- Главная
- Главная страница
- Ակադեմիական նոր հեռանկարներ՝ ԵՊՀ-ի և Բրատիսլավայի համալսարանի գործակցությամբ
Ноября 16, 2026 | 14:48
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ակադեմիական նոր հեռանկարներ՝ ԵՊՀ-ի և Բրատիսլավայի համալսարանի գործակցությամբ
Երևանի պետական համալսարանն ընդլայնում է միջազգային կրթական գործընկերության շրջանակը։ Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի (EUBA) հետ կնքված համագործակցության հուշագրի և կրկնակի դիպլոմի համաձայնագրի արդյունքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ներդրվում է երկրորդ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը՝ ուսանողներին և դասախոսներին ընձեռելով ակադեմիական փոխանակման լայն հնարավորություններ։
Ակադեմիական և գիտական գործակցության նոր հարթակ
ԵՊՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի կրկնակի դիպլոմի համաձայնագիրը և համագործակցության հուշագիրը ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի ռեկտոր Ֆերդինանդ Դանյոն։ Փաստաթղթով ամրագրվեցին երկու բուհերի միջև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ ուսանողների, ասպիրանտների, դասախոսների ու հետազոտողների փոխանակման ծրագրերի իրականացում, համատեղ գիտահետազոտական նախագծերի մշակում և գիտական հրապարակումների պատրաստում, միջազգային գիտաժողովների, սեմինարների և կրթական նոր նախաձեռնությունների կազմակերպում։
Անդրադառնալով համալսարանի ինստիտուցիոնալ կարողություններին և կրթական ծրագրերին՝ ռեկտորն ընդգծեց ԵՊՀ-ի առաջատար դիրքը երկրի բարձրագույն կրթական համակարգում։
«ԵՊՀ-ն հանրապետության ամենամեծ բուհն է, որը ներկայում ունի շուրջ 13-14 հազար ուսանող: Բացի 22 ֆակուլտետներից ու կենտրոններից՝ ունենք նաև 9 գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատում են ավելի քան 200 գիտաշխատողներ, որոնք զբաղվում են բացառապես գիտությամբ»,- նշեց նա՝ խոսելով ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների մասին և առանձնահատուկ կարևորելով ԵՊՀ-ում սուպերհամակարգչի գործարկումն ու արհեստական բանականության զարգացման ուղղությունները:
Ֆերդինանդ Դանյոն ներկայացրեց Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանը՝ կարևորելով համագործակցության հուշագրի ստորագրումը: Նա նշեց, որ այն հիմք է դառնում երկու ֆակուլտետների միջև կրկնակի դիպլոմի ծրագրի մեկնարկի համար:
«Այս համագործակցությունը շատ կարևոր է, հատկապես՝ Առևտրի ֆակուլտետի համար, քանի որ այն ընդգրկված է մեր համալսարանի լավագույն ու խոշոր ֆակուլտետների շարքում»,- ընդգծեց նա՝ գործընկերության արդյունավետության համատեքստում շեշտելով կողմերի անկեղծորեն համագործակցելու պատրաստակամության կարևորությունը։
Անդրադառնալով միջազգային փորձին՝ Ֆ. Դանյոն նշեց, որ իրենց համալսարանն արդեն ունի կրկնակի դիպլոմի ավելի քան 15 ծրագիր ամբողջ աշխարհում՝ Արևելքից մինչև Արևմուտք:
Ինչպե՞ս է գործելու կրկնակի դիպլոմի ծրագիրը
Կրկնակի դիպլոմի համաձայնագիրը ստորագրեցին նաև գործընկեր կառույցների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և Բրատիսլավայի համալսարանի Առևտրի ֆակուլտետի դեկան Պետեր Դրաբիկը։
Համաձայնագրով հստակեցված է ուսումնառության կազմակերպման և կրեդիտների փոխճանաչման մեխանիզմը. ԵՊՀ մագիստրանտները ուսումնառության առաջին տարին կանցկացնեն մայր բուհի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, իսկ երկրորդ կուրսում ուսումը կշարունակեն Բրատիսլավայի համալսարանի առևտրի ֆակուլտետում՝ ավարտին ստանալով երկու բուհերի դիպլոմները։
Բրատիսլավայի համալսարանի ուսանողները ԵՊՀ-ում կուսանեն առաջին կուրսի երկրորդ կիսամյակի ընթացքում։ Ծրագրի շրջանակում ուսանողների առաջին ընտրությունը կկազմակերպվի 2027–2028 ուսումնական տարում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը, կարևորելով գործընկերությունը, նշեց, որ միջազգային ակադեմիական տարածքում ներկայության ընդլայնումն ու կրթական ծրագրերի միջազգայնացումը ֆակուլտետի զարգացման առաջնահերթություններից են։ Ըստ նրա՝ Բրատիսլավայի համալսարանի հետ հուշագրի կնքումը միջբուհական համագործակցության ընդլայնմանն ուղղված հետևողական աշխատանքի կարևոր հանգրվաններից է։
«Հատկանշական է, որ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագիրը ֆակուլտետի արդեն երկրորդ կրթական ուղղությունն է, որը կգործի կրկնակի դիպլոմի ձևաչափով։ Մեզ համար սկզբունքային է, որ միջազգային կապերը վերածվեն կրթական ու գիտական շոշափելի արդյունքների, իսկ մեր ուսանողները ստանան միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն»,- ընդգծեց դեկանը։
Նշենք, որ այս համագործակցությունը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի կրթական ծրագրի միջազգայնացման, միջազգային ակադեմիական չափանիշներին վերջինիս համապատասխանեցման և ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքի էական արդյունքներից է։ Ծրագիրը ԵՊՀ-ում ներդրվել է 2023-2024 ուսումնական տարվանից՝ նպատակ ունենալով պատրաստելու մարքեթինգի ոլորտի ժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված բարձրորակ մասնագետներ։
Կրկնակի դիպլոմի ծրագրի շրջանակում ուսանողների առաջին ընտրությունը նախատեսվում է 2027–2028 ուսումնական տարում։
Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Աննա Հակոբջանյանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ հետևողականորեն զարգացնելու և խորացնելու երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ ուսանողների և դասախոսական կազմի ակադեմիական առաջընթացի։




