ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում զեկուցմամբ հանդես եկավ Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) կիրառական երկրաբանության բաժնի պրոֆեսոր Կշիշտոֆ Լաբուսը։
Ընթացիկ ուստարվա ապրիլի 29-ին տեղի ունեցած հանդիպմանը պրոֆեսորը ներկայացրեց H2S-CO2-ապար-աղաջրային համակարգերի փորձարարական թեստավորում և մոդելավորում («Experimental Tests and Modeling of H2S-CO2-ROCK-Brine Systems-Case Study») խորագրով աշխատանքը։ Հետազոտության նպատակն էր գնահատել CO2-ի և H2S-ի ազդեցությանը Լեհաստանի Վերին Սիլեզիայի ածխային ավազանի և Մալոպոլսկա բլոկի ապարների վրա: Փորձարարական և մոդելավորման ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թթվային գազերը փոխում են ապարների ծակոտկենությունն ու միներալոգիական կազմը: Ներարկման փուլում ծակոտկենությունն աճում է, սակայն երկարաժամկետ պահպանման ընթացքում նվազում է՝ բարելավելով ապարների մեկուսիչ հատկությունները: Բանախոսը նշեց ստացված արդյունքների կարևորությունը ջերմոցային գազերի կլանման ռազմավարությունների մշակման համար:
Այսօրինակ բանախոսություների նպատակն է փորձի փոխանակումը, ժամանակակից մարտահրավերների և խնդիրների քննարկումը: