Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը Հայաստանում Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ արդեն հինգերորդ անգամ իրագործում է «Ռուսաց լեզու և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագիրը։
Համագործակցության ընթացքում ԱՄՆ տարբեր նահանգներից ԵՊՀ են այցելել ավելի քան 100 ուսանողներ, որոնց համար Հայաստանում երկամսյա ուսուցումը ոչ միայն ռուսաց լեզվի իմացությունը էապես բարելավելու, այլև Հայաստանի պատմությանը, մշակույթին և ժամանակակից կյանքին առավել խորությամբ ծանոթանալու հնարավորություն է։
Այս տարի ևս ֆակուլտետում ձևավորվել էր միջազգային համագործակցային միջավայր։ Ամերիկացի ուսանողները մասնակցեցին ռուսաց լեզվին, գրականությանը, մշակույթին և Ռուսաստանի աշխարհագրությանը նվիրված դասընթացների՝ ուսումնասիրելով նաև հայոց լեզու, Հայաստանի պատմություն և մշակույթ։ Դասընթացների մեծ մասն անցկացվում էր ռուսերենով, ուստի ուսումնական գործընթացը մասնակիցների համար վերածվեց լեզվական անհրաժեշտ միջավայրի:
Ուսանողներն առանձնահատուկ ընդգծում են ֆակուլտետի մթնոլորտը։ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի ուսանող Պատրիկ Ֆոլին, որն ուսումնասիրում է ֆինանսներ և ռուսաց լեզու, բարձր է գնահատում դասախոսների աշխատանքը և համալսարանական կյանքին հեշտությամբ ինտեգրվելու հնարավորությունը. «Դասախոսներն իսկապես աջակցում և խրախուսում են մեզ»:
Օբերլին քոլեջի ուսանող Ջուլիան Գորնի համար, որը ուսումնասիրում է ռուսաց լեզու և պատմություն, ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը դասավանդման տարբեր մոտեցումներին ծանոթանալն էր։ Նա ընդգծել է, որ կրթական մեկ այլ համակարգ տեսնելու և այն ամերիկյանի հետ համեմատելու հնարավորությունն ինքնին արժեքավոր փորձառություն է։
Ուսանողների տպավորություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը. սա շատերի առաջին այցն է. գրեթե բոլորը նշում են մարդկանց հյուրընկալությունն ու բարեհամբույր վերաբերմունքը։
«Այստեղ ես իսկապես անվտանգ եմ զգում ինձ»,– ասում է Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի ուսանող Ջեք Սմիթը։ Նրա համակուրսեցի Քլեր Չայկովսկին խոստովանում է, որ իրեն հատկապես տպավորել է Երևանում տիրող մթնոլորտը:
Ինտենսիվ դասերին զուգահեռ՝ ուսանողները երկու ամիսների ընթացքում հասցրել են ծանոթանալ նաև Հայաստանի մշակութային կյանքին, Երևանին, նրա բնակիչներին և ձեռք բերել նոր ընկերներ։
Ռուս բանասիրության ֆակուլտետը նպաստում է միջազգային համագործակցության հարթակների ձևավորմանը՝ ռուսաց լեզվի միջոցով միավորելով մարդկանց, երկրներ ու մշակույթներ։












