Общая информация
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգով սահմանվում է ԵՊՀ աշխատակիցների կողմից արտերկրում գիտական կամ կրթական միջոցառումներին (գիտաժողովներ, սիմպոզիումներ, ամառային դպրոցներ, սեմինարներ, դասընթացներ) մասնակցության համար տրամադրվող ճանապարհորդական դրամաշնորհների ֆինանսավորման կարգը:
1.2. Ֆինանսական աջակցություն տրամադրվում է գիտական միջոցառումներին բանավոր (oral) ու պաստառային (poster) զեկուցմամբ հանդես գալու համար՝ ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը, մուտքի արտոնագրի, ճամփորդական ապահովագրության ու մասնակցության վճարները հոգալու նպատակով:
1.3. Հայտատուն ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմում է ԵՊՀ ղեկավար մարմին՝ e-request.ysu.am հարթակի միջոցով:
1.4. Ճանապարհորդական դրամաշնորհները համակարգող հանձնաժողովը դիտարկում է մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներկայացրած հայտերը: Այդ ժամկետից հետո ստացված հայտերը քննարկվում են հաջորդ ամիս:
1.5. Տրամադրվող աջակցության գումարի առավելագույն չափն է 500.000 ՀՀ դրամ:
1.6. Դրամաշնորհի շրջանակում կատարվող աշխատանքներում (բանավոր ու պաստառային զեկույց, հրապարակումներ և այլն) անհրաժեշտ է նշել ԵՊՀ աշխատակից կամ ասպիրանտ լինելու մասին: Համապատասխան նշման բացակայության դեպքում արդյունքը չի դիտարկվելու որպես գործուղման արդյունք։
2. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1. Ճանապարհորդական դրամաշնորհներին կարող են դիմել ԵՊՀ հիմնական աշխատակիցները և ասպիրանտները, որոնք իրենց գիտական աշխատանքներում ԵՊՀ-ն նշում է որպես աշխատավայր:
3. ՀԱՅՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
3.1. Դրամաշնորհի հայտերի փորձաքննություն կազմակերպում է ԵՊՀ ճանապարհորդական դրամաշնորհները համակարգող հանձնաժողովը։
3.2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտորը (հանձնաժողովի համանախագահ), ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտորը (հանձնաժողովի համանախագահ), միջազգային համագործակցության վարչության պետը, գիտական քաղաքականության վարչության պետը, ԵՊՀ ռեկտորի խորհրդականը, ԵՊՀ գիտակազմակերպչական խորհրդի երկու անդամ և ԵՊՀ մեթոդական խորհրդի երկու անդամ՝ ռոտացիոն սկզբունքով:
3.3. Հանձնաժողովը կազմակերպում է դրամաշնորհի հայտերի քննարկում, որին հրավիրվում է նաև հայտատու աշխատակիցը և ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ֆինանսավորման երաշխավորված գործուղումների ցանկը:
3.4. Գնահատումը կատարվում է ըստ թեկնածուի ներկայացրած թեմային առաջարկվող միջոցառման կամ հետազոտական ճանապարհորդության ակադեմիական համապատասխանության, ըստ նրա գիտահետազոտական գործունեության ակտիվության (հոդվածներ, մենագրություններ, գիտաժողովների, դրամաշնորհների մասնակցություն և այլն), առաջարկի որակի, գիտաժողովի/սեմինարի միջազգային նշանակության:
4. ԴԻՄՈՒՄԻ ԿԱՐԳԸ
4.1. Հայտերը կարող են ընդունվել առցանց եղանակով ամբողջ տարվա ընթացքում ոչ շուտ, քան ութ ամիս, և ոչ ուշ, քան երկու ամիս՝ մինչև առաջիկա միջոցառումը։
4.2. Եթե դիմորդը չի կարող մասնակցել համաժողովին/սեմինարին/գիտաժողովին որևէ պատճառով (ներառյալ՝ մուտքի արտոնագրի չտրամադրելը), տրամադրված միջոցները պետք է վերադարձվեն ԵՊՀ-ին:
4.3. Հայտատուն կարող է ֆինանսական աջակցություն ստանալ նոր միջոցառմանը մասնակցելու համար մեկ տարի անց՝ նախորդ դրամաշնորհի շրջանակներում գործուղման մեկնելու օրվանից հետո:
5. ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Մրցութային փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
5.1. հայտ՝ «pdf» ձևաչափով (ստորագրված),
5.2. նախահաշիվ՝ «pdf» ձևաչափով (ստորագրված),
5.3. հրավեր դասընթացի մասնակցության կամ գիտաժողովի՝ բանավոր կամ պաստառային (poster) զեկուցմամբ հանդես գալու նշմամբ,
5.4. ինքնակենսագրություն (cv), ներառյալ հրապարակումների ցանկը (եթե այդպիսիք կան) և այլ գիտաժողովների, դրամաշնորհների մասնակցության տվյալներ (եթե այդպիսիք կան),
5.5. գիտաժողովի մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում զեկուցման վերնագիրն ու ամփոփագիրը,
5.6. հայտի ընդունման կամ հրավերի նամակ (Acceptance Letter, Invitation Letter) գիտաժողովի/սեմինարի կազմակերպիչների/ընդունող համալսարանի/կազմակերպության կողմից,
5.7. աջակցության նամակ հետազոտողի ղեկավարի կամ գիտական ղեկավարի կողմից (եթե այդպիսիք կան),
5.8. օդանավի կամ տրանսպորտային այլ միջոցի տոմսի արժեքը/ուղեվարձը հավաստող որևէ փաստաթուղթ (առցանց ամրագրում (on-line) կամ այլ տեղեկանք),
5.9. ծախսերը հիմնավորող այլ անհրաժեշտ փաստաթղթեր։