- Главная
- Node
- ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Сентября 01, 2026 | 10:05
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Սեպտեմբերի 1-ը նոր սկիզբ է, բայց նաև առիթ՝ մեկ անգամ ևս մտածելու, թե ինչ ենք ակնկալում կրթությունից, համալսարանից և մեզնից յուրաքանչյուրից։
ԵՊՀ-ում և ՍԹԵՄ ավագ դպրոցում կրթությունը մեզ համար վաղուց միայն գիտելիքի փոխանցում չէ։ Այն ձևավորում է մտածողություն, ինչպես նաև զարգացնում հարցեր տալու, փաստարկելու, տարբեր տեսակետներ լսելու, սեփական որոշումներ կայացնելու և դրանց նկատմամբ պատասխանատու լինելու կարողություն։
Հենց այդպիսի միջավայրի զարգացմանն են ուղղված մեր առաջիկա անելիքները։ Նոր ուսումնական տարում շարունակելու ենք կատարելագործել կրթական ծրագրերը, ավելի ամուր կապ ստեղծել կրթության և գիտության միջև, ընդլայնել միջազգային համագործակցությունն ու այն հնարավորությունները, որոնց միջոցով բոլոր համալսարանականները կարող են իրենց գաղափարները փորձարկել, զարգացնել ու կյանքի կոչել։
Միաժամանակ շարունակելու ենք ընդլայնել այն հնարավորությունները, որոնք համալսարանական կյանքը դարձնում են առավել բազմազան ու ամբողջական՝ միջազգային շարժունության ծրագրերը, վերապատրաստումներն ու լրացուցիչ կրթական ծրագրերը, գիտաժողովները, ճամբարները, մասնագիտական հանդիպումները և համագործակցության տարբեր ձևաչափերը։
Առաջիկա ամիսներին սպասվում են նաև կարևոր նախաձեռնություններ։ Սեպտեմբերի 23-ին «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը մեկ հարթակում կհամախմբի ԵՊՀ կրթական, գիտական, տեխնոլոգիական ու մշակութային ներուժը, ինչպես նաև համալսարանի գործընկերներին՝ ստեղծելով համագործակցության, նոր կապերի և նախաձեռնությունների զարգացման հնարավորություն։
Շարունակելու ենք նաև ԵՊՀ ակտիվ մասնակցությունը հանրային և միջազգային կարևոր օրակարգերին, այդ թվում՝ «COP17»-ին առնչվող նախաձեռնությունների շրջանակում։
Սակայն համալսարանի զարգացումը միայն նոր ծրագրերով կամ նախաձեռնություններով չի որոշվում։ Այն ամեն օր շարունակվում է լսարանում, լաբորատորիայում, քննարկումների ընթացքում հնչած նոր հարցերով, դեռևս պատասխան փնտրող գաղափարներով և նոր մոտեցումներ փորձելու պատրաստակամությամբ։
Ուզում ենք, որ ԵՊՀ-ն լինի հենց այդպիսի միջավայր, որտեղ ընդունված մոտեցումները կարելի է վերաիմաստավորել, գիտելիքը՝ խորացնել ու ընդլայնել, իսկ հետաքրքրությունը՝ վերածել ուսումնասիրության, նախաձեռնության և իրական արդյունքի։
Նոր ուսումնական տարվա սկզբին հատկապես կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա տեսնել իր դերն այս գործընթացում։ Համալսարանի հնարավորություններից օգտվելը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է սեփական մասնակցությամբ այդ միջավայրին ինչ-որ բան ավելացնելը՝ գաղափար, աշխատանք, նախաձեռնություն, նոր հարց կամ նոր լուծում։
Եվ թերևս ուսումնական տարվա ավարտին կարևոր կլինի ոչ միայն այն, թե ինչ նոր գիտելիք ու փորձ ենք ձեռք բերել, այլև այն, թե ինչ է փոխվել մեր մտածողության, աշխատանքի և համալսարանական միջավայրի մեջ։
Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի մտածելու, ստեղծելու, համագործակցելու և նոր հնարավորություններ բացելու տարի ԵՊՀ ամբողջ համայնքի համար։