ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը ս․թ․ հունիսի 15-16-ը մասնակցել է Էդինբուրգի համալսարանի իրավագիտության դպրոցում (Շոտլանդիա, Էդինբուրգ) կայացած Կլինիկական իրավաբանական կրթության եվրոպական ցանցի (ENCLE) 12-րդ համաժողովին, որը կազմակերպվել էր Կլինիկական իրավաբանական կրթության միջազգային հանդեսի (IJCLE) հետ համատեղ։
Համաժողովը համախմբել էր կլինիկական իրավաբանական կրթության ոլորտի մասնագետների, դասախոսների, հետազոտողների և պրակտիկ իրավաբանների աշխարհի տարբեր երկրներից՝ փորձի փոխանակման, նորարարական կրթական մեթոդների քննարկման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման նպատակով։
Գիտական այս միջոցառումը հնարավորություն է տվել ծանոթանալու կլինիկական իրավաբանական կրթության ոլորտի միջազգային փորձին, մասնակցելու մասնագիտական քննարկումների և գաղափարների փոխանակման, ինչպես նաև հաստատելու և զարգացնելու համագործակցային կապեր տարբեր երկրների իրավաբանական կլինիկաների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների առանցքում եղել են կլինիկական իրավաբանական կրթության զարգացման, ուսանողների գործնական հմտությունների ձևավորման և իրավաբանական կլինիկաների գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր։
Համաժողովի առանձնահատկություններից էր ինտերակտիվ ձևաչափը․ բացի լիագումար նիստերից և հիմնական զեկուցումներից՝ ծրագրի մեծ մասը կազմված էր զուգահեռ թեմատիկ քննարկումներից և կարճ ներկայացումներից, որոնք մասնակիցներին հնարավորություն էին տալիս ակտիվ ներգրավվելու մասնագիտական բանավեճերում և կիսվելու իրենց լավագույն փորձով։
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի մասնակցությունը համաժողովին հնարավոր է դարձել Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) հայաստանյան գրասենյակի աջակցության շնորհիվ, որի հետ շարունակական համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանում կլինիկական իրավաբանական կրթության զարգացման և միջազգային մասնագիտական հարթակներում հայկական փորձի ներկայացման գործում։
Համաժողովին մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ էր ԵՊՀ իրավաբանական կլինիկայի միջազգային համագործակցության ընդլայնման ճանապարհին՝ նպաստելով մասնագիտական նոր կապերի հաստատմանը, առաջավոր փորձի ուսումնասիրմանը և Հայաստանում կլինիկական իրավաբանական կրթության զարգացմանը։