Июня 12, 2025 | 14:55
Память, идентичность, власть: вопросы историографической политики на повестке дня конференции ЕГУ
В ЕГУ стартовала первая международная научная конференция, организованная по инициативе Лаборатории философии и теории истории. Двухдневное научное мероприятие под названием «Истории, спонсируемые государством, и историографическая власть» призвано объединить философов истории, теоретиков, историков, социологов и других специалистов из разных стран для обсуждения влияния историй, спонсируемых государством, на формирование общественной памяти и историографии.

Գիտաժողովը հարթակ է՝ հետազոտելու, թե ինչպես են պետությունները կառուցարկում, պարտադրում և վիճարկում տարբեր պատումներ:
Գիտաժողովի հիմնական թեման պետությունների կողմից հովանավորվող պատմությունն է այնպիսի միջամտությունների լայն շրջանակով, ինչպիսիք են հիշողության հարցերը կարգավորող օրենքները, կրթական ծրագրերը, հուշարձանների ու թանգարանների ստեղծումը, ինչպես նաև ակադեմիական հետազոտությունների և արխիվային հաստատությունների ֆինանսավորումը։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը հանդես եկավ գիտաժողովի բացման խոսքով՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը գիտական երկխոսության խթանման, գիտելիքի փոխանակման և ոլորտների միջև համագործակցության զարգացման գործում։
«Այս գիտաժողովը եզակի հնարավորություն է տարբեր գիտական դպրոցների, տարածաշրջանային փորձառությունների և մտավոր մոտեցումների մեկտեղման համար։ Մենք գտնվում ենք հումանիտար և հասարակագիտական գիտությունների խաչմերուկում, որտեղ բարձրացվող հարցերը կարևոր են ոչ միայն ակադեմիական, այլև հանրային և բարոյական տեսանկյուններից։ Ժամանակակից աշխարհում պատմությունը վաղուց դադարել է լինել զուտ գիտական շրջանակների քննարկման առարկա։ Այն դարձել է ինքնության ձևավորման, հանրային հիշողության կառավարման և հաճախ նաև քաղաքական ճնշման գործիք»,- նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ պետությունների դերը պատումներ ձևավորելու գործընթացում բազմաշերտ է։
Նա հույս հայտնեց, որ գիտաժողովը կնպաստի ոչ միայն նոր գիտական հայացքների ձևավորմանը, այլև կծառայի որպես կամուրջ անցյալի գիտական ըմբռնումն ու ներկայի հարցադրումները իրար կապելու ճանապարհին։
ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար, փ.գ.թ., դոցենտ Դավիթ Մոսինյանն անդրադարձավ պատմության արդի աշխարհակարգում սոցիալական և քաղաքական դերին, պատմական հիշողության ուժի դաշտում պետությունների դերի փոփոխությանը։

«Այս թեման այսօր հնչում է ոչ միայն որպես զուտ ակադեմիական խնդիր, այլև որպես արձագանք ներկայիս համաշխարհային անցուդարձերին և ճգնաժամային իրավիճակներին։ Ավելին, այն կրում է ակադեմիականությունից այն կողմ գնացող բարոյական հրատապություն։ Վերաձևակերպվող ներկա աշխարհակարգը մեր աչքի առաջ կերտում է մի իրականություն, որտեղ պատմությունը, ավելի քան երբևէ, վերածվում է ռազմադաշտի։ Պատերազմները, էթնիկ զտումները, ինքնորոշման հակամարտությունները, բռնապետական ռեժիմների կողմից վերահսկվող պատմական հիշողությունները ցույց են տալիս, որ պատմությունը երբեք միայն անցյալի մասին չէ։ Այն ապրում է մեզնով, մեր միջով, մեր անունից և երբեմն էլ մեր լռությամբ»,- նշեց Դ․ Մոսինյանը։
Ըստ նրա՝ պատմությունը եղել և շարունակում է մնալ ուժի դաշտ, որտեղ որոշվում է՝ ով է խոսողը, ինչպիսի խոսք է հնչում, ինչ լռություններ են ձևավորվում ու հաստատվում այդ խոսքերի միջակայքում։ Եվ այդ տեսանկյունից գիտաժողովը հավաքական ջանք է՝ բացահայտելու և վերհանելու այդ լռությունները, հասկանալու՝ ինչու և ինչպես են պետությունները դառնում ոչ միայն հիշողության սուբյեկտ ու խնամակալ, այլև հիշողությունները ուղղորդող։
Գենտի համալսարանի պրոֆեսորներ, գիտաժողովի հիմնական բանախոսներ Բերբեր Բեյվերնագեն և Մարի-Գաբրիելե Ֆերբերգդը հանդես եկան բանախոսությամբ՝ «Պատմագրական իշխանությունը փոփոխվող ժողովրդավարությունների համատեքստում» խորագրով։ Նրանք խոսեցին սոցիալական և քաղաքական փոփոխությունների պայմաններում պատմագրական իշխանության և պատմագրական հեղինակությունների դերի մասին, ընդգծեցին պատմական գիտակցության և ժողովրդավարական արժեքների փոխկապվածությունը, ինչպես նաև անդրադարձան փոփոխվող քաղաքական համակարգերի պայմաններում պատմության և հիշողության կառավարման ոլորտում առաջացող մարտահրավերներին։

Գիտաժողովը ներառում է այնպիսի թեմատիկ ուղղություններ, ինչպիսիք են «Պատմագրական իշխանություն և պետական պատումներ», «Պետություն, սփյուռք և մրցակցող պատմական պատումներ», «Պատմություն, գաղափարախոսություն և իշխանություն», «Ճնշումը և դիմադրությունը պատմագրության մեջ», «Պետական պատմագրություն և համաշխարհայնացում», «Հետգաղութային պատմություններ և պետություն», «Պետությունների կողմից հովանավորվող բռնություններ», «Հիշողության քաղաքականություն և հանրային ոլորտ», «Ազգայնականություն և պատմական պատումների կառուցարկումներ»։
Այս թեմաները ընդգծում են, որ պատմությունն ու պատմագրությունը շարունակական և դինամիկ գործընթացներ են, որոնք արտացոլում են հասարակության բազմակողմանի պայքարն ու փոխհարաբերությունները երկրի ներսում և միջազգային ասպարեզում։
Հիշեցնենք, որ գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են նաև հունիսի 13-ին՝ քննարկելու ևս մի շարք արդիական թեմաներ ու հարցեր։ Գիտաժողովի շրջանակում «Պատմություն, աքսոր և ինքնիշխանություն» բանախոսությամբ հանդես կգա հիմնական բանախոսներից Մարկ Նշանեանը։
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, ՀՀ այլ բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև հետազոտողներ արտերկրից։