Ընթացիկ տարվա հունիսի 14-20-ը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը, ինչպես նաև ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը աշխատանքային այցով մեկնել են Իսպանիայի Մալագայի համալսարան։
Այցը կազմակերպվել է «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության աշխատակազմի համար նախատեսված ծրագրի և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորած դրամաշնորհի շրջանակում։
Այցելության ընթացքում Աննա Մկրտչյանն ու Հայարփի Սիմոնյանը հանդիպել են Մալագայի համալսարանի քիմիական ինժեներիայի ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Նրանք հանգամանալից ներկայացրել են ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կրթական ծրագրերը, գիտական հիմնական ուղղություններն ու զարգացման հեռանկարները։ Բացի այդ՝ նրանք հանդես են եկել մասնագիտական դասախոսություններով՝ ներկայացնելով հայաստանյան գիտական մտքի արդի ձեռքբերումները հետևյալ թեմաներով.
- «Նոր սալենային կոմպլեքսների՝ որպես քիրալային կատալիզատորների սինթեզ և գնահատում»,
- «Ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզ և կենսաբանական հատկությունների գնահատում»։
Գործընկեր համալսարանի գիտական ուղղություններին և տեխնիկական հնարավորություններին մոտիկից ծանոթանալու նպատակով հայ մասնագետների համար կազմակերպվել են շրջայցեր Քիմիական ինժեներիայի ֆակուլտետի ուսումնական և գիտական լաբորատորիաներում:
Այցի կարևորագույն ձեռքբերումներից էր նաև այն, որ Մալագայի համալսարանի պրոֆեսորներ Օլգա Գուերերոյի և Էնրիկիե Ռոդրիգեսի հետ քննարկվեցին համատեղ գիտական նախագծերի իրականացման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրերի իրագործման հնարավորությունները։
Միջազգային շարժունակության այսպիսի ծրագրերը ոչ միայն նպաստում են ԵՊՀ գիտնականների փորձառության ավելացմանը, այլև նոր նշաձող են սահմանում ֆարմացիայի ոլորտում համատեղ միջազգային հետազոտությունների համար:










