Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հյուրընկալեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նիլակշի Սահա Սինհային:
Ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ռազմավարական նշանակությանը և նշեց, որ մարդկային կապերը Հայկական լեռնաշխարհի և Հնդկական ենթամայրցամաքի միջև այնքան հին են, որքան պատմությունը: Դեկանն ընդգծեց նաև, որ չափազանց կարևոր է հասկանալ, թե «Ինչու՞ է Հնդկաստանը կարևոր» («Why Bharat Matters») աշխարհակարգի համար:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ հանդիպմանը դեսպան Ն.Գ. տիկին Նիլակշի Սահա Սինհան անդրադարձավ հայ-հնդկական դարավոր բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ շահերի և ընդհանուր հնդեվրոպական արժեքների վրա: Առանձնացրեց նաև այն փաստը, որ վերջին տարիներին էլ ավելի է զարգացել հայ-հնդկական քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցությունը: Նա խոսեց նաև Հնդկաստանի ռազմավարության և արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին՝ ընդգծելով այն հիմնական կետերը, որոնց վրա խարսխված են ռազմավարական տեսլականները: Այս համատեքստում առանձնացրեց Հնդկաստանի՝ իբրև «Գլոբալ Հարավի» առաջնորդի դերը միջազգային հարաբերությունների համակարգում՝ ընդգծելով այն հիմնական ուղղությունները, որոնցով Հնդկաստանը պետք է ներկայանա որպես բազմաբևեռ աշխարհի գլխավոր կենտրոններից մեկը:

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ նաև վերջերս Ջամու և Քաշմիր նահանգներում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ նշելով, որ Հնդկաստանը չի ձգտում էսկալացիայի և ցանկանում է այս վեճը լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով, սակայն ընդգծեց, որ ահաբեկչական դեպքերն իհարկե անպատասխան չեն մնացել, և միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխան հարված է հասցվել։
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի և առկա խնդիրների շուրջ տեսակետների փոխանակման անմիջական մթնոլորտում:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը պարբերաբար նախաձեռնում է նմանատիպ հանդիպումներ և միջոցառումներ՝ նպատակ ունենալով կազմակերպելու ուսանողների արտալսարանային հանդիպումները լավագույն մասնագետների հետ: