- Главная
- Node
- ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների գիտական փորձառությունը Բրյուսելում
Июля 29, 2026 | 11:03
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների գիտական փորձառությունը Բրյուսելում
Հինգ ամիս աշխատանք եվրոպական գիտական լաբորատորիայում, սեփական հետազոտության կատարում և համագործակցություն արտերկրի հեղինակավոր մասնագետների հետ. այսպիսի փորձառությամբ են ԵՊՀ վերադարձել Ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ ուսանողներ, որոնք «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանել են Բրյուսելի ազատ համալսարանում:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողներ Տաթևիկ Բրսոյանը, Լևոն Դավթյանը և Էդուարդ Կարապետյանը հինգ ամիս աշխատել են համալսարանի B-PHOT («Brussels Photonics») լաբորատորիայի տարբեր հետազոտական խմբերում։ Նրանցից յուրաքանչյուրն ընդգրկված է եղել առանձին գիտական նախագծում (տարբեր ղեկավարների հետ), իսկ ծրագրի ավարտին համալսարանի հանձնաժողովին է ներկայացրել իր աշխատանքի արդյունքները։
Ծրագրի ընտրությունը պայմանավորված էր դեռևս ԵՊՀ-ում ձևավորված մասնագիտական կապերով
Լինելով «YSU SPIE & OPTICA Student Chapter» ուսանողական կազմակերպության ակտիվ անդամներ՝ նրանք մասնակցել են միջազգային գիտաժողովների և աշխատաժողովների, որտեղ ծանոթացել էին B-PHOT լաբորատորիայի գործունեությանը։
«Մենք արդեն պատկերացում ունեինք, թե ինչ հետազոտական խմբեր կան այնտեղ և ինչ թեմաներով են աշխատում։ Այդ պատճառով «Էրազմուս+» ծրագրի համար հենց այս համալսարանն ընտրեցինք»,- նշում են ուսանողները։
Երեք տարբեր հետազոտություն
Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր ուսանող աշխատել է առանձին գիտական ուղղությամբ։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Բրսոյանն ուսումնասիրել է հեղուկ բյուրեղային ալիքատարների նախագծումն ու պատրաստումը՝ կիրառելով ֆեմտովայրկյանային լազերային մշակման տեխնոլոգիաներ։
Նույն կուրսի ուսանող Լևոն Դավթյանը զբաղվել է Ռաման սպեկտրոսկոպիայի համար նախատեսված SERS թիթեղների պատրաստմամբ՝ կիրառելով լազերային մակերևութային կառուցվածքների ձևավորման (LIPSS) տեխնոլոգիան։
Տեսական ֆիզիկայի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Էդուարդ Կարապետյանի հետազոտությունը վերաբերել է ֆոտոնային ինտեգրալ չիպերում բազմամոդ կիսահաղորդչային լազերների դինամիկային և դրանց հնարավոր կիրառությանը նեյրոմորֆիկ հաշվարկներում ու արհեստական բանականության համակարգերում։
Համագործակցության հեռանկարներ
Հետազոտությունների ընթացքում ուսանողները գիտական ղեկավարների հետ պարբերաբար քննարկել են աշխատանքների ընթացքը, իսկ ծրագրի ավարտին ներկայացրել վերջնարդյունքները։
«Փորձարկել ենք տարբեր մեթոդներ, կատարել լրացուցիչ փորձեր, և արդյունքներն այնքան հաջող էին, որ արդեն պայմանավորվածություն ունենք շարունակելու համագործակցությունը նաև ծրագրի ավարտից հետո»,- ասում է Տաթևիկ Բրսոյանը։
Լևոն Դավթյանի խոսքով՝ հետագա քննարկումներն արդեն վերաբերում են Բրյուսելում ձեռք բերված փորձը ԵՊՀ-ում կատարվող հետազոտությունների հետ համադրելու հնարավորություններին։
«Մեր աշխատանքներից գոհ էին, և մեզ համար կարևոր էր, որ համագործակցությունը չավարտվեց ծրագրի վերջին օրը։ Արդեն քննարկում ենք հաջորդ քայլերը»,- նշում է նա։
Փորձ, որը շարունակություն կունենա նաև ԵՊՀ-ում
Ուսանողները նշում են, որ Բրյուսելի ազատ համալսարանի լաբորատորիաները տեխնիկական առումով լայն հնարավորություններ էին տալիս փորձարարական հետազոտությունների համար։ Միաժամանակ նրանք ընդգծում են, որ ԵՊՀ-ում նույնպես աստիճանաբար զարգանում է գիտական համապատասխան ենթակառուցվածքը։
Ծրագրից հետո յուրաքանչյուրն արդեն ունի իր հաջորդ քայլերը:
Տաթևիկ Բրսոյանը հետազոտությունները շարունակելու է ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում։
Լևոն Դավթյանը նախատեսում է Բրյուսելում ձեռք բերած փորձը կիրառել ԵՊՀ-ում կատարվող հետազոտություններում։
Իսկ Էդուարդ Կարապետյանը համագործակցությունը կշարունակի նաև Բրյուսելի գործընկերների հետ՝ տեսական մոդելավորման և սիմուլյացիաների ուղղությամբ։
«Այս փորձառությունն ինձ օգնեց ավելի հստակ հասկանալու, թե հետագայում գիտության որ ուղղությամբ եմ ուզում զարգացնել հետազոտական աշխատանքս։ Կցանկանայի, որ հետազոտական նմանօրինակ նախագծերն է՛լ ավելի ընդլայնվեին ԵՊՀ-ում»,- ասում է նա:

