
«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբար
-
«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբար
-
Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության՝ ԵՊՀ-ին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՖՀԻ) կից մասնաճյուղերի նախաձեռնությամբ ս․թ․ օգոստոսի 5-9 կանցկացվի «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ամենամյա ճամբարը:
Ճամբարին մասնակցում են շուրջ 60 հոգի, այդ թվում՝ ավագ դպրոցների՝ ֆիզիկայով հետաքրքրված բարձր դասարանի աշակերտներ, Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողներ և դասախոսներ:
Մասնակցության դիմում-հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն բակալավրիատի 1-3-րդ կուրսերի, ինչպես նաև 11-րդ և 12-րդ դասարանների այն ուսանողներն ու աշակերտները, որոնք հետաքրքրված են «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Էլեկտրատեխնիկա» և «Ծրագրավորում» մասնագիտություններով։
Ճամբարի շրջանակում կնշվի նաև Քվանտային գիտության և տեխնոլոգիաների միջազգային տարին։
Ամառային ճամբարի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին՝ ցույց տալով գիտության կարևորագույն դերակատարումը առօրյա կյանքում։ Ճամբարականները կարճ ժամանակահատվածում խմբային աշխատանքների միջոցով ինքնուրույն կստեղծեն ժամանակակից սարքեր, որոնք հետագա մշակման պարագայում կարող են դառնալ կիրառելի արտադրանք։
Ճամբարը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու և գիտակրթական նոր կապեր հաստատելու ֆիզիկայի բնագավառի արդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ամառային ճամբարի շրջանակում ոլորտի մասնագետները մասնակիցներին կներկայացնեն ֆիզիկային, տվյալագիտությանը, ֆոտոնիկային և արհեստական բանականությանն առնչվող մի շարք հետաքրքիր զեկուցումներ՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Հարցազրույցի արդյունքում ընտրված մասնակիցները խմբերի մարզիչների գլխավորությամբ կաշխատեն տեսական և գործնական տարբեր խնդիրների շուրջ:
«Ֆիզիկան ու մենք» ամառային ամենամյա ճամբարի հինգ օրերի ընթացքում մասնակիցները, ստանալով անհրաժեշտ բոլոր սարքավորումները և տեղեկությունների աղբյուրները, կաշխատեն նախապես ձևակերպած մի քանի հիմնական խնդիրների շուրջ՝ կախված նախագծի պահանջներից։ Այս տարի նախատեսվում է իրականացնել երկու նախագիծ՝ ֆիզիկայի հիմնական փորձերի հիման վրա։ Մասնակիցները կբաժանվեն չորս խմբի։ Մարզիչների օգնությամբ յուրաքանչյուր խումբ կկատարի ճամբարի երկու փորձն էլ՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով մեկ օրուկես։
Առաջին օրը բոլոր մասնակիցները միասին կհետևեն ընդհանուր դասախոսությունների և կծանոթանան միմյանց հետ, իսկ վերջին օրը կարճ զեկույցների ձևով կներկայացնեն իրենց ստացած արդյունքները։
Ճամբարի ընթացքում իրականացվելիք առաջին նախագիծը վերաբերում է ինտերֆերոմետրի նախագծմանը և կառուցմանը՝ երկրաշարժերի գրանցման նպատակով։ Երկրորդ նախագծի շրջանակում մասնակիցները ակուստիկ ալիքների միջոցով կստեղծեն լույսի աղբյուր։
Գրանցվելու, ինչպես նաև 1-ին փուլի հարցաշարին պատասխանելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/Ez46pFeMAmpXz8XRA։
Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 30-ն է (մինչև կեսօր)։
Արդյունքների հիման վրա ս․թ․ հունիսի 30-ին դիմումատուներին կծանուցվի երկրորդ փուլ անցնելու կամ չանցնելու վերաբերյալ։
Մասնակցության հաստատում կստանան միայն այն դիմորդները, որոնք կհաղթահարեն նաև հարցազրույցի փուլը։
Ճամբարի փակման պաշտոնական արարողության ժամանակ բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ խմբերի մարզիչները՝ շնորհակալագրեր։
Այս բացառիկ ճամբարի, ինչպես նաև Երևան-Ծաղկաձոր-Երևան երթուղով տրանսպորտի ծախսերն իր հովանավորների շնորհիվ ամբողջությամբ կհոգա ճամբարը։