- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում ամփոփվեցին «eCAMPUS» միջազգային ծրագրի արդյունքները. ներկայացվեց հայաստանյան բուհերի դասախոսների թվային կարողունակությունների նոր շրջանակը
Նոյեմբեր 16, 2026 | 14:25
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում ամփոփվեցին «eCAMPUS» միջազգային ծրագրի արդյունքները. ներկայացվեց հայաստանյան բուհերի դասախոսների թվային կարողունակությունների նոր շրջանակը
Արհեստական բանականության զարգացումը, թվային գործիքների կիրառումը և կրթական միջավայրի փոփոխությունները նոր պահանջներ են առաջադրում բարձրագույն կրթության համակարգին։ Այս համատեքստում Երևանի պետական համալսարանում անցկացվեց «eCAMPUS» միջազգային ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, ամփոփվեցին երկամյա գործունեության արդյունքները, և քննարկվեցին հայաստանյան բուհերում թվային ու ներառական կրթության զարգացման հեռանկարները։
Միջոցառման առանցքում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի համար մշակված դասախոսների թվային կարողունակությունների շրջանակն էր, որը նպատակ ունի աջակցելու դասավանդողների մասնագիտական զարգացմանը և թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառմանը կրթական գործընթացում։
Հանդիպմանը հիմնական զեկույցով հանդես եկավ «eCAMPUS» նախագծի համակարգող, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը։ Նա ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության հաստատությունների դասախոսական կազմի թվային կարողունակությունների շրջանակը՝ անդրադառնալով դրա ստեղծման նպատակներին, կառուցվածքին, կիրառման հնարավորություններին և բուհական համակարգում ներդրման հեռանկարներին։
Ըստ նրա՝ շրջանակը նախագծի կարևոր արդյունքներից է, քանի որ այն առաջարկում է միասնական մոտեցում՝ գնահատելու, զարգացնելու և հետագայում նաև հավաստագրելու դասախոսների թվային կարողությունները։
Ծրագիրն ընդգրկում է նաև մասնագիտական համագործակցությունն ու զարգացումը, թվային կրթական նյութերի ստեղծումն ու կիրառումը, դասավանդման և ուսումնառության կազմակերպումը, գնահատումն ու հետադարձ կապը, ինչպես նաև ուսանողների ներգրավվածության և կրթական հնարավորությունների ընդլայնումը։ Նախատեսված է նաև կարողունակությունների զարգացման երեք մակարդակ՝ սկսնակ, կիրառող և փորձագետ։
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանն իր հերթին ընդգծեց «eCAMPUS» նախագծի նշանակությունը հայաստանյան բուհերում թվային և ներառական կրթության զարգացման գործում։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ձևավորված նոր կրթական միջավայրն ու տեխնոլոգիական հնարավորությունները միտված են դասավանդման և ուսումնառության գործընթացների արդիականացմանը։ Մասնավորապես՝ լսարանային նորարարական լուծումները հնարավորություն են տալիս համատեղելու ուսանողների մասնակցությունը ուսումնական գործընթացին առկա և հեռավար ձևաչափերով՝ ապահովելով կրթության հասանելիությունն ու շարունակականությունը տարբեր պայմաններում։ Սա կարևոր քայլ է դեպի ավելի ճկուն, հասանելի և ուսանողակենտրոն կրթական համակարգ։
«Այսօր դասախոսներին և ուսանողներին հնարավորություն ունենք ցույց տալու, թե ինչ ձեռքբերումներ և առաջընթաց ունենք այս երկու տարվա ընթացքում։ Կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից արդեն հաստատվել է դասախոսների թվային կարողունակությունների շրջանակը, որը նախատեսվում է կիրառել Հայաստանի բոլոր բուհերում»,- ընդգծեց նա։
Հաստատված շրջանակը՝ «DigiComArm»-ը, կառուցված է հինգ հիմնական կարողունակության ոլորտների և տասնչորս առանցքային կարողունակությունների շուրջ։ Այն նախատեսվում է օգտագործել որպես գործնական ուղեցույց, որի միջոցով դասախոսները կկարողանան ինքնագնահատել իրենց կարողությունները, բացահայտել զարգացման կարիքները և նպատակային կատարելագործել թվային ու արհեստական բանականության գործիքների կիրառման հմտությունները։
Հանդիպման հաջորդ հատվածում բանախոսներն անդրադարձան ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին, այլև դրանց միջոցով կրթական գործընթացի արդյունավետության, անհատականացման և ուսանողների ներգրավվածության բարձրացմանը։
Բանախոսների ներկայացրած թեմաները վկայեցին, որ արհեստական բանականությունը բարձրագույն կրթության ոլորտում միայն տեխնոլոգիական նորություն չէ. այն աստիճանաբար դառնում է դասավանդման մեթոդների, գնահատման սկզբունքների և ուսանողների հետ աշխատանքի կազմակերպման կարևոր բաղադրիչ։ Միևնույն ժամանակ, դրա արդյունավետ կիրառությունը պահանջում է դասախոսների համապատասխան պատրաստվածություն, մասնագիտական դատողություն և պատասխանատու մոտեցում։
Տեղեկատվական հանդիպումն ամփոփեց «eCAMPUS» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների կարևոր ուղղությունները՝ միաժամանակ ընդգծելով դրանց շարունակական կիրառման անհրաժեշտությունը։ Ավարտին նախատեսված հարցուպատասխանի և ամփոփիչ խոսքի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անդրադառնալու ներկայացված թեմաներին և քննարկելու հետագա քայլերը։
Ծրագրի այս փուլի արդյունքները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն առանձին բուհերի տեխնոլոգիական վերազինման, այլև բարձրագույն կրթության համակարգում նոր կրթական մշակույթի ձևավորման տեսանկյունից։ Թվային գործիքների արդյունավետ կիրառությունը, արհեստական բանականության հնարավորությունների պատասխանատու օգտագործումը և ներառական կրթական միջավայրի զարգացումը կնպաստեն ժամանակակից և ուսանողի կարիքներին արձագանքող համալսարանական կրթության ձևավորմանը։


