Փետրվարի 11-ը նշվում է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր, որը սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի բանաձևով։ Տոնը նշվում է 2016 թվականից և նպատակ ունի ընդգծելու գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորություն։
Ս.թ. փետրվարի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառումը՝ ուղղված գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, առկա խնդիրների քննարկմանը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Այդ օրվա շրջանակում ԵՊՀ-ում նախատեսվում են մի շարք միջոցառումներ (պանելային քննարկումներ, աշխատարաններ, գիտական խաղեր)՝ ուղղված երկու հիմնական նպատակների իրականացմանը․
Ոգեշնչել աղջիկներին՝ նրանց հետաքրքրասիրությունը վերածելու գիտական հետազոտությունների և հայտնագործությունների։
Խթանել զրո խտրականության մշակույթը՝ բարձրաձայնելով և քննարկելով գիտության ոլորտում դեռևս առկա սոցիալական, տնտեսական, աշխարհագրական և այլ անհավասարությունները։