- Главная
- Node
- ԵՊՀ-ում պաշտոնապես բացվեց Տվյալների մշակման կենտրոնը․ ՀՀ վարչապետը ծանոթացավ գերհամակարգչի հնարավորություններին
Января 13, 2026 | 16:45
Ենթակառուցվածքներ
Հասարակություն
ԵՊՀ-ում պաշտոնապես բացվեց Տվյալների մշակման կենտրոնը․ ՀՀ վարչապետը ծանոթացավ գերհամակարգչի հնարավորություններին
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված նոր գերհամակարգչով համալրված Տվյալների մշակման կենտրոնի բացումը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այցի շրջանակում վարչապետը շրջեց համալսարանում՝ ծանոթանալով տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ծրագրերին, ԵՊՀ գիտահետազոտական և կրթական ներուժի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար, ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը այցելել էին Երևանի պետական համալսարան՝ մասնակցելու Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացմանը և ծանոթանալու գերհամակարգչի ընձեռած լայն հնարավորություններին։
Նորաբաց կենտրոնում հետազոտողները, օգտվելով գերհամակարգչի ընձեռած հնարավորություններից, կկատարեն տարատեսակ հաշվարկներ և գիտահետազոտական աշխատանքներ։ Հաշվարկային այս հզոր ենթակառուցվածքը նպաստելու է բարձրարտադրողական հաշվարկների և արհեստական բանականության ոլորտներում ազգային կարողությունների ձևավորմանը՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց գերհամակարգչի հնարավորություններով, դրա շահառուների շրջանակով և կիրառման հիմնական ուղղություններով։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ Տվյալների մշակման կենտրոնի բացումը նոր հնարավորություններ է ստեղծում համալսարանի գիտահետազոտական ներուժի զարգացման համար։ Նա շեշտեց, որ կենտրոնի հաշվարկային հզոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա կատարելու գիտական հետազոտություններ և համալիր հաշվարկներ՝ խթանելով ինչպես գիտական գործունեության, այնպես էլ կրթական գործընթացների արդիականացումը և նորարարական ծրագրերի իրականացումը, ինչը է՛լ ավելի կամրապնդի ԵՊՀ դիրքը որպես տարածաշրջանային գիտակրթական առաջատար կենտրոն։
ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանը խոսեց նոր գերհամակարգչի և արհեստական բանականության համակարգի մասին՝ անդրադառնալով սարքավորման հաշվարկային հզոր կարողություններին, հնարավորություններին, արհեստական բանականության էկոհամակարգին։ Նա մատնանշեց, որ գերհամակարգչի միջոցով նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության նոր մոդելներ, որոնք կկարողանան լուծել բարդ և նոր խնդիրներ՝ միաժամանակ նպաստելով ոլորտը զարգացնող գիտնականների և մասնագետների պատրաստմանը։
ԵՊՀ ռեկտորը մեծապես արժևորեց ՀՀ Կառավարության այս ներդրումը՝ շեշտելով, որ դրա շնորհիվ համալսարանի գիտահետազոտական աշխատանքները կարող են կրկնապատկվել։ Նա նշեց, որ անցած տարվա տվյալներով ԵՊՀ-ն հրապարակել է 711 գիտական հոդված, և այսօրինակ ներդրումները էականորեն կխթանեն գիտական արտադրողականության աճը՝ ընդլայնելով համալսարանի հետազոտական հնարավորությունները։
ՀՀ վարչապետը շրջայց կատարեց նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում, որտեղ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կատարվում են գրադարանի նախասրահի վերանորոգման աշխատանքներ․ հիմնանորոգվում են գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվում է լուսավորության համակարգը և տեղադրվում ապակեպատ տանիք՝ ստեղծելով նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այն լինելու է Հայաստանի լավագույն գրադարանային միջավայրերից մեկը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին օգտվելու արդիական և հարմարավետ կրթական պայմաններից։









