ԵՊՀ ուսանողական խորհրդի 60-ից ավելի անդամներ ս.թ. մայիսի 22-ին այցելեցին Ապարան, որը ճանաչվել է 2025 թվականի «Երիտասարդական քաղաք»:
Այցի շրջանակում ուսանողները կազմակերպեցին ազգային պարերի ուսուցում տեղի բնակիչների համար:

Ազգային պարերն ինքնության պահպանման, ինքնարտահայտման ու միասնության հզոր միջոց են: Դրա վառ ապացույցն էր այն, որ Ուսանողական խորհրդի նախաձեռնած միջոցառմանը, որը տեղի ունեցավ Ապարանի համայնքապետարանի բակում, միացել էին դպրոցի աշակերտներ, շրջանավարտներ, համայնքապետարանի աշխատակիցներ և այլ քաղաքացիներ:
ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի ազգային պարերի ակումբը բնակիչների համար հանդես եկավ պարային առանձին բեմադրությամբ:
Բնակիչների հետ միասին նրանք պարեցին մի շարք ազգային պարեր՝ «Ֆնջան», «Փափուռի», «Կարնո քոչարի», «Թամզարա», «Էջմիածին», «Վերվերի», «Ապարանի գյովնդ»։
Միջոցառումը եզրափակվեց «Մշո Խըռ», «Յարխուշտա» պարերով: Հատկապես «Յարխուշտա»-ն միավորեց բոլոր մասնակիցներին՝ ստեղծելով իսկական ազգային համախմբվածություն:

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 100 մասնակիցներ, որոնց թիվն անընդհատ ավելանում էր՝ շնորհիվ տիրող ազգային միասնական ոգու և ոգևորիչ մթնոլորտի:
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպված միջոցառման շնորհիվ ևս մեկ անգամ արժևորեց ազգային մշակույթը՝ նպաստելով վերջինիսի խրախուսմանն ու տարածմանը երիտասարդների շրջանում։