- Գլխավոր
- Նորություններ
- Օդի աղտոտվածություն և առողջապահական ռիսկեր. ի՞նչ են ցույց տալիս Կապանի վերաբերյալ ԵՊՀ գիտնականների հետազոտությունները
Սեպտեմբեր 02, 2026 | 15:10
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Օդի աղտոտվածություն և առողջապահական ռիսկեր. ի՞նչ են ցույց տալիս Կապանի վերաբերյալ ԵՊՀ գիտնականների հետազոտությունները
Շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը մարդու առողջության վրա գիտնականներին հետաքրքրող արդիական թեմաներից մեկն է: ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող Լիանա Մարգարյանը, համագործակցելով Քիմիայի գիտահետազոտական կենտրոնի էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի գիտաշխատողների հետ, ուսումնասիրել է հանքարդյունաբերական ակտիվ գոտում գտնվող Կապան քաղաքում օդի որակի փոփոխություններն ու դրանցով պայմանավորված առողջապահական ռիսկերը։
Լիանա Մարգարյանի հետ զրուցել ենք նրա համահեղինակած «Հայաստանի Կապան քաղաքում հանքարդյունաբերական տարածքներից օդի աղտոտվածության հետևանքով մարդու առողջության համար առաջացող ռիսկերի գնահատում» վերտառությամբ հոդվածում տեղ գտած առանցքային հարցերի շուրջ: Նշենք, որ հոդվածը հրապարակվել է 2025 թ. «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ներառված «Շրջակա միջավայրի պահպանություն և էկոլոգիա» հանդեսում:
- Տիկի՛ն Մարգարյան, որքանո՞վ է հանքարդյունաբերությունն ազդում Կապան քաղաքի օդի որակի վրա, և ո՞ր թվականների տվյալներն եք հիմք վերցրել հետազոտության համար:
- Հետազոտության շրջանակում ուսումնասիրել ենք Կապանի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի պարունակությունների ամենամսյա փոփոխությունները։ Վերլուծությունների համար հիմք են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող՝ 2022-2023 թթ. մշտադիտարկումների և ՀՀ առողջապահական վիճակագրական տվյալները։ Մենք կատարել ենք տվյալների վերլուծություն և համադրում։
Սույն աշխատանքի շրջանակում դիտարկել ենք ոչ միայն քաղաքի օդի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը, այլև հնարավոր այլ մարդածին ազդեցություններ, օրինակ՝ ավտոտրանսպորտը։
- Կապանի ո՞ր թաղամասերում կամ բնակավայրերում է օդի աղտոտվածությունն ամենաբարձր մակարդակի վրա եղել:
- Օդի որակի մշտադիտարկումը ցույց է տվել, որ Կապանի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան առավելագույն թույլատրելի օրական կոնցենտրացիաները։ Սակայն որոշ ամիսների ընթացքում ազոտի երկօքսիդի մակարդակը մինչև 1.3 անգամ գերազանցել է ֆոնային մակարդակը, իսկ ծծմբի երկօքսիդի մակարդակը համեմատաբար բարձր է եղել քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքներում։
Հարկ է նշել, որ ֆոնային կոնցենտրացիան տվյալ աղտոտիչի այն մակարդակն է, որը բնութագրական է տվյալ տարածաշրջանի համար բնական վիճակում՝ անմիջական աղտոտման աղբյուրների ազդեցությունից զատ։ Սովորաբար այն ավելի ցածր է, քան սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները։
- Որո՞նք են օդի աղտոտվածության հիմնական ռիսկերը Կապանի բնակիչների առողջության համար։
- Կապանը գտնվում է մարդածին ազդեցությունների բավական բարդ փոխազդեցության ներքո։ Քաղաքին հարում են լքված ու շահագործվող հանքավայրեր, պոչանքներ, լցակույտեր, ինչպես նաև տարածաշրջանի ամենախոշոր պոչամբարը՝ Արծվանիկը։ Բնականաբար, այս գործոններն իրենց ազդեցությունն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու առողջության վրա։
Առհասարակ, շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը մարդու առողջության վրա բավականին հետաքրքիր է և համեմատաբար նոր զարգացող ուղղություն է գիտության մեջ։ Չափազանց բարդ է հստակ վերագրել, թե որ մարդածին գործոններն են առաջ բերում այս կամ այն հիվանդությունը, սակայն առողջապահական վիճակագրական տվյալների միջոցով կարելի է արձանագրել կորելյացիոն կապեր։ Օրինակ՝ ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի ու ծծմբի երկօքսիդի բարձր կոնցենտրացիաները կարող են գրգռել շնչառական համակարգը՝ առաջացնելով այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հազը, սուլոցով շնչառությունը, շնչահեղձությունը, կոկորդի գրգռումը։ Բացի դրանից՝ ծանր մետաղների երկարատև ազդեցությունը ևս կարող է առողջության համար լուրջ ռիսկեր առաջացնել, այդ թվում՝ նպաստել որոշ քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը։ Սրտանոթային հիվանդություններ կամ այլ քրոնիկական առողջական խնդիրներ ունեցող անձանց մոտ ծծմբի երկօքսիդով աղտոտված օդի ազդեցությունը կարող է հանգեցնել ախտանիշների սրացման կամ տարբեր բարդությունների նկատմամբ զգայունության բարձրացման։ Մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա մթնոլորտային օդի որակի ազդեցությունը կախված է ոչ միայն այս կամ այն աղտոտիչների բարձր կոնցենտրացիաներից, այլև դրանց ազդեցության տևողությունից։ Որքան երկար է տևում օդի աղտոտվածությունը, այնքան ավելի է մեծանում դրա հնարավոր ազդեցությունը առողջության վրա։
Կապան քաղաքի դեպքում կարևոր է նաև օդի փոշու մեջ ծանր մետաղների պարունակության ուսումնասիրությունը, ինչը նախատեսում ենք դիտարկել մեր հետագա ուսումնասիրություններում։
- Կա՞ն տվյալներ Կապանում շնչառական, սրտանոթային կամ այլ հիվանդությունների տարածվածության վերաբերյալ, որոնք կարող են կապված լինել օդի աղտոտվածության հետ։
- Մեր հետազոտության շրջանակում ուսումնասիրել ենք ՀՀ առողջապահական վիճակագրական տվյալները Սյունիքի մարզի կտրվածքով։ Ըստ այդ տվյալների՝ շնչառական համակարգի հիվանդություններից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում՝ զիջելով միայն Երևանին։ 2021 թվականին շնչառական համակարգի հիվանդություններից մահացել է 344 մարդ, 2020 թվականին՝ 396, իսկ 2019 թվականին՝ 200 մարդ (բացառությամբ COVID-19-ով պայմանավորված մահվան դեպքերի)։
Հատկանշական է, որ 2020 թվականին շնչափողի, բրոնխների կամ թոքերի չարորակ նորագոյացությունների 97 դեպք է գրանցվել, իսկ 2021 թվականին այդ թիվն աճել է՝ հասնելով 114-ի։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում տարածաշրջանում քաղցկեղային հիվանդությունների դեպքերի աճի միտում կա։