Сентября 19, 2025 | 09:57
Образовательные программы
Образование
Международное сотрудничество
«Размышления о поколениях по-армянски». В ЕГУ завершились трёхдневные курсы
На факультете философии и психологии ЕГУ завершился спецкурс «Размышления о поколениях на армянском языке», проходивший в рамках программы мобильности преподавателей "Erasmus+". Курс предоставил участникам возможность детально обсудить вопросы поколений, социальные и философские подходы.

Լյուվենի կաթոլիկ (ֆրանկոֆոն) համալսարանի (Բելգիա) փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսը և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանը դասընթացի շրջանակում ուսանողներին ներկայացրին Ակսել Գոսիերիեսի «Ի՞նչ է միջսերնդային արդարությունը» գրքի հայերեն թարգամանությունից հատվածներ։
Լևոն Բաբաջանյանը, որը գիրքը թարգմանում է հայերեն, նշեց, որ սա արդեն հինգերորդ համագործակցությունն է հրավիրյալ դասախոսի հետ։ Գոսիերիեսը մասնավորապես զբաղվում է միջսերնդային արդարության տեսության խնդիրներով, ինչին նվիրված է նրա աշխատանքների հիմնական մասը։
«Դասընթացի շրջանակում ներկայացվեց գրքի առաջին գլուխը․ պետք է նշեմ, որ սա այսօրինակ թեմայով հայերեն թարգմանության առաջին փորձն է։ Որպեսզի տեղի ունենան խորքային քննարկումներ և զարգանան հայերենով մասնագիտական բանավեճերը, որոշվեց անցկացնել եռօրյա փորձնական դասընթաց՝ «Սերունդների մասին մտածելով հայերեն» խորագրով։ Այս դասընթացը նպատակ ուներ ոչ միայն ներկայացնելու թարգմանված նյութը, այլև հայերենով քննարկելու, խոսելու, ինչպես նաև մտածելու միջսերնդային հարցերի մասին»,- մատնանշեց Լ․ Բաբաջանյանը և հավելեց, որ քննարկման հիմնական թեման միջսերնդային արդարությունն էր, հատկապես այն հարցը, թե արդյոք ունենք բարոյական պարտավորություն ապագա սերունդների նկատմամբ։
Ըստ նրա՝ սովորաբար թվում է, թե այս հարցի պատասխանն ակնհայտ է՝ մենք պարտավոր ենք մտածել և հոգ տանել սերունդների մասին։ Սակայն փիլիսոփայական վերլուծության մեջ դա պահանջում է հիմնավորումներ, որոնք բացատրում են՝ ինչի հիման վրա է կառուցված մեր բարոյական պարտականությունը ապագա սերունդների նկատմամբ, և որտեղից են ծագում այդ պարտականությունները։

«Դասընթացի քննարկման կարևոր առարկա դարձավ նաև այն հարցը, թե ինչ չափով ունենք պարտավորություն մեր հաջորդ սերունդների նկատմամբ։ Օրինակ՝ հարց է առաջանում՝ ինչքան ռեսուրս մենք պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին։ Միգուցե այնքան, որքան մենք ստացե՞լ ենք մեր նախորդ սերունդներից, թե՞ մենք պարտավորություն ունենք դա ավելացնելու կամ պարտավորություն ունեք չքչացնելու և այլն։ Դասընթացի առանցքում սերունդների միջև արդարության հայեցակարգն էր․ պարզաբանվեցին, թե ինչ մեթոդաբանությամբ և ինչ տեսական հիմքերով պետք է մտածել և խոսել միջսերնդային պարտավորությունների մասին։ Յուրաքանչյուր դաս սկսվում էր հստակ մեթոդաբանության ներկայացմամբ, այնուհետև ուսանողները բաժանվում էին խմբերի, և նրանց ներկայացվում էին իրական կյանքին առնչվող խնդիրներ։ Ուսանողները դասի երկրորդ հատվածում կիրառեցին իրենց սովորած մեթոդաբանությունն ու տեսական հայեցակարգերը՝ այդ խնդիրները քննաբար վերլուծելու համար»,- ասաց նա։
Թեմաները ներառում էին միջսերնդային արդարության հայեցակարգին վերաբերող խնդիրների լայն շրջանակ, ինչպես օրինակ՝ կենսաթոշակային համակարգին, բնապահպանական խնդիրներին, վերարտադրողական քաղաքականությանը և միջսերնդային արդարությանը վերաբերող այլ թեմաներ։ Այս խնդիրների նման մեթոդաբանությամբ քննարկումները ցույց տվեցին, թե ինչպես փիլիսոփայական տեսությունների հենքի վրա կարելի է մշակել քաղաքականություններ և գտնել կիրառական լուծումներ սոցիալական կյանքի խնդիրների համար։
Դասընթացը հնարավորություն ընձեռեց ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնասիրելու այդ հիմնախնդիրները տարբեր տեսանկյուններից, քննարկելու արդարության, պարտքի և պատասխանատվության խնդիրները։
Եռօրյա ինտենսիվ կրթական գործընթացի շրջանակում ուսանողները մասնակցեցին թե՛ տեսական վերլուծությունների, թե՛ գործնական քննարկումների, ինչը նպաստեց ինչպես մատուցված խնդիրների բազմաշերտ քննարկմանը, այնպես էլ փիլիսոփայական և բարոյագիտական գիտելիքի կիրառական նշանակության ընկալմանը։