- Главная
- Главная страница
- Իտալերենի XXVI շաբաթը ԵՊՀ-ում. լեզվի, ստեղծարարության և ավանդույթների համադրումը
Октября 13, 2026 | 10:10
Կրթություն
Միջոցառումներ
Իտալերենի XXVI շաբաթը ԵՊՀ-ում. լեզվի, ստեղծարարության և ավանդույթների համադրումը
Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Իտալերենի համաշխարհային XXVI շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Հանճարեղ լեզու. մտածել, նախագծել, ստեղծել իտալերենով» խորագրով։ Միջոցառումը համախմբել էր բարձրաստիճան դիվանագետների, անվանի գրողների և իտալական մշակույթի սիրահարների։
Իտալերենին նվիրված շաբաթն ավանդաբար անցկացվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին աշխարհի տարբեր երկրներում՝ Իտալիայի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Նախաձեռնության նպատակն է ընդգծել լեզվի, ստեղծարարության և տնտեսական զարգացման փոխառնչությունը տեխնոլոգիաների, դիզայնի, նորաձևության ու արվեստի ոլորտներում, ինչպես նաև խթանել իտալերենի և իտալական հարուստ մշակույթի հանրահռչակումը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, դեսպանության անձնակազմը, ՀՀ-ում գործող իտալական մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հատուկ հյուրն էր իտալահայ ճանաչված գրող, թարգմանիչ, Տավիանի եղբայրների կողմից էկրանավորված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը։
Ներկաներին ողջունեց ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը՝ կարևորելով իտալերենի դերն ու նշանակությունը համալսարանական կրթության համակարգում։
«Լեզուն մեզ տալիս է ոչ միայն բառեր, այլև հեռանկարներ. այն ձևավորում է մեր մտածողությունը, պատմություններ արարելու, գեղեցկությունն արտահայտելու և ապագան պատկերացնելու ունակությունը։ Իտալերենն իր գրական, գեղարվեստական, գիտական և մշակութային բացառիկ ժառանգությամբ լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է լեզուն դառնալ ստեղծարարության աղբյուր։ Օտար լեզու սովորել չի նշանակում պարզապես նոր բառեր յուրացնել. դա նշանակում է բացահայտել աշխարհընկալման նոր ուղիներ»,- նշեց պրոռեկտորը՝ ընդգծելով, որ համալսարանի առաքելությունը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև հետաքրքրասիրության, ստեղծագործական մտքի և միջմշակութային երկխոսության խրախուսումը։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը փաստեց, որ միջոցառումը հիանալի հարթակ է երկու ժողովուրդների միջև մշակութային ու կրթական կապերը խորացնելու համար։
«Օտար լեզվի ուսումնասիրությունը միայն բառապաշարի և քերականության յուրացում չէ. այն մշակույթը, պատմությունն ու մտածողությունը հասկանալու, աշխարհայացքն ընդլայնելու ամբողջական համակարգ է։ Հատկապես կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան լեզուն ճանաչելու ոչ միայն դասագրքերով, այլև կենդանի հաղորդակցության, գրականության և արվեստի միջոցով»,- ասաց նա։
ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանն անդրադարձավ համալսարանում իտալերենի դասավանդման պատմությանը՝ ընդգծելով, որ այն սկիզբ է առել դեռևս անցյալ դարի 60-ական թվականներից՝ ձևավորելով ուսուցման հարուստ ավանդույթներ։
«Այսօր՝ արհեստական բանականության և ժամանակակից մարտահրավերների դարաշրջանում, նման միջոցառումները հնարավորություն են տալիս վերարժևորելու մարդկային բնական միտքը, երևակայությունը և մշակութային առնչությունները։ Մեր ուսանողները ոչ թե պարզապես օտար լեզու են սովորում, այլ ստանձնում են երկու ժողովուրդների միջև մշակութային կամուրջներն ամրապնդելու պատվաբեր առաքելությունը»,- նշեց ամբիոնի վարիչը։
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին արժևորեց իտալերենի դերը երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման և գործընկերության ընդլայնման գործում։ Անդրադառնալով այս տարվա խորագրին՝ դեսպանը նշեց, որ իտալերենի ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում խորությամբ ճանաչելու Իտալիայի հարուստ մշակութային ժառանգությունն ու դրա անգնահատելի ազդեցությունը համաշխարհային քաղաքակրթության վրա։ Դեսպանն ընդգծեց Իտալիայի՝ որպես համաշխարհային մշակութային կենտրոնի դերը՝ վկայակոչելով Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ռենցո Պիանոյի և այլ մեծությունների թողած ժառանգությունը, ինչպես նաև առանձնահատուկ կարևորեց այս միջոցառմանը գրող Անտոնիա Արսլանի ներկայությունը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Անտոնիա Արսլանը։ Նա ներկայացրեց իր ստեղծագործական ուղին, անդրադարձավ գրքերի առանցքային թեմաներին՝ հիշողությանը, ինքնությանը և հայ-իտալական պատմամշակութային աղերսներին՝ ընդգծելով գրականության վճռորոշ դերը ազգերի միջև փոխըմբռնման գործում։
Միջոցառման երկրորդ մասում ներկայացվեց մշակութային ծրագիր, որը նախաձեռնել էր Իտալիայի ԱԳՆ-ից ԵՊՀ գործուղված դասախոս Օրնելլա Չիրիլլոն։ Ռոմանական բանասիրության ամբիոնի իտալերենի բաժնի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Իտալերենի արհեստանոց» խորագրով թատերական բեմադրությունը, Ջանի Ռոդարիի «Նկարիչը» ստեղծագործության գրական-գեղարվեստական կատարումը, ինչպես նաև հնչեցին երաժշտական համարներ։








