- Գլխավոր
- Նորություններ
- Քննարկում, դիվանագիտական խաղ և կրթական քվեսթ․ ԵՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությունները COP17-ում
Հոկտեմբեր 30, 2026 | 16:00
Գիտություն
Հասարակություն
Միջոցառումներ
Քննարկում, դիվանագիտական խաղ և կրթական քվեսթ․ ԵՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությունները COP17-ում
ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազմակերպել էր բնապահպանական ու կրթական միջոցառումների շարք՝ նպատակ ունենալով բարձրացնելու երիտասարդների իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանության հարցերի շուրջ և խթանելու նրանց մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծմանը։ COP17-ի կանաչ գոտում՝ Կենսաբազմազանության հարցերով Հայաստանի բուհերի կոալիցիայի տաղավարում, անցկացվել են պանելային քննարկում, դիվանագիտական խաղ և կրթական քվեսթ։
Միջոցառումների շարքը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների դերը բնապահպանական խնդիրների լուծման համատեքստում» խորագրով պանելային քննարկմամբ։ Տարբեր մասնագիտական ուղղություններ ներկայացնող երիտասարդ հետազոտողներն անդրադարձել են կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին և դրանց հաղթահարման գործում գիտության և ուսանողական նախաձեռնությունների դերին։
Պանելային քննարկման բանախոսներն էին ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Դավիթ Սարգսյանը, ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Իրինա Մեհրաբյանը, կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նարե Դարբինյանը, ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԳԸ նախագահ Սուսան Գևորգյանը և ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարապետ Թադևոսյանը։
Նրանք ներկայացրել են աշխարհագրական հետազոտությունների կիրառման հնարավորությունները, ճշգրիտ գիտությունների ու տեխնոլոգիական լուծումների դերը բնապահպանության ոլորտում, ինչպես նաև ուսանողական հետազոտությունների և գիտաժողովների նշանակությունը բնապահպանական խնդիրների հանրայնացման գործում։ Հանդիպումն ավարտվել է բլից հարցերով ու լսարանի հետ հարցուպատասխանով։
Հոկտեմբերի 25-ին անցկացվել է «ՄԱԿ մոդել. կենսաբազմազանություն և էկոլոգիական դիվանագիտություն» խորագրով սիմուլյացիոն խաղը։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները հանդես են եկել տարբեր երկրների պատվիրակների դերում, բանակցել կենսաբազմազանության պահպանության հարցերի շուրջ և ձևավորել դաշինքներ։
Խաղի ընթացքում քննարկվել են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը և գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխման մեխանիզմները։ Մասնակիցները փորձել են համադրել տարբեր երկրների դիրքորոշումները և մշակել համատեղ առաջարկներ։
Միջոցառումների շարքն ավարտվել է հոկտեմբերի 28-ին՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամների կազմակերպած «The Green Mission» կրթական քվեսթով։ Ինտերակտիվ ու թիմային առաջադրանքների միջոցով մասնակիցները ծանոթացել են կենսաբազմազանության պահպանության խնդիրներին, բնության պաշտպանությանն ուղղված լուծումներին և բնական էկոհամակարգերի պահպանման գործում մարդու դերին։
Քվեսթի համար կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ թիմը ստեղծել է հատուկ կայքէջ, որի միջոցով մասնակիցները կատարել են ինտերակտիվ առաջադրանքներ։ Թիմը նախատեսում է այն կիրառել նաև հետագա կրթական ու բնապահպանական նախագծերում։





