելու գործում առանցքային դերակատարում ունի կրթությունը։ Կպատմե՞ք Ձեր ուսումնական ճանապարհի մասին՝ անդրադառնալով ուսանողական տարիներին գրանցած հաջողություններին, կրթության մեջ Ձեզ համար կարևոր շեշտադրումներին։
- Ուսումնառության ընթացքում միշտ փորձել եմ հնարավորինս ակտիվ և ներգրավված լինել տարբեր նախաձեռնություններում՝ կարևորելով ինչպես ակադեմիական առաջադիմությունը, այնպես էլ ստացած տեսական գիտելիքը գործնականում կիրառելու հմտությունը։
Մեծ փորձ և կարևոր փուլ է եղել «Էրազմուս+» փոխանակման ծրագրին մասնակցելը, որի շրջանակում չորս ամիս անցկացրել եմ Սաարլանդի համալսարանում (Գերմանիա)՝ աշխատելով հետազոտական ծրագրի շուրջ։ Այդ ընթացքում աշխատել եմ և՛ օրգանական սինթեզի, և՛ մանրէաբանական լաբորատորիաներում, ինչը ինձ հնարավորություն է տվել ձեռք բերելու գործնական լաբորատոր փորձ և առավել խորությամբ ըմբռնելու գիտական աշխատանքի իրական ընթացքը։
- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ֆակուլտետի ընտրությունը։
- Ընտրել եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, քանի որ ինձ միշտ հետաքրքրել է կենդանի համակարգերի ուսումնասիրությունը և այն, թե ինչպես կարող է գիտությունը կիրառվել իրական խնդիրների լուծման համար։ Հենց այդ հետաքրքրությունն է, որ այսօր էլ ուղղորդում է ինձ ուսումնական և մասնագիտական զարգացման ճանապարհին։
Համալսարանական կրթությունը կարևոր աստիճան է ապագա մասնագետի ձևավորման համար, քանի որ այն տալիս է հիմնարար գիտելիք և մասնագիտական մտածողություն։ Այնուամենայնիվ, ես կարևորում եմ նաև ինքնակրթությունը՝ մշտապես նոր գիտելիք ձեռք բերելու, զարգանալու և փոփոխվող գիտական միջավայրին համընթաց քայլելու համար։
- Սոնա՛, գիտական հետազոտություն կատարելիս ի՞նչ մեթոդներ կամ մոտեցումներ եք առավել հաճախ կիրառում։
- Մեր հետազոտական խումբը, որը գործում է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում, ուսումնասիրում է Հայաստանում տարածված դեղաբույսերի էքստրակտների ազդեցությունը հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունեցող տարբեր մանրէների վրա: Ես մասնակցում եմ այս աշխատանքին՝ սկսած երրորդ կուրսից։ Հետազոտությունն ուղղված է պարզելու, թե բնական միջոցները որքան արդյունավետ կարող են լինել այդպիսի կայունությամբ մանրէների դեմ։ Հատկապես հետաքրքիր է սիներգիզմի երևույթը, երբ բուսական էքստրակտն ու հակաբիոտիկը միասին ավելի ուժեղ ազդեցություն են ունենում, քան առանձին: Այս հարցը շատ արդիական է, քանի որ հակաբիոտիկների հանդեպ կայունությամբ բակտերիաների աճը այսօր դարձել է առողջապահական լուրջ խնդիր և պահանջում է նոր լուծումներ:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, որոնք ուզում են հաջողություններ գրանցել Ձեր մասնագիտական ոլորտում։
- Առաջին հերթին՝ լինել հետաքրքրված և համբերատար․ գիտությունը արագ արդյունքներ չի խոստանում։ Կարևոր է չվախենալ դժվար թեմաներից, սովորել սխալներից և մշտապես աշխատել ինքնակրթության վրա։
Սոնան չորրորդ կուրսը դեռ չի ավարտել, բայց արդեն ունի հստակ նպատակ՝ շարունակել իր մասնագիտական ճանապարհը։ Նա պլանավորում է մագիստրոսական կրթություն ստանալ ԵՊՀ-ում, իսկ հնարավորության դեպքում, ուսումնառությանը զուգահեռ, մասնակցել արտասահմանյան վերապատրաստման ծրագրերի՝ սովորելու նոր մեթոդներ և ձեռք բերելու միջազգային փորձ։
«Ինձ համար կարևոր է զարգանալ, սովորել նորը, համագործակցել հետազոտական թիմերի հետ և միաժամանակ ներդրում ունենալ գիտության և կրթության ոլորտում»,- ամփոփում է ԵՊՀ ուսանողը։