- Главная
- Node
- ԵՊՀ-ում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը
Май 08, 2025 | 12:02
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
ԵՊՀ-ում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը՝ արդեն ավանդական դարձած ձևաչափով միավորելով ԵՊՀ գիտական ներուժը։ Գիտաժողովը նպատակ ունի ամփոփելու տարբեր ստորաբաժանումների գիտական գործունեությունն ու ապագա ծրագրերը:

«Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը կշարունակվի ս.թ. մայիսի 12-ին, 13-ին ու 14-ին և կամփոփի ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը՝ հնարավորություն ընձեռելով ոլորտի առաջատար գիտնականներին և հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով այս գիտական միջոցառման անցկացումը, ասաց․ «Արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպվում է այս գիտաժողովը՝ հրաշալի հնարավորություն ընձեռելով քննարկելու ԵՊՀ գիտակրթական կենտրոնների, ինստիտուտների և լաբորատորիաների կատարած աշխատանքներն ու արձանագրած արդյունքները։ Այս տարի ներկայացվում են նաև ներքին դրամաշնորհների շրջանակում իրականացված նախագծերի արդյունքները, որոնք ևս մեծ կարևորություն ունեն։ Մենք հետևողականորեն զարգացնում ենք ներքին դրամաշնորհների համակարգը՝ նպատակ ունենալով խթանելու ինչպես գիտական նոր արդյունքների ձեռքբերումը, այնպես էլ կրթական ծրագրերի որակական բարելավումը»։

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ գրախոսվող միջազգային ամսագրերում ԵՊՀ գիտնականների՝ նախորդ տարվա ընթացքում հրապարակված հոդվածների թիվը զգալիորեն աճել է։ ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այս ավանդույթը կպահպանվի նաև այս տարի։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ ԵՊՀ գիտական ամսագրերից մեկը` «Translation Studies: Theory and Practice»-ը, արդեն ընդգրկվել է «Scopus» միջազգային շտեմարանի ինդեքսավորման ցանկում, իսկ մի քանի այլ ամսագրեր այժմ նախապատրաստվում են միջազգային հեղինակավոր շտեմարաններում ընդգրկվելուն։ ԵՊՀ ռեկտորը մատնանշեց, որ համալսարանում արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ աշխատանքներ են տարվում գիտական պարբերականների միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։
Այնուհետև նա անդրադարձ կատարեց ներքին դրամաշնորհների շրջանակում ծրագրային բարեփոխումներին, այդ թվում՝ գիտության, ինչպես նաև կրթության ոլորտում ֆինանսավորման կարևորությանը, երիտասարդ մասնագետների համար ֆինանսական կայունություն ապահովելուն, ներդրումային ծրագրերին առնչվող և առաջնահերթ այլ հարցերի։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց գիտական գործունեության մի շարք կարևոր թվային ցուցանիշներ՝ անդրադառնալով ինչպես համալսարանական գիտական հոդվածների տպագրության թվի աճին, այնպես էլ մասնակցությանը միջազգային ծրագրերին և դրամաշնորհային նախաձեռնություններին։ Նա շեշտեց, որ թվային տվյալների վերլուծությունն ու մշտադիտարկումը կարևոր հիմք են համալսարանի գիտաքաղաքականության ռազմավարական պլանավորման և շարունակական զարգացման համար։

«Այս դրական զարգացումը պայմանավորված է առանցքային երեք գործոններով։ Առաջինը պետական ֆինանսավորման աճն է, որը ներառում է թե՛ հիմնական, թե՛ դրամաշնորհային աջակցությունը, ինչպես նաև գիտական սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումները։ Երկրորդը ԵՊՀ ֆինանսավորման դիվերսիֆիկացումն է՝ շնորհիվ տարբեր աղբյուրներից ստացվող գիտական ծրագրերի ֆինանսավորման։ Եվ երրորդը՝ գիտության կառավարման բարելավումն ու արդյունավետության բարձրացումը»,- նշեց պրոռեկտորը՝ ներկայացնելով նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերն ու դրանց իրականացման համար հատկացված գումարների չափերը։
Գիտաժողովին թեմատիկ տարբեր զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Լուսինե Հայրապետյանը, արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Ռուբեն Մելքոնյանը, ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Հենրիկ Պարսամյանը։ Գիտաժողովի մոդերատորն էր ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։
Նշենք, որ գիտաժողովը հնարավորություն է ընձեռում խթանելու գիտության տարբեր ոլորտների զարգացումը, իրազեկ լինելու հարակից, միջգիտակարգային ոլորտների գիտահետազոտական առաջընթացին, խորացնելու և ընդլայնելու գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և ֆակուլտետների գիտական համագործակցությունը:

Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ գիտական ստորաբաժանումների և ֆակուլտետների ներկայացուցիչները ապրիլ-մայիս ամիսներին հանդես կգան լրացուցիչ սեմինարներով, ամփոփիչ կոնֆերանսներով՝ իրենց գործունեությունն առավել տեսանելի և հրապարակային դարձնելու նպատակով:
Քառօրյա գիտաժողովի ընթացքում առաջիկայում զեկուցումներով հանդես կգան ԵՊՀ գիտնականները և հետազոտողները՝ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները և գործունեության ուղղությունները։