- Главная
- Node
- 53 տարի համալսարանում․ Մարինա Մուրադյանն ավարտում է աշխատանքային գործունեությունը ԵՊՀ-ում
Сентября 02, 2026 | 10:00
Կարիերա
Կրթություն
Հասարակություն
53 տարի համալսարանում․ Մարինա Մուրադյանն ավարտում է աշխատանքային գործունեությունը ԵՊՀ-ում
53 տարի նույն հասցեում՝ Երևանի պետական համալսարանում։ ԵՊՀ գիտական քարտուղարության առաջատար մասնագետ Մարինա Մուրադյանն ավարտեց աշխատանքային գործունեությունը համալսարանում՝ իր հետ տանելով համալսարանական կյանքի բազմաթիվ հիշողություններ՝ կապված այն մարդկանց հետ, որոնց շնորհիվ ԵՊՀ-ն նրա համար դարձել է երկրորդ տուն։
Մարինա Մուրադյանը ԵՊՀ-ում աշխատում է 1973 թվականից։ Ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում համալսարանը նրա կյանքում եղել է ոչ միայն աշխատավայր, այլև առօրյայի, մասնագիտական կայացման և մարդկային հարաբերությունների անբաժանելի մաս։
Տարիների ընթացքում համալսարանը փոխվել է․ փոխվել են ուսանողների ու աշխատակիցների սերունդները, աշխատանքային գործընթացներն ու ժամանակի պահանջները։ Սակայն այդ փոփոխությունները Մարինա Մուրադյանի համար երբեք չեն փոխել համալսարանի էությունը։
«Համալսարանի մարդիկ․ ես նրանց շնորհիվ եմ զարգացել, սովորել, նրանցով եմ հիացել։ Համալսարանականները տարբերվում են բոլորից․ նրանց նման մարդիկ հազվադեպ են հանդիպում»,- ընդգծեց համալսարանի երկարամյա աշխատակիցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է տարիներ շարունակ իրեն կապել ԵՊՀ-ին և ամեն օր աշխատանքի բերել։
Համալսարանում ստացած յուրաքանչյուր հանձնարարություն Մարինա Մուրադյանի համար եղել է ոչ միայն աշխատանքային պարտականություն, այլև պատասխանատվություն ու պատիվ։ Այդ տարիների ընթացքում նա իր ներդրումն է ունեցել ԵՊՀ առօրյա աշխատանքում՝ ձևավորելով մասնագիտական հարուստ փորձ և վաստակելով գործընկերների հարգանքը։
Աշխատանքային վերջին օրը Մարինա Մուրադյանի երկարամյա աշխատանքն ու ներդրումը կարևորեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը և ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը՝ արժևորելով նրա նվիրվածությունն ու բարեխիղճ աշխատանքը։
«Դուք մի ամբողջ կյանք նվիրել եք Երևանի պետական համալսարանին։ Այս տարիների ընթացքում Դուք եղել եք համալսարանի ամենօրյա կյանքի, նրա ձեռքբերումների ու փոփոխությունների անմիջական մասնակիցը և Ձեր բարեխիղճ աշխատանքով կարևոր դերակատարում ունեք համալսարանի պատմության մեջ։ Շնորհակալ ենք այս տարիների նվիրված աշխատանքի, պատասխանատվության և համալսարանի կյանքում ունեցած կարևոր ավանդի համար։ Համոզված եմ՝ Ձեր փորձն ու գիտելիքը դեռ երկար կծառայեն համալսարանին»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
ԵՊՀ-ում իր երկարամյա գործունեության համար Մարինա Մուրադյանն արժանացել է մի շարք պարգևների։ Դրանց թվում է ԵՊՀ ոսկե մեդալը, որը նրան շնորհվել է համալսարանում երկարամյա գործունեության առթիվ։ Նա նաև արժանացել է ԵՊՀ հոբելյանական տարեդարձերին նվիրված և այլ պարգևների ու պատվոգրերի։
Սակայն իր անցած ճանապարհի մասին խոսելիս Մարինա Մուրադյանն առանձնացնում է ոչ թե պարգևները, այլ մարդկանց և համալսարանի հետ ունեցած կապը։
«Այսքան տարի այստեղ աշխատելուց հետո շատ կկարոտեմ։ Բայց կարծում եմ՝ կապը չի կտրվի, քանի դեռ կանք ու իրար հետ շփվելու հնարավորություն ունենք»,- ասաց նա՝ ջերմությամբ խոսելով այն մարդկանց մասին, որոնց հետ անցել է իր համալսարանական ճանապարհը։
Իսկ այն հարցին, թե այսքան տարվա աշխատանքից հետո ինչ է տանում իր հետ, պատասխանը երկար սպասել չի տալիս․ «Ամեն ինչ։ Ինչպես տունն է քո տունը՝ քեզ համար հարազատ ու անհրաժեշտ, այնպես էլ համալսարանն է»։
53 տարին մեկ աշխատանքային կենսագրություն չէ միայն։ Դա համալսարանի պատմության մի մասն է՝ մարդկանց, սերունդների, հիշողությունների և ամենօրյա աշխատանքի միջոցով ստեղծված պատմություն։
Մարինա Մուրադյանը, սակայն, ԵՊՀ-ի հետ կապը ավարտված չի համարում։ Նա պատրաստ է շարունակելու համալսարան այցելել և իր տարիների փորձն ու գիտելիքները փոխանցել նոր աշխատակցին՝ աջակցելով նրան մասնագիտական ճանապարհին։



