- Главная
- Node
- Եվրոպական փորձը՝ Հայաստանի իրավական դաշտի համար. ԵՊՀ ուսանողի տեսլականը
Сентября 03, 2026 | 11:00
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Եվրոպական փորձը՝ Հայաստանի իրավական դաշտի համար. ԵՊՀ ուսանողի տեսլականը
Միջազգային կրթական ծրագրերը ոչ միայն մասնագիտական գիտելիքների հարստացման, այլև մշակութային նոր հորիզոններ բացահայտելու լավագույն հնարավորություններից են։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արսեն Սարգսյանը միջբուհական պայմանագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում՝ ուսումնասիրելով իրավունքի տարբեր ճյուղեր, ծանոթանալով գերմանական դատական համակարգին և հատկապես խորանալով պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական կարգավորման մեջ։ Բեռլինում ձեռք բերած փորձը նա ցանկանում է հետագայում կիրառել Հայաստանում։
Մեզ հետ զրույցում Արսենը պատմել է գերմանական կրթական համակարգի առանձնահատկությունների, ակադեմիական ազատության, նոր ընկերների հետ շփումների և հայրենիքում իրավական բարեփոխումներ կատարելու իր տեսլականի մասին։
Ակադեմիական ազատություն և կրթական նոր փորձ
Բեռլինի Հումբոլդտի համալսարանում Արսենն ընտրել էր «Իրավունք և կրոն», «Աշխատանքային իրավունք», «Պայմանագրային իրավունք», «Միջազգային մարդու իրավունքներ», «Տրամաբանություն», ինչպես նաև գերմաներենի դասընթացները:
Գերմաներենի B2 մակարդակի իմացությամբ նա առարկաների մեծ մասն անցել է գերմաներենով՝ բացառությամբ «Միջազգային մարդու իրավունքներ» դասընթացի, որն անգլերենով էր դասավանդվում։
Խոսելով գերմանական և հայաստանյան կրթական համակարգերի տարբերությունների մասին՝ Արսենն առաջնահերթ առանձնացրեց դասացուցակի ճկունությունն ու ուսանողակենտրոն մոտեցումը:
«Օտարերկրյա ուսանողների համար դասացուցակն ավելի ճկուն էր. մենք էինք ընտրում առարկաները և որոշում, թե որ ժամերին հաճախենք դասընթացներին: Ուսումնական նյութերի առումով հնարավորություն ունեինք օգտվելու ավելի շատ դասագրքերից ու նյութերից. որոշ դասախոսներ առաջարկում էին տարբեր գրքեր, և ուսանողն ինքն էր որոշում, թե ինչ մեթոդաբանությամբ պատրաստվի քննություններին»,- ասաց նա ու հավելեց, որ քննությունների ընթացքում դասախոսները պատրաստակամ էին լրացուցիչ հարցադրումներով ուղղորդելու ուսանողին։ Նրա խոսքով՝ գնահատականների բողոքարկման գործընթացը Հումբոլդտի համալսարանում ավելի խիստ է՝ համեմատած ԵՊՀ-ում կիրառվող մեխանիզմների հետ։
Գործնական փորձառություն
Արտերկրում ուսումը շարունակելու ժամանակահատվածում Արսենը հաճախել է գերմանական դատարաններ և ծանոթացել տեղի դատավարական առանձնահատկություններին։
«Մասնակցել եմ քրեական իրավունքի մասնագետ Ռոնեն Շտայնկեի բանախոսությանը՝ ձեռք բերելով հմտություններ մտքի ազատության իրավունքի և դրա չարաշահումների տարանջատման վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել եմ արհեստական բանականությանը (AI) նվիրված գիտաժողովի, որտեղ ներկայացվել են արհեստական բանականության կիրառմանն առնչվող իրավական նոր կարգավորումները, որոնք լրամշակման անհրաժեշտություն ունեն»,- ընդգծեց նա:
Մշակութային երկխոսություն. հայկական հարիսան ու նոր ընկերները
Արսենի համար ուսանողական կյանքի ամենավառ իրադարձություններից է եղել համալսարանի բակում կազմակերպված «Միջազգային ընթրիք» միջոցառումը, որի շրջանակում նա օտարերկրացի ուսանողներին ներկայացրել է հայկական ավանդական խոհանոցը։
«Ես պատրաստել էի հարիսա: Իհարկե, մենակ եմ պատրաստել, բայց տատիկս հեռավար ինձ օգնում էր իր խորհուրդներով: Մեծ հաճույք էր իմ ազգային ուտեստը ներկայացնելը, ինչպես նաև այլ ազգերի, այդ թվում՝ լեհերի, ուկրաինացիների, չինացիների պատրաստած ուտեստները համտեսելն ու միմյանց մշակույթին ծանոթանալը»,- ասաց նա:
Արսենը հիմնականում շփվել է չինացի, սինգապուրցի, անգլիացի, լեհ և հույն ուսանողների հետ։ Նրան հատկապես հետաքրքրում էր հույն ուսանողների հետ շփումը՝ հաշվի առնելով երկու ազգերի քրիստոնեական, պատմական և մշակութային ընդհանրությունները։
Ճանապարհորդություն Եվրոպայում
Գերմանիայում սովորող ԵՊՀ մի քանի ուսանողների հետ Արսենը նախընտրել է ինքնուրույն ճամփորդել և բացահայտել Եվրոպան: Բացի Բեռլինից՝ նա այցելել է Պոտսդամ, Դրեզդեն, Քյոլն, Ախեն, ինչպես նաև եվրոպական այլ քաղաքներ՝ Ամստերդամ, Բրյուսել, Պրահա, Վիեննա և Վենետիկ:
Բեռլինից Հայաստան՝ իրավական բարեփոխման գաղափարով
Մասնագիտական ամենակարևոր ձեռքբերումը Արսենը համարում է «Իրավունք և կրոն» դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները, որոնք ցանկանում է կիրառել Հայաստանում։
«Մեր ազգային օրենսդրությամբ պետություն-եկեղեցի հարաբերությունները, իմ ընկալմամբ, թերի են կարգավորված, ինչն առաջացնում է ճգնաժամ: Գերմանական համակարգում այդ հարաբերությունները շատ ավելի լավ են կարգավորված, ինչը, իմ կարծիքով, առավել հստակ սահմանազատում է պետության և եկեղեցու իրավասությունների շրջանակը»,- ընդգծեց Արսեն Սարգսյանը՝ մատնանշելով, որ «Իրավունք և կրոն» դասընթացի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել նրան մշակելու մոդել, որը կարող է առաջարկվել Հայաստանի Հանրապետությանը՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների ոլորտում բարեփոխում կատարելու համար:



