- Գլխավոր
- Նորություններ
- Ինչպե՞ս խթանել կանանց ներգրավվածությունը և ներառականությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում
Հոկտեմբեր 13, 2026 | 15:22
Գիտություն
Հետազոտություն
Շարունակական կրթություն
Ինչպե՞ս խթանել կանանց ներգրավվածությունը և ներառականությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում տեղի է ունեցել «Գենդերային հարաբերությունների վերարտադրությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում. առօրյա պրակտիկաներ և մասնագիտական ինքնություն» թեմայով որակական հետազոտության արդյունքների վավերացման կլոր սեղան-քննարկումը։
Քննարկումը կազմակերպել էր Երևանի պետական համալսարանը՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։
Հետազոտության առանցքում հայաստանյան գիտական և ակադեմիական միջավայրում կանանց մասնագիտական ուղու, առաջխաղացման հնարավորությունների, առօրյա պրակտիկաների, ինչպես նաև համակարգային ու գենդերային այն գործոնների ուսումնասիրությունն է, որոնք կարող են ազդել գիտության ոլորտ նրանց մուտք գործելու, մասնագիտական շարունակականության և կարիերայի զարգացման վրա։
Հետազոտության հիմնական հարցն է՝ ինչպե՞ս են գենդերային հարաբերությունները վերարտադրվում հայկական ակադեմիական միջավայրի առօրյա պրակտիկաներում և փոխազդեցություններում, և ինչպե՞ս են դրանք առնչվում կին գիտնականների մասնագիտական հնարավորություններին, կարիերայի ուղիներին և մասնագիտական ինքնությանը։ Հետազոտության հիմքում դրված է այն մոտեցումը, որ կանանց թվային ներկայացվածությունը գիտության ոլորտում ինքնին դեռևս չի նշանակում հավասար հասանելիություն կարիերային առաջընթացի, ղեկավարության, ճանաչման և ռեսուրսների նկատմամբ։
Կլոր սեղան-քննարկման նպատակն էր ներկայացնել հետազոտության հիմնական արդյունքները և քաղաքականության առաջարկները, քննարկել դրանք ոլորտի ներկայացուցիչների հետ և առաջարկները վերջնականացնելուց առաջ ստանալ մասնագիտական դիտարկումներ։
Հետազոտությունից՝ քաղաքականության առաջարկներ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը նշեց, որ ԵՊՀ-ի և GIZ-ի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագիրը միտված է գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանմանը։
Ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ, գարնանային դպրոց, մարզային քննարկումներ և մեդիաարշավ։
«Այսօր, փաստորեն, հետազոտության շրջանակում վավերացման հանդիպում ենք անցկացնում և ուզում ենք ծանոթանալ թիմի հիմնական բացահայտումներին ու առաջարկներին և ստանալ ձեր կարծիքը։ Սա շատ կարևոր է, որպեսզի հետազոտության արդյունքներն ու առաջարկները վերջնական տեսքի բերվեն և հետագայում ներկայացվեն նաև ՀՀ Կառավարությանը»,- հավելեց Լուսինե Խառատյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի մեկ այլ բաղադրիչով նախատեսվում է նաև Հայաստանի գիտության ոլորտում կանանց մասին գիտահանրամատչելի գրքի ստեղծում, որը նպատակ ունի հատկապես դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնելու գիտության նկատմամբ։
Գիտության ոլորտում կանանց թվային ներկայացվածությունը դեռևս ամբողջ պատկերը չէ
Ծրագրի խորհրդատու Կարինե Սիմոնյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության ոլորտում գենդերային հավասարության սկզբունքները քաղաքականությունների և գործողությունների մշակման ու իրականացման գործընթացներում ներառելու տեսանկյունից։
«Այս հետազոտությունը կարևոր է այն առումով, որ հավասար հնարավորությունները դիտարկվում են ոչ միայն կանանց թվային ներգրավվածության տեսանկյունից, այլև համակարգային և կառուցվածքային մակարդակներում։ Հայաստանում գիտության ոլորտում կանանց ներգրավվածությունը համեմատաբար բարձր է, սակայն միայն թվային ներկայացվածությունը դեռևս հավասարություն չէ»,- նշեց նա։
Ըստ Կարինե Սիմոնյանի՝ կարևոր է հասկանալ նաև, թե ինչ դերակատարում ունեն կանայք ակադեմիական համակարգում, ինչ հնարավորություններ ունեն մասնագիտական առաջընթացի և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար, ինչպես նաև՝ գենդերային որ կարծրատիպերը կարող են խոչընդոտել կանանց և աղջիկների կրթական ու մասնագիտական զարգացումը։
«Կարծում եմ՝ այս հետազոտությունը կօգնի ավելի խորքային քննարկելու այս հարցերը և մտածելու ոչ միայն ներկայացվածության, այլև այն իրական ու կայուն փոփոխությունների մասին, որոնք կարող ենք կատարել այս ոլորտում»,– ասաց ծրագրի խորհրդատուն։
«FAST» գլոբալ ծրագրի քաղաքականության խորհրդատու Անահիտ Սիմոնյանը հետազոտությունը կարևորեց որպես գենդերային հարաբերությունների և դրանցով պայմանավորված խնդիրների վերաբերյալ ավելի փաստարկված, հետազոտության արդյունքների վրա հիմնված քննարկման կարևոր փուլ։
«Գենդերային հարաբերությունների վերարտադրությամբ պայմանավորված՝ տարբեր խնդիրներ քաղաքականության առանցք բերելու և դրանք հնարավորինս արագ հասցեագրելու անհրաժեշտություն կա, որովհետև որքան երկար դրանք չեն հասցեագրվում, այնքան ավելի են խորանում և ավելի համակարգային բնույթ են ստանում»,- ընդգծեց Անահիտ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այս հետազոտությունը կարևոր է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս խնդրի վերաբերյալ ընդհանուր դիտարկումներից անցնելու փաստահենք վերլուծության։
Անահիտ Սիմոնյանը կարևորեց հետազոտության արդյունքների հիման վրա քաղաքականության փաստաթղթի մշակման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ հետազոտական թիմի ներկայացուցիչներից մեկի ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացման ավելի բարձր մակարդակում կարող է լրացուցիչ հիմք ստեղծել մշակված առաջարկների գործնական իրականացման համար։
«Այս պահին արդեն ունենք առավել ամուր հիմքեր դրանք գործնականում իրականացնելու համար»,- նշեց նա։
Հետազոտության մեթոդաբանությունն ու երեք հիմնական ուղղությունները
Հետազոտությունը կատարել է տարբեր մասնագետներից բաղկացած թիմը, որում, բացի հետազոտողներից, ներգրավված է եղել նաև իրավաբան։
Հետազոտության մեթոդաբանությունը ներառել է մի քանի փոխկապակցված ուղղություն։ Առաջին փուլում կատարվել է գրասենյակային վերլուծություն՝ ուսումնասիրելով վիճակագրական տվյալները, գիտական համակարգում կանանց և տղամարդկանց բաշխվածությունը, ֆինանսավորման և ինստիտուցիոնալ հնարավորությունների հարցերը, ինչպես նաև աշխատանքի և ընտանեկան կյանքի հետ կապված ավելի լայն սոցիալական գործոնները՝ վարձատրվող և չվարձատրվող աշխատանքի, ընդհանուր ծանրաբեռնվածության, ամուսնական կարգավիճակի և երեխաներ ունենալու ազդեցության տեսանկյունից։
Ուսումնասիրվել են նաև միջազգային կոնվենցիաները, Հայաստանի իրավական և օրենսդրական շրջանակը, ռազմավարությունները, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ռազմավարություններն ու քաղաքականությունները՝ գենդերային խնդիրներին դրանց արձագանքի տեսանկյունից։
Հետազոտության կարևոր բաղադրիչներից մեկը որակական ուսումնասիրությունն է․ տարբեր ոլորտներ, տարիքային խմբեր և պաշտոններ ներկայացնող կին գիտնականների հետ անցկացվել են խորքային հարցազրույցներ։ Դրանց միջոցով հետազոտողները փորձել են հասկանալ կանանց մասնագիտական ընտրությունները, գիտական ոլորտ մուտք գործելու ճանապարհը, կարիերայի ընթացքը, առկա խոչընդոտները և սեփական մասնագիտական փորձի վերաբերյալ նրանց ընկալումները։
«Այստեղ փորձում ենք պատասխանել այն հարցադրումներին, թե ինչպես են կանայք ընտրել մասնագիտությունը, ինչպես են մտել ոլորտ, ինչպես է ընթանում գիտական կարիերան, ինչ պլաններ ունեն։ Վերլուծել ենք հավաքված տվյալները և ձեռնամուխ եղել մշակելու քաղաքականության առաջարկների փաթեթ տարբեր կառույցների համար»,- մատնանշեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, հետազոտական թիմի անդամ Արմինե Ղալամդարյանը։
Առաջարկները նախատեսվում է ձևավորել մի քանի մակարդակով՝ ընդհանուր համակարգային, պետական կամ ոլորտային, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ինստիտուցիոնալ մակարդակներում։
Թվերը ցույց են տալիս ոչ միայն ներգրավվածությունը, այլև առաջխաղացման խնդիրը
Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ կանանց թվային ներկայացվածությունը դեռևս չի արտացոլվում նրանց զբաղեցրած պաշտոններում։
«Տարածված է այն կարծիքը, թե գիտության ոլորտում կանանց թիվը շատ չէ, սակայն իրականում այդպես չէ։ Գիտնականների կամ հետազոտողների մոտ 53 տոկոսը կանայք են։ Պարզապես պետք է հասկանալ՝ որտեղ են նրանք և ինչ դիրքերում են»,- ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ նշեց Արմինե Ղալամդարյանը։
Տարբերությունն առավել նկատելի է գիտության առանձին ուղղությունների միջև։ Կենսաբանության ոլորտում կանանց ներգրավվածությունն ավելի բարձր է, մինչդեռ ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում այն զգալիորեն ցածր է։
Սակայն հետազոտության առանցքային հարցերից մեկը ոչ միայն ոլորտում կանանց ներգրավվածությունն է, այլև նրանց մասնագիտական առաջխաղացումը։
«Ամենակարևորն այն է, որ մենք դիտարկեցինք նաև, թե ինչ պաշտոններ են նրանք զբաղեցնում։ Կանայք ներգրավված են տարբեր ոլորտներում․ պետական համակարգում աշխատողների մեծ մասն են կազմում, ընդհանուր աշխատաշուկայում զբաղվածների մոտ կեսն են և գիտնականների մոտ կեսը, սակայն բոլոր ոլորտներում զգալիորեն քիչ են ներկայացված ղեկավար պաշտոններում՝ հանրային իշխանության, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, գործատուների և բիզնեսի շրջանում, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավար կազմում։ Որքան բարձրանում է հիերարխիայի մակարդակը, այնքան կանանց թիվը նվազում է»,- ընդգծեց հետազոտողը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ կանայք ասպիրանտուրայում կազմում են շուրջ 50 տոկոս, գիտությունների թեկնածուների շրջանում ևս նրանց ներկայացվածությունը մոտ 50 տոկոս է, մինչդեռ գիտությունների դոկտորների շրջանում կանայք կազմում են 24 տոկոս։
Այսպիսով, հետազոտության տվյալները հարց են առաջադրում ոչ միայն գիտության ոլորտում կանանց ներգրավվածության, այլև նրանց կարիերայի հաջորդ փուլերում առաջխաղացման հնարավորությունների վերաբերյալ։
Առօրյա պրակտիկաները՝ համակարգային խնդիրների բացահայտման հիմքում
ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն, հետազոտական թիմի անդամ Աստղիկ Մնացականյանը նշեց, որ ուսումնասիրության կարևոր նպատակներից է եղել առօրյա պրակտիկաների միջոցով բացահայտել այն խոչընդոտները, որոնք կարող են ազդել կանանց՝ գիտության ոլորտ մուտք գործելու, այնտեղ կարիերան շարունակելու և առաջ գնալու վրա։
«Մեր նպատակն է եղել որակական և քանակական մեթոդների համադրությամբ ուսումնասիրել ոլորտում առկա խնդիրները և դրա հիման վրա մշակել քաղաքականության առաջարկներ։ Շատ հաճախ որոշակի փաստաթղթեր, ռազմավարություններ, ծրագրեր կամ օրենքներ ընդունվում են, սակայն շարունակում են մնալ թղթի վրա։ Մեր նպատակն է կին գիտնականների առօրյա պրակտիկաների միջոցով բացահայտել նաև այն գենդերային կարծրատիպերը, որոնք շատ հաճախ չեն ընկալվում որպես գենդերային կարծրատիպեր»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ ճանապարհ են անցել կին գիտնականները, ինչ փոփոխություններ են նրանք ակնկալում գիտական միջավայրից և ինչպիսի մեխանիզմներ կարող են նպաստել այդ փոփոխություններին։
Հետազոտության հիման վրա մշակվել է քաղաքականության 12 առաջարկ
Կլոր սեղան-քննարկման առանձնահատկությունն այն էր, որ հետազոտական թիմը ներկայացրել է ոչ միայն ստացված արդյունքները, այլև դրանց հիման վրա մշակված քաղաքականության առաջարկները։
Առաջարկները վերաբերում են տարբեր մակարդակներում նախատեսվող փոփոխություններին՝ համակարգային և ինստիտուցիոնալ լուծումներից մինչև կոնկրետ թիրախային գործիքներ։
«Կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել ենք մեր հետազոտության հիմնական արդյունքները՝ գրասենյակային, փաստաթղթային և որակական հետազոտության հատվածների այն արդյունքները, որոնք այս պահին մշակված և հասանելի են։ Դրա հիման վրա ձևակերպել ենք քաղաքականության 12 առաջարկ, որոնք քննարկելու և վավերացնելու ենք մասնակիցների հետ՝ հասկանալու գործնականում դրանց կիրառման հնարավորությունները, լրացնելու և կատարելագործելու դրանք»,- հավելեց Աստղիկ Մնացականյանը։
Հանդիպման ընթացքում քննարկումը հիմնականում կենտրոնացել է հետազոտության նախնական արդյունքների, օգտագործված տվյալների և վերլուծական շրջանակի վրա։
Մասնակիցները ներկայացրել են առաջարկներ՝ լրացուցիչ վիճակագրական և վարչական տվյալներ դիտարկելու, որոշ ցուցանիշներ ավելի մանրամասն կամ այլ կտրվածքներով վերլուծելու, փաստաթղթային վերլուծության շրջանակում լրացուցիչ իրավական, ռազմավարական կամ ինստիտուցիոնալ փաստաթղթեր ներառելու, առանձին արդյունքների մեկնաբանությունները լրացուցիչ համատեքստում դիտարկելու, որոշ թեմաների դեպքում ավելի հստակ տարբերակելու թվային ներկայացվածությունը, կարիերային անցումները և հնարավոր համակարգային պատճառները։
Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել անդրադառնալու առաջարկների իրագործելիությանը, ներկայացնելու լրացուցիչ դիտարկումներ և մատնանշելու այն ուղղությունները, որոնք կարող են նպաստել հետազոտության արդյունքների և առաջարկների հետագա կատարելագործմանը։
Հետազոտության վերջնական արդյունքներն ու քաղաքականության առաջարկների ամբողջական փաթեթը նախատեսվում է մշակել ծրագրի հաջորդ փուլերում։


