- Главная
- Главная страница
- ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթը
Октября 30, 2026 | 13:15
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթը
Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի բանավոր փուլը։ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթն անցկացվում է ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցությամբ։
Մրցույթի նպատակն է իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին հնարավորություն ընձեռել գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, զարգացնելու իրավական հետազոտություններ կատարելու, փաստերը վերլուծելու, իրավական խնդիրները բացահայտելու և հիմնավորված դիրքորոշումներ ներկայացնելու հմտությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ինչպես նաև մասնագիտական էթիկայի, բարեվարքության և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։
Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները (ընդհանուր՝ 14 թիմ՝ 55 ուսանողով) իրենց մասնագիտական կարողությունները փորձարկում են իրական դատական գործընթացին հնարավորինս մոտ պայմաններում։
Դատախաղ-մրցույթն անցկացվում է գրավոր և բանավոր փուլերով։ Կանոնակարգի համաձայն՝ դրա հիմքում հորինված դատական գործ է, որը վերաբերում է պետական կամ համայնքային շահերի պաշտպանության հայցին։ Թիմերը հանդես են գալիս ինչպես հայցվորի, այնպես էլ պատասխանողի դիրքերից՝ ներկայացնելով և պաշտպանելով իրենց իրավական դիրքորոշումները։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանն ընդգծեց, որ բանավոր փուլի կարևոր բաղադրիչներից է դատավորների հարցերին պատասխանելը։ Դատավորները կարող են պարզաբանումներ պահանջել ներկայացված փաստարկների, իրավական նորմերի կիրառման և գործի հանգամանքների վերաբերյալ։ Այս փուլում գնահատվում է ոչ միայն նախապես պատրաստված նյութի բովանդակությունը, այլև անսպասելի հարցերին արագ և իրավաբանորեն հիմնավորված պատասխանելու մասնակիցների կարողությունը։
Մասնակից ուսանողների խոսքով՝ դատախաղը հնարավորություն է տալիս ամրապնդելու տեսական գիտելիքները, զարգացնելու քննադատական մտածողությունն ու թիմային աշխատանքի հմտությունները։
«Մասնակցությունն այս մրցույթին մեզ համար կարևոր փորձառություն է։ Մենք հնարավորություն ունեցանք ոչ միայն կիրառելու համալսարանում ստացած տեսական գիտելիքները, այլև գործնականում փորձելու մեր ուժերը՝ հանդես գալով հայցվորի և պատասխանողի դիրքերից։ Ամենակարևորը՝ սովորեցինք փաստարկել մեր դիրքորոշումը, արագ կողմնորոշվել դատավորների հարցերին պատասխանելիս և աշխատել թիմով։ Կարծում եմ՝ նման մրցույթները շատ կարևոր են ապագա իրավաբանների մասնագիտական կայացման համար»,- նշեց դատախաղի մասնակից Աննա Սարդարյանը։
Բանավոր փուլում թիմերի ելույթները գնահատում է երեք դատավորից կազմված դատական կազմը։ Հաշվի են առնվում իրավական հետազոտության և վերլուծության որակը, կիրառելի իրավունքի իմացությունն ու ճիշտ մեկնաբանությունը, փաստարկների համոզչությունը, դատավարական հմտությունները, ինչպես նաև մասնագիտական էթիկայի պահպանումն ու հաղորդակցման կարողությունները։
Առավել բարձր գնահատականներ ստացած թիմերը կշարունակեն մրցակցությունը հաջորդ փուլերում։ Մրցույթի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը տեղի կունենան նոյեմբերի 1-ին։