Հարգելի՛ համալսարանականներ, սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, հարգարժա՛ն հյուրեր,
Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանի պետական համալսարանում՝ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա առթիվ։ Փետրվարի 11-ը ոչ միայն օրացուցային նշանակալի օր է, այլ կարևոր հիշեցում՝ գիտությունը լիարժեք է դառնում այն ժամանակ, երբ այն կառուցվում է բոլորի ներուժի, ձայնի և գաղափարների վրա՝ առանց որևէ խտրականության։
Այսօրվա միջոցառմամբ ԵՊՀ-ն մեկնարկում է «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագիրը, որը իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի կառավարությանը և բոլոր գործընկերներին՝ այս նախաձեռնությանն աջակցելու, ԵՊՀ-ի հետ համատեղ երկարաժամկետ և ազդեցիկ ծրագրեր կյանքի կոչելու համար։ Այս աջակցությունը մեզ համար ոչ միայն նյութական ներդրում է, այլ վստահության նշան և համատեղ արժեքների արտահայտություն՝ հավասար հնարավորություններ, ներառական կրթություն և գիտության զարգացման համընդհանուր պատասխանատվություն։
Երևանի պետական համալսարանում մենք հետևողականորեն ձևավորում ենք միջավայր, որտեղ գնահատվում են տաղանդը, հետաքրքրասիրությունն ու աշխատասիրությունը՝ անկախ սեռից։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր աղջիկ ուսանող, յուրաքանչյուր երիտասարդ հետազոտող զգա՝ գիտությունը «իր տեղն» է, իսկ համալսարանը՝ հուսալի հարթակ՝ աճելու, փորձարկելու, ստեղծելու և մրցունակ գիտական ճանապարհ կառուցելու համար։
Այս մոտեցումը համահունչ է նաև մեր երկրի պետական քաղաքականությանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հետևողական քայլեր է կատարում՝ խթանելով կանանց ներգրավվածությունն ու առաջնորդությունը կրթության և գիտության համակարգում։
Մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր, որը նպատակ ունի զարգացնելու կանանց առաջնորդական կարողությունները, ամրապնդելու կառավարման հմտությունները և ընդլայնելու առաջխաղացման հնարավորությունները՝ ստեղծելով ավելի ներառական և հավասարակշռված կառավարման մշակույթ։
Սակայն պետք է ազնիվ լինենք․ դեռ կան ոլորտներ, որտեղ կանանց ներգրավվածությունը փոքր է, և կան անտեսանելի խոչընդոտներ՝ կաղապարներ, մասնագիտական ինքնավստահության պակաս, կարիերայի և ընտանեկան պարտավորությունների բախում, մենթորության ու աջակցության պակաս։
Դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ՝ կրթական ծրագրերից մինչև ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային ընկալումների փոփոխություն։
Ահա թե ինչու այս ծրագիրն առանձնահատուկ կարևորություն ունի։ STEM ճամբարները դպրոցական աղջիկների համար, մարզային քննարկումները, ցուցահանդեսներն ու հրապարակումները, հետազոտությունները և նախատեսվող միջոցառումները մեկ նպատակ ունեն՝ ստեղծել նոր հնարավորությունների ճանապարհ հատկապես նրանց համար, ովքեր այսօր դեռ միայն մտածում են՝ «իսկ ես կարո՞ղ եմ գիտությամբ զբաղվել»։ Այո՛, կարող եք։ Եվ ԵՊՀ-ն պատրաստ է ձեզ աջակցելու գիտելիքով, միջավայրով, մենթորությամբ և հնարավորություններով։
Սիրելի՛ ներկաներ, այսօր մենք ոչ միայն նշում ենք մի օր, այլ ազդարարում ենք կարևոր ընթացք՝ գիտության մեջ զրո խտրականություն, հավասար հնարավորություններ և կանանց գիտական կարիերայի խթանում։ Համոզված եմ՝ այս նախաձեռնությունը կտա իրական արդյունքներ՝ նոր հետաքրքրություններ, նոր ընտրություններ և նոր հաջողություններ։
Շնորհակալություն, որ այստեղ եք։ Մեկ անգամ ևս շնորհակալություն մեր գործընկերներին և հատկապես Գերմանիայի կառավարությանը՝ այս կարևոր ծրագրին աջակցելու համար։ Թող այս օրը դառնա նոր գաղափարների, նոր համագործակցությունների և նոր հաղթանակների մեկնարկ՝ հանուն ավելի ուժեղ գիտության և ավելի զարգացած հասարակության։
Շնորհակալություն։