Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կայացավ հանդիպում ավարտական կուրսերի ուսանողների հետ: Հանդիպման օրակարգի առանցքային թեման էր նորաստեղծ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը:
Ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը ողջունեց ուսանողներին և ներկայացրեց կրթական ծրագրի անհրաժեշտ մանրամասներ՝ վստահեցնելով, որ այն հավակնում է դառնալու ֆակուլտետի դրոշակակիր կրթական ծրագիրը և լավագույնը հանրապետությունում տվյալ մասնագիտացման ոլորտում:

ՄՀԴ կրթական ծրագրի ղեկավար Ռոման Կարապետյանը նշեց. «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ձգտում են դառնալ միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության որակավորում ունեցող մասնագետներ: Ծրագիրը ներառում է ակադեմիական տեսության և գործնական դասընթացների բաղադրիչներ՝ կենտրոնանալով քաղաքական տեսությունների, արտաքին և համաշխարհային քաղաքականությունների վրա»:
Ծրագրի հավանական շահառուներն են միջազգային կազմակերպություններում կամ պետական գերատեսչություններում ընդգրկվելու նպատակ ունեցող միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, պատմության, իրավունքի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտների շրջանավարտները, միջազգային հարաբերությունների ոլորտում աշխատողները, մասնագետները, ինչպես նաև համաշխարհային քաղաքականությամբ և հակամարտությունների կարգավորման գործընթացներով հետաքրքրված անհատներ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև փորձուսուցման և կարիերայի հնարավորությունները: Փորձուսուցումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ), կարող է անցկացվել նաև այլ գերատեսչություններում՝ հիմք ընդունելով ուսանողի մագիստրոսական թեզի թեմայի առաջադրած անհրաժեշտությունը կամ ուսանողի մասնագիտական հետաքրքրության ձևավորած պահանջները:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը ավարտական կուրսերի ուսանողներին հաջորդիվ ծանոթացրեց նաև ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացակարգերին և գնահատման չափորոշիչներին: