
Летний лагерь "Физика и мы"
-
Летний лагерь "Физика и мы"
-
Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության՝ ԵՊՀ-ին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՖՀԻ) կից մասնաճյուղերի նախաձեռնությամբ ս․թ․ օգոստոսի 5-9-ը կանցկացվի «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամենամյա ամառային ճամբարը:
Ճամբարին մասնակցում են շուրջ 60 հոգի, այդ թվում՝ ավագ դպրոցների՝ ֆիզիկայով հետաքրքրված բարձր դասարանի աշակերտներ, Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողներ և դասախոսներ:
Դիմումներն ընդունվում են բակալավրի I-II կուրսի, ինչպես նաև 11-րդ և 12-րդ դասարանների այն ուսանողներից և աշակերտներից, որոնք հետաքրքրված են «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Էլեկտրատեխնիկա» և «Ծրագրավորում» մասնագիտություններով։
Ճամբարի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին՝ ցույց տալով գիտության կարևորագույն դերը կյանքում։ Ճամբարականները կարճ ժամանակահատվածում խմբային աշխատանքների միջոցով ինքնուրույն կստեղծեն ժամանակակից սարքեր, որոնք հետագա մշակման պարագայում կարող են դառնալ կիրառելի արտադրանք։
Ճամբարը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու և գիտակրթական նոր կապեր հաստատելու ֆիզիկայի բնագավառի արդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ամառային ճամբարի շրջանակում ոլորտի մասնագետները մասնակիցներին կներկայացնեն ֆիզիկային, տվյալագիտությանը, ֆոտոնիկային և արհեստական բանականությանն առնչվող մի շարք հետաքրքիր զեկուցումներ՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
«Ֆիզիկան ու մենք» ամառային ամենամյա ճամբարի հինգ օրերի ընթացքում մասնակիցները, ստանալով անհրաժեշտ բոլոր սարքավորումները և տեղեկությունների աղբյուրները, կաշխատեն նախապես ձևակերպած մի քանի հիմնական խնդիրների շուրջ՝ կախված նախագծի պահանջներից։ Այս տարի նախատեսվում է իրականացնել երկու նախագիծ ֆիզիկայի ֆունդամենտալ փորձերի հիման վրա։ Մասնակիցները կբաժանվեն չորս խմբերի։ Մարզիչների օգնությամբ յուրաքանչյուր խումբ կկատարի ճամբարի երկու փորձն էլ՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով մեկ օր ու կես։
Առաջին օրը բոլոր մասնակիցները միասին կհետևեն ընդհանուր դասախոսությունների և կծանոթանան միմյանց հետ, իսկ վերջին օրը՝ կարճ զեկույցների ձևով կներկայացնեն իրենց ստացած արդյունքները։
Ճամբարի ընթացքում իրականացվելիք առաջին նախագիծը վերաբերում է ինտերֆերոմետրի նախագծմանը և կառուցմանը՝ երկրաշարժերի գրանցման նպատակով։ Երկրորդ նախագծի շրջանակում մասնակիցները ակուստիկ ալիքների միջոցով կստեղծեն լույսի աղբյուր։
Ճամբարի փակման պաշտոնական արարողության ժամանակ բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ խմբերի մարզիչները՝ շնորհակալագրեր։
Մանկացությունը ճամբարին անվճար է. մասնակցության հաստատում ստանում են միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են հարցազրույցի փուլը։