- Главная
- Главная страница
- Հայաստանը՝ բացահայտումների երկիր գերմանացի ուսանողի համար
Октября 08, 2026 | 10:49
Կրթություն
Ուսանողական
Հայաստանը՝ բացահայտումների երկիր գերմանացի ուսանողի համար
Երբ գերմանացի ուսանող Մաքսիմիլիան Լազարիդիսը 2024 թվականին առաջին անգամ որպես զբոսաշրջիկ այցելեց Հայաստան, դեռ չէր պատկերացնում, որ մեկ տարի անց արդեն կլինի Երևանի պետական համալսարանի ուսանող։ Սակայն Հայաստանը նրան այնքան էր տպավորել, որ արտասահմանում սովորելու հնարավորության մասին մտածելիս ընտրությունը միանգամայն ակնհայտ էր։
«Երբ իմացա, որ համալսարանը, որտեղ սովորում եմ, փոխանակման ծրագրի շրջանակում համագործակցում է ԵՊՀ-ի հետ, այլևս կասկած չունեի․ ուզում էի գալ Հայաստան և այստեղ շարունակել ուսումս»,- պատմում է նա։
Մաքսիմիլիանը սովորել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում։ Նա ընտրել էր ինչպես լեզվաբանական դասընթացներ՝ հոգելեզվաբանությանը և գերմաներենի զարգացման միտումներին նվիրված, այնպես էլ պատմությանը վերաբերող առարկաներ՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով։
Թեև Հայաստան արդեն այցելել էր, ուսանողական կյանքը նրան հնարավորություն տվեց երկիրը բացահայտելու բոլորովին այլ տեսանկյունից։ Նրա համար ամենատպավորիչ բացահայտումներից մեկը Երևանի համայնապատկերն էր՝ Արարատ լեռան տեսարանով։
«Արարատը նախկինում տեսել էի, բայց երբ առաջին անգամ այն տեսա Երևանի համայնապատկերի հետ միաձույլ, բոլորովին այլ զգացողություն ունեցա»,- հիշում է նա։
ԵՊՀ առօրյայում նրան զարմացրել են նաև մի շարք մանրուքներ․ օրինակ՝ ֆակուլտետում արական սեռի ուսանողների փոքր թիվը։ Սակայն ուսումնական միջավայրի ամենամեծ տարբերությունը նա տեսել էր դասախոսների և ուսանողների հարաբերություններում։
«Գերմանիայում դասախոսների հետ շփումն ավելի պաշտոնական է. սովորաբար գրում ես նամակ և սպասում պատասխանի։ Այստեղ սովորական է ունենալ դասախոսների հեռախոսահամարները և շատ արագ կապ հաստատել նրանց հետ»,- նշում է նա։
Մաքսիմիլիանի խոսքով՝ տարբերվում են նաև գնահատման համակարգը, քննաշրջանների կազմակերպումը և գրավոր աշխատանքների հանձնման ձևը․ ԵՊՀ-ում դրանք հաճախ անհրաժեշտ է հանձնել տպագիր տարբերակով, մինչդեռ Գերմանիայում գրեթե ամեն ինչ կատարվում է առցանց։
Հայաստանում անցկացրած ամիսները փոխել են Մաքսիմիլիանի հայացքները ոչ միայն լեզվի, մշակույթի ու պատմության, այլև սեփական երկրի և մշակույթի նկատմամբ։
«Այստեղ ես հնարավորություն ունեցա տեսնելու, թե ինչ է նշանակում գերմաներեն ուսումնասիրել ոչ լեզվակիրների համար։ Դա ինձ օգնեց նորովի գնահատելու ինչպես իմ մասնագիտությունը, այնպես էլ իմ մշակույթը»,- ասում է նա։
Հայաստանում նա փորձել է բազմաթիվ ուտեստներ՝ լահմաջո, խաշլամա, կերուսուս, խաչապուրի։ Ամենասիրելի ուտեստը, սակայն, լահմաջոն է։
Իսկ Հայաստանը մեկ նախադասությամբ նա այսպես է նկարագրում. «Հնագույն քրիստոնեական երկիր՝ Կովկասյան լեռների ընդարձակության մեջ, բացառիկ ուժեղ ազգային ինքնությամբ»։
Հայաստանում անցկացրած ամենահիշարժան պահերից մեկը դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին մասնակցելն էր։
«Պատմության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ մասնակցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին։ Դա ինձ համար շատ կարևոր և հուզիչ էր»,- պատմում է նա՝ ընդգծելով, որ արտերկրում ապրելն ու սովորելը փոխում են մարդու աշխարհայացքը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ազգ իր լեզվով, մշակույթով ու կրոնով ձևավորված առանձին աշխարհ է։ Հայաստանում ապրելով՝ նա ավելի լավ հասկացավ, թե որքան կարևոր է պահպանել ազգային ինքնությունը և հարգել ժողովուրդների բազմազանությունը։
Իսկ թե ինչ է տանելու իր հետ հայաստանյան կիսամյակից, Մաքսիմիլիանը պատասխանում է կարճ, բայց շատ խոսուն. «Հայաստանը սրտումս կտանեմ ինձ հետ»։