«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2002 թվականին և վերջին երկու տասնամյակների ընթացքում դարձել է Հայաստանում մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ու ցկյանս ուսումնառության զարգացման առանցքային դերակատար։
Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ոլորտային քաղաքականության զարգացման ու ջատագովության, ՄՈՒԿ ծառայություններ մատուցող կառույցների և մասնագետների կարողությունների զարգացման, շահառուների համար աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մասնագիտական գրականության ստեղծման ուղղություններով։ Ծրագրերը նպաստել են ՄՈՒԿ-ի զարգացմանը նաև քաղաքացիական, թանգարանային և բանտային կրթության, մեդիագրագիտության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, տեղահանված անձանց սոցիալական ինտեգրման, համայնքային զարգացման և այլ ոլորտներում։ Գործունեության հիմնական դոնորը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունն է, իսկ առանձին նախաձեռնություններ իրականացվել են նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։