- Главная
- Node
- «Ուսանողները չեն ցանկանում, որ արհեստական բանականությունը ապագայում փոխարինի մարդ-դասախոսներին». ԵՊՀ դոցենտ Գայանե Թովմասյան
Января 23, 2026 | 15:15
Կրթություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
«Ուսանողները չեն ցանկանում, որ արհեստական բանականությունը ապագայում փոխարինի մարդ-դասախոսներին». ԵՊՀ դոցենտ Գայանե Թովմասյան
Ուսանողների 60%-ը հաճախ է ուսման ժամանակ կիրառում թվային տեխնոլոգիաները, իսկ 18.5%-ը՝ մշտապես: Այս եզրահանգմանն է եկել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի դոցենտ Գայանե Թովմասյանը՝ ՀՀ պետական չորս բուհերում կատարած իր հետազոտության արդյունքում: Նա շեշտում է, որ բարձրագույն կրթությունը պետք է օգտագործի արհեստական բանականության նոր գործիքները՝ պատրաստելով առավել որակյալ կրթություն ստացած մասնագետների, որոնք կկարողանան կառավարել թվային և արհեստական բանականության տեխնոլոգիաների ապագա զարգացումը։
Գայանե Թովմասյանի հեղինակած «Բարձրագույն կրթությունը Հայաստանում՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ. ուսանողների փորձը և տեսակետները» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է միազգային բարձր վարկանիշ ունեցող «Issues in Educational Research» հանդեսում:
- Ի՞նչ մեթոդով եք կատարել հետազոտությունը։ Երբվանի՞ց են բուհի ուսանողները կիրառում արհեստական բանականությունը (ԱԲ) և ո՞ր դեպքերում։
- Հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին արհեստական բանականությունը «ներխուժել է» մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, այդ թվում՝ կրթության ոլորտ, ուստի որոշեցի ուսումնասիրել, թե ինչ չափով են ուսանողները կիրառում արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները կրթության ոլորտում: Հետազոտությունը կատարել եմ ՀՀ չորս պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ հարցազրույցների միջոցով: Ստացված արդյունքները վկայում են, որ ուսանողների 65%-ը կարծում է՝ թվային տեխնոլոգիաների կիրառումը բարելավել է իրենց ակադեմիական գործունեությունը, իսկ ըստ 18.5%-ի՝ այդ բարելավումը շատ նշանակալից է, և միայն 16.5%-ն է կարծում, որ որևէ ազդեցություն չի եղել: Հետաքրքիր է նաև, որ ոչ ոք չի կարծում, թե իրենց ակադեմիական գործունեությունը վատացել է թվային տեխնոլոգիաների կիրառումից:
Ուսանողները սկսել են արհեստական բանականության գործիքները կիրառել վերջին մի քանի տարիներին՝ հիմնականում ChatGPT-ի տարածման արդյունքում: Ընդ որում՝ ուսանողների 83.5%-ը ChatGPT է օգտագործում հիմնականում հետևյալ դեպքերում՝ հետազոտությունների ժամանակ (տեղեկության որոնման, գրականության ակնարկի ձևավորման և այլ դեպքերում), գաղափարների գեներացման, ուսումնական բարդ առաջադրանքները հասկանալու, քերականական և խմբագրական սխալները ուղղելու համար: Ուսանողների 70%-ը ChatGPT-ն համարում է շատ օգտակար ակադեմիական գործունեության համար:
- Ձեր նշած տվյալներից կարո՞ղ ենք հետևություն անել, որ ուսանողները դրական են համարում ԱԲ-ի օգտագործման ընդլայնումը բարձրագույն կրթության ոլորտում:
- Ընդհանուր առմամբ, ուսանողների շուրջ 60%-ը դրական և շատ դրական է համարել, որ արհեստական բանականության դերը մեծանում է կրթության ոլորտում: Նրանց 70%-ի կարծիքով՝ արհեստական բանականության դերը բարձրագույն կրթության մեջ առաջիկա 5 տարիների ընթացքում շատ մեծ կլինի:
- ԱԲ-ի կիրառությունը կարող է մի կողմից՝ օգտակար լինել, օրինակ, թեմայի վերաբերյալ հավելյալ գիտելիք ձեռք բերելու տեսանկյունից, իսկ մյուս կողմից՝ խանգարել ուսանողին ջանքեր գործադրելու և զարգանալու գործում։ Ի՞նչ եզրահանգման եք եկել այս հարցի շուրջ:
- Այո՛, միանշանակ իրավացի եք: Հետազոտության ժամանակ բացահայտել եմ նաև արհեստական բանականության ընձեռած առավելությունները և հիմնական մարտահրավերները՝ ուսանողների տեսանկյունից:
Որպես առավելություններ նշվել են կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացումը, անհատական կարիքներին հարմարեցված անհատականացված ուսումնական փորձառությունները, ուսուցման բազմազան ոճերի կիրառումը, ավտոմատացման շնորհիվ ժամանակի խնայողությունը, ճկունությունը և այլն:
Կրթության մեջ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հիմնական մարտահրավերներ են նշվել տեխնիկական խնդիրները, տվյալների գաղտնիության և անվտանգության հետ կապված մտահոգությունները, դասախոսների և կուրսընկերների հետ անձնական շփման պակասը, արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ էթիկական մտահոգությունները, կախվածությունը արհեստական բանականության գործիքներից և այլն:
- Արհեստական բանականության շարունակական կիրառությունն անխուսափելի է ակադեմիական ոլորտում․ ի՞նչ դերակատարում ունի դասախոսը ուսանողների կողմից ԱԲ գործիքների ճիշտ՝ հօգուտ կրթության կիրառվելու գործում: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է կիրառվի ԱԲ-ն, որպեսզի օգուտ տա և՛ ուսանողին, և՛ դասախոսին:
- Ուշագրավն այն է, որ չնայած ուսանողները շատ են կիրառում արհեստական բանականությունը ուսման մեջ, սակայն նրանց շուրջ 90%-ը նշել է, որ չի ցանկանում, որ արհեստական բանականությունը ապագայում փոխարինի մարդ-դասախոսներին: Սա արդեն իսկ կարևոր է, քանի որ նրանք հասկանում են, որ դասախոսն ունի իր դերակատարումը, իսկ արհեստական բանականությունը պետք է կիրառվի այնպես, որ օգուտ տա և՛ ուսանողին, և՛ դասախոսին:
Կարևոր է հավասարակշռություն պահպանել արհեստական բանականության կողմից կառավարվող համակարգերի և մարդկային փոխազդեցության միջև։ Չնայած արհեստական բանականությունը կարող է ավտոմատացնել գործընթացները և առաջարկել անհատականացված ուսումնական փորձառություններ, սակայն դասախոսները կրթական գործընթացում կենտրոնական դեր ունեն որպես մենթորներ, որոնք կարող են նպաստել ուսանողների քննադատական մտածողության, վերլուծական և այլ հմտությունների զարգացմանը:
Ուսանողների կողմից եղել են նաև որոշ առաջարկներ, օրինակ, որ համալսարանները օգտագործեն արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտներ՝ 24/7 ռեժիմով՝ ակադեմիական և վարչական աջակցություն ցուցաբերելու համար և անխափան և արդյունավետ կերպով օգնելով ուսանողներին հաճախակի տրվող հարցերի դեպքում։
Որպես ամփոփում ասեմ, որ արհեստական բանականության կիրառումն այլընտրանք չունի, ամբողջ աշխարհը գնում է այդ ուղղությամբ, ուստի բուհերին մնում է միայն դրանք արդյունավետ կերպով ներառել ուսումնական գործընթացներում, ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, բարելավել ուսանողների և դասախոսների թվային հմտություններն ու կարողությունները և այլն:
Նշենք, որ Գայանե Թովմասյանը նույնատիպ հետազոտություն է կատարել նաև դասախոսների շրջանում՝ հասկանալու համար, թե նրանք ինչպես են գնահատում արհեստական բանականության դերը կրթական գործընթացներում: Այդ հետազոտության արդյունքները առաջիկայում կտպագրվեն նույն՝ «Issues in Educational Research» ամսագրում, որը հիմնադրվել է 1991 թ․ «Western Australian Institute for Educational Research»-ի կողմից: