- Главная
- Node
- Գաղափարից՝ իրագործելի նախագիծ․ ԵՊՀ ուսանողները պատրաստվում են «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին
Августа 12, 2026 | 15:00
Կրթություն
Ուսանողական
Գաղափարից՝ իրագործելի նախագիծ․ ԵՊՀ ուսանողները պատրաստվում են «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին
Այս տարի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի կարևոր բաղադրիչներից է «ԲանՈՒԳործ․ ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագիրը, որի շրջանակում կներկայացվեն ԵՊՀ ուսանողների մշակած միջգիտակարգային նորարարական նախագծերը։ Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ուսանողական թիմերը ծանոթացել են առաջիկա աշխատանքային փուլերին ու իրենց գաղափարները զարգացնելու և ամբողջական ծրագրերի վերածելու գործընթացին։
«ԲանՈՒԳործ․ ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագրի շրջանակում այսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ուսանողական թիմերը ներկայացրել են իրենց նախագծերի նախնական հետազոտական արդյունքները, քննարկել առաջիկա անելիքները։ ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Հովհաննիսյանը ուսանողական թիմերի հետ քննարկել են նախագծերի մշակման հաջորդ փուլերը։
«Մենք շատ ենք սիրում արշավներ և արշավների ընթացքում հաճախ ենք առնչվել աղբահանության խնդրին։ Ուստի մտածեցինք՝ ինչո՞ւ չմիավորել ժամանցն ու օգտակար գործը՝ արշավների ընթացքում զբաղվելով աղբահանությամբ»,- ասում են ԵՊՀ ուսանողական խմբի անդամները․ գաղափարը է ծնվել հենց այդ փորձից։ «Արշավանքների ակումբ» թիմի անդամներից Ալիսա Խոջայանը և Հայկ Քոչարյանը նշում են, որ ցանկանում են արշավները դարձնել ոչ միայն բնությունը բացահայտելու և ակտիվ հանգիստ անցկացնելու, այլև շրջակա միջավայրին օգտակար լինելու հնարավորություն։
Նախաձեռնության գաղափարն այն է, որ կազմակերպվող արշավների ընթացքում մասնակիցները հավաքեն տվյալ վայրում հայտնաբերված աղբը՝ նպաստելով տարածքի մաքրության պահպանմանը։ Թիմը դիտարկում է նաև ավելի երկարաժամկետ լուծումներ՝ որոշ տարածքների բարեկարգում, անվտանգության խնդիրների լուծում և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մշակույթի տարածում։
Թիմի անդամները դեռևս աշխատում են նախաձեռնության վերջնական ձևաչափի շուրջ։ Քննարկվում են մի քանի տարբերակներ՝ արշավներ կազմակերպել ուսանողների կամ դպրոցականների համար, տարբեր մարզերից մասնակիցներ ներգրավել և արշավների միջոցով նրանց ծանոթացնել Հայաստանի տարբեր վայրերին՝ միաժամանակ կազմակերպելով տարածքի մաքրման աշխատանքներ։
Ուսանողներն արդեն ունեն նման աշխատանքի փորձ․ նրանք փորձնական արշավ են անցկացրել, որին մասնակցել է շուրջ 50 մարդ։ Արշավի ընթացքում մասնակիցները նաև հավաքել են տարածքում առկա աղբը, և նախաձեռնողները կարողացել են իրականացնել նախապես պատկերացրած ծրագիրը։
Եթե «Արշավանքների ակումբ» թիմը ցանկանում է բնության մեջ անցկացվող արշավը համատեղել օգտակար աշխատանքի հետ, ապա «ՈւսաԼի» թիմի գաղափարը կենտրոնացած է համալսարանական կյանքում ուսանողների ակտիվ ներգրավվածությունը խթանելու վրա։
Նախագիծը նպատակ ունի ակտիվացնելու ուսանողների մասնակցությունը համալսարանական կյանքին՝ գնահատելով նրանց ներգրավվածությունը միավորների և խրախուսանքների միջոցով։
«Մեր հիմնական գաղափարն այն է, որ ուսանողների շրջանում ձևավորվի քաղաքացիական մտածելակերպ, որպեսզի նրանք հետաքրքրված լինեն իրենց մասնակցությամբ և ներգրավվածությամբ համալսարանի զարգացման գործում, զգան, որ համալսարանական համայնքի մաս են, և իրենց ակտիվությունը կարևոր է»,- նշում է թիմի անդամ Նանե Ադամյանը։
Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ ուսանողները հատուկ հավելվածում կգրանցեն իրենց մասնակցությունը համալսարանական տարբեր նախաձեռնությունների և ակտիվության համար կստանան միավորներ։ Հավաքված միավորները հետագայում հնարավոր կլինի փոխանակել տարբեր հնարավորությունների կամ խրախուսանքների հետ։ Թիմի անդամներից Գոհար Կարապետյանը նշում է, որ, օրինակ, որոշ քանակի միավորներ հավաքելու դեպքում ուսանողը կարող է հնարավորություն ստանալ օգտվելու ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի ծառայություններից կամ ստանալու այլ խրախուսանքներ։
Թիմը ներկայում ուսումնասիրում է միջազգային փորձը՝ հասկանալու, թե տարբեր համալսարաններում խրախուսման և պարգևատրման ինչ մեխանիզմներ են գործում, ինչպես կարելի է դրանք կիրառել ԵՊՀ-ում և ինչ հնարավոր ռիսկեր պետք է հաշվի առնել։
«ՈւսաԼի» խմբի անդամների պատկերացմամբ՝ նախաձեռնությունը պետք է գործի հենց համալսարանական համակարգում և ժամանակի ընթացքում դառնա ԵՊՀ ուսանողական կյանքի բաղկացուցիչ մասը։
Նշենք, որ բոլոր թիմերի գաղափարները ձևավորվել են «ԲանՈՒԳործ» ամառային դպրոց-աշխատարանի ընթացքում, որտեղ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներից կազմված թիմերը մի քանի օր աշխատել են իրենց գաղափարների շուրջ՝ փորձելով դրանք վերածել իրագործելի նախագծերի։ Թեմաների շրջանակը բազմազան է՝ բնության պահպանությունից և աղբահանությունից մինչև կրթական, սոցիալական, մշակութային ու տեխնոլոգիական խնդիրներ։ Ամառային դպրոց-աշխատարանի ընթացքում ձևավորված գաղափարներն այժմ անցնում են զարգացման հաջորդ փուլ՝ ստանալով առավել հստակ ծրագրային ձևաչափ։
Ուսանողների հետ աշխատանքային հանդիպումները լինելու են շարունակական․ առաջիկայում նրանք կշարունակեն կատարելագործել նախագծերը՝ ստանալով մասնագիտական աջակցություն։ Արդյունքում վերջնական մշակված նախագծերը ուսանողական թիմերը կներկայացնեն «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի ընթացքում, որտեղ «ԲանՈՒԳործ»-ի գործընկերները հնարավորություն կունենան ծանոթանալու նախաձեռնություններին և աջակցելու դրանց իրականացմանը՝ ֆինանսավորելով ընտրված նախագծերը։


