Ս․թ․ մայիսի 2-4-ը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ անցկացվել է «Գեոքեշինգ-2025» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել ուսանողների՝ տեղանքում կողմնորոշվելու հմտությունների, գլոբալ տեղորոշման համակարգի և դրա կիրառման հմտությունների մասին իմացական գիտելիքների զարգացմանը։
«Գեոքեշինգ» եռօրյա ծրագիրը տեղի է ունեցել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում, որտեղ նախապես որոշված գաղտնագրերի հիման վրա մասնակիցները գտել են իրենց թիմերի մենթորներին, ծանոթացել թիմերի անդամների հետ՝ ձևավորելով չորս թիմեր՝ «Խոսրով», «Ծովք», «Նեմրութ», «Խուստուփ»։
Թիմերի ձևավորումից հետո տեղի են ունեցել «Գեոքեշինգի էությունը, կառուցվածքը, դաշտային պայմաններում իրականացման մեթոդները», «Տեղանքում կողմնորոշվելու հմտություններ» խորագրերով բանախոսություններ:
Բանախոսությունների ընթացքում «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնի բակալավրիատի ուսանող, ՀՄԸՄ Արցախի մեկուսի շրջանի ընդհանուր խմբապետ Յուրի Բալույան մասնակիցներին ներկայացրել է գեոքեշինգի էությունը, ապա անդրադարձել խաղի կառուցվածքին։ Քննարկման առանցքում եղել են դաշտային պայմաններում գեոքեշինգ իրականացնելու մեթոդները։
Այնուհետև «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնի մագիստրատուրայի ուսանող, ավագ լեյտենանտ Նարեկ Պետրոսյանը ներկայացրել է տեղանքում կողմնորոշվելու հմտությունները: Ըստ նրա՝ կողմնորոշվելը, այսինքն՝ տարածքում սեփական տեղադիրքը որոշելը և անհրաժեշտ ուղղությունը գտնելը, հմտություն է, որը պահանջում է մտքի, փորձի, տեխնիկական միջոցների իմացության և շրջակա միջավայրի ընկալման համատեղում։ Բանախոսությունից հետո մասնակիցները ձեռք են բերել նաև կողմնացույցից օգտվելու հմտություններ և փորձել դրանք կիրառել գործնականում։

Ծրագրի առաջին օրն ամփոփվել է մշակութային երեկոյով։
Երկրորդ օրը՝ վաղ առավոտյան, ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով դաշտային պայմաններում կատարած նախավարժանքից և թեթև վազքից հետո թիմերն ուղևորվել են անտառ՝ կողմնացույցի օգնությամբ հաշվարկելու ազիմուտները և հետևելու նշված ուղղություններին, այն է՝ հասնելու հաջորդ կանգառներ՝ գտնելու թաքնված գաղտնագրերը։
Ծրագրի երկրորդ փուլում թիմերն օգտագործել են առաջին փուլի ընթացքում գտած գաղտնագրերը՝ վերծանելու պատասխանները և որոնելու վերջնական հուշումը, որը պետք է նրանց հասցներ հաղթանակի։
Ի վերջո հաղթող է ճանաչվել «Ծովք» թիմը, որը լավագույնս է ցուցաբերել տեղանքում արագ կողմնորոշվելու, նախաձեռնողականություն և համագործակցային ոգի դրսևորելու կարողությունները։
Օրը եզրափակվել է համատեղ թիմային քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները վերլուծել են օրվա ընթացքում կատարած աշխատանքները, պատմել տպավորությունների մասին, բարձրաձայնել հետաքրքրող հարցերը և ներկայացրել իրենց առաջարկությունները։
Ծրագրի երրորդ օրը Սերվիսի ամբիոնի վարիչ, ա.գ.թ. Սեյրան Սուվարյանը հանդես է եկել «Դաշտային հետազոտությունների օգտագործումը գիտահետազոտական աշխատանքներում» թեմայով բանախոսությամբ։
Ծրագիրն ամփոփվել է կարճամետրաժ տեսաֆիլմով: Հետայդու տեղի է ունեցել հաղթող թիմի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Գեոքեշինգ-2025» ծրագիրը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ ընդգրկելով ավելի մեծ թվով մասնակիցներ։