Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, այժմ՝ «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ, հիմնադրվել է 1942 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից՝ որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ։
1942 թ․ ԵրՖԻ-ն ստացել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակ։ Ավելի ուշ Արագած սարի վրա ստեղծվել են տիեզերական ճառագայթների «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ) կայանները։ 1963-ին ինստիտուտն անցել է Խորհրդային միության ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: 2011 թ․ սեպտեմբերին ԵրՖԻ-ն ստացել է ազգային լաբորատորիայի կարգավիճակ՝ «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ» անվամբ։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան գիտության ոլորտում առաջատարի կարգավիճակ ունի Հայաստանում։ Գիտական բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրապարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը, ըստ «Thomson Reuters» հեղինակավոր պարբերականի, բաժին է ընկնում ազգային լաբորատորիայի աշխատանքներին։
Ավելին՝ www.aanl.am