Августа 26, 2025 | 11:06
Образование
Студенческий
«Для меня наука — не только профессия, но и образ мышления». Студент ЕГУ Ованнес Туманян - один из лучших в сфере ИТ.
По итогам ежегодной церемонии вручения образовательных наград в сфере информационных технологий (ИТ) этого года студент ЕГУ Ованнес Туманян был удостоен первой степени в номинации «Лучший бакалавр». Он уверенно и целеустремлённо шагает в мире науки и технологий, объединяя области физики, математики и искусственного интеллекта. Для Ованнеса его профессия – это ключ, открывающий двери в будущее. Этот ключ поможет ему стать автором инноваций, которые изменят ход технологического развития Армении.

Մրցանակը վկայում է մասնագիտական ճիշտ ուղի ընտրելու մասին
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրի կրթական ծրագրի արդեն 4-րդ կուրսի ուսանող Հովհաննեսը պատմում է, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել ինքնակենսագրություն, շնորհակալագրեր և երաշխավորագրեր, որոնք ընդգծում են թե՛ բարձր առաջադիմությունը, թե՛ ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների։ Դրան հաջորդել է հարցազրույցի փուլը, որտեղ կարևորվել են ոչ միայն մասնագիտական հետաքրքրությունները, այլև աշխարհայացքը։
Հաջողության գրավականը՝ հետևողականություն, կարգապահություն և հավատ
Հարցին, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, Հովհաննեսը պատասխանում է՝ հետևողականությունը, կարգապահությունը և դժվարություններից չվախենալը։
«Ես սովորել եմ մինչև վերջ լուծել խնդիրները և չվախենալ բարդությունից։ Բացի դրանից՝ նոր գիտելիքի հանդեպ մշտական հետաքրքրությունը, պատասխանատվության զգացումը և ընտանիքիս աջակցությունը միշտ օգնել են։ Եվ ի վերջո՝ «Ամեն իմաստություն Տիրոջից է» (Սրք 1։1)»,- նշում է Հովհաննեսը։
ՏՏ-ն՝ անփոխարինելի գործիք գիտության և տեխնոլոգիայի համադրության մեջ
Հովհաննեսն ասում է, որ իրականում ՏՏ-ն իր հիմնական հետաքրքրությունը չէ, սակայն այն բաժնում, որտեղ սովորում է, շատ է առնչվում արհեստական բանականությանը և այն համարում է ներկա գիտություններում կարևոր ու արդեն անփոխարինելի գործիք։

«ՏՏ-ում ինձ առավելապես գրավում են արհեստական բանականությունը և ռոբոտատեխնիկան։ Դրանք հնարավորություն են տալիս համադրելու մաթեմատիկական մտածողությունը, ծրագրավորումը և իրական աշխարհում դրանց կիրառությունները։ Կարծում եմ՝ ՏՏ-ն Հայաստանում պետք է դառնա տնտեսության հիմնական շարժիչ ուժը։ Հատկապես արհեստական բանականության կիրառություններն ու բարձր տեխնոլոգիական արտադրությունը մեծ հեռանկար ունեն, եթե լինի համալսարանական ճիշտ միջավայր, ճիշտ ղեկավարում և ռազմարդյունաբերության խթանում»,- ընդգծում է նա։
Ներկայում Հովհաննեսն իր գիտելիքները կիրառում է գործնական նախագծերում՝ աշխատելով «CAST»-ի (Center of Advanced Software Technologies) «UAV lab» (ԱԹՍ-ներ և խելացի համակարգեր) լաբորատորիայում` որպես հետազոտող։
«Լաբորատորիան համատեղում է թե՛ ՏՏ-ն, թե՛ ֆիզիկան, թե՛ մաթեմատիկան, և ինձ ամենից շատ հետաքրքրում են հենց այդպիսի միջգիտակարգային նախագծերը»,- շեշտում է ուսանողը, որը ներկայում հետազոտում է «SDR»-ի (software defined radio) և արհեստական բանականության կիրառությունները անօդաչու թռչող սարքերի և ռադիոկապի համակարգերում։
Մասնագիտացում, մոտիվացիա և ապագայի տեսլական
Ըստ Հովհաննեսի՝ սկզբում նրան գրավել է գիտությունը՝ իր տրամաբանությամբ ու հստակությամբ։ Այնուհետև ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի դասավանդող, ԵՊՀ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Մեխակ Հայրապետյանի շնորհիվ, որը հետագայում եղել է նաև նրա դասախոսը։
Խոսելով համալսարանական կրթության մասին՝ ուսանողը մատնանշում է, որ բուհն իր համար մեծ նշանակություն ունի ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև ակադեմիական միջավայրում սովորելու առումով։
«Ինձ համար գիտությամբ զբաղվելը ոչ միայն մասնագիտություն է, այլև մտածելակերպ։ Եվ այո՛, նախատեսում եմ երկարաժամկետ մնալ գիտության ոլորտում»,- ընդգծում է Հովհաննեսը, որի համար ժամանակակից երիտասարդ գիտնականն առաջին հերթին պետք է լինի հայրենասեր։
Հարցին, թե ինչն է իրեն մոտիվացնում ամեն օր սովորելու և զարգանալու, Հովհաննեսը պատասխանում է՝ այն միտքը, որ յուրաքանչյուր նոր գիտելիք իրեն մոտեցնում է գաղափարների, որոնք վաղը կարող են դառնալ նոր տեխնոլոգիաներ։ Որպես ապագա մասնագետ՝ Հովհաննեսը նպատակ ունի խթանելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ ապահովելով երկրի տնտեսական և քաղաքական անկախությունը։
«Սա իմ կյանքի մեծագույն նպատակներից է, և դեռ շատ պետք է պատրաստվել»,– եզրափակում է ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը։