- Главная
- Node
- «Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված` հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում». Արմինե Գաբրիելյան
Июня 17, 2025 | 12:30
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
«Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված` հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում». Արմինե Գաբրիելյան
Կարասային թաղումները մեծ տարածում են ունեցել անտիկ ժամանակաշրջանում: Դրանք առավելապես շատ են հայտնաբերվել ՀՀ Արարատի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Սակայն թաղման այս ձևը հատկապես բնորոշ է պատմական Արցախ-Ուտիքին: Այս մասին փաստում է ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանը:

ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի Արմավիր մայրաքաղաքի արշավախմբի ղեկավար Ինեսա Կարապետյանն ու ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանը համատեղ հրատարակել են գիտական հոդված՝ Արմավիր մայրաքաղաքի դամբարանադաշտի կարասային թաղումների տեղադրության և ժամանակագրության սահմանների վերաբերյալ: Հոդվածը հրատարակվել է «Լրաբեր հասարակական գիտությունների» բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսում:

ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանն ընդգծում է, որ Արմավիրի կարասային թաղումները հիմնականում պեղվել են 1970-90-ական թվականներին հայկական արշավախմբի կողմից՝ Ինեսա Կարապետյանի ղեկավարությամբ: Հայտնաբերված նյութերով և համաժամանակյա հուշարձանների հետ աղերսներով տվյալ կարասային թաղումները թվագրվում են մ.թ.ա. 6-րդ – մ.թ. 3-րդ դարերով:
«Կարասներում, որպես կանոն, բացի կմախքից՝ հայտնաբերվում են նաև անհատի անձնական իրեր, զարդեր, փոքր անոթներ, որոնցում, ամենայն հավանականությամբ, դրվել է սնունդ նրանց համար: 2022 թվականին Գառնիում իմ ղեկավարած փրկարարական պեղումների ժամանակ էլ կարասի մեջ մոր և մանկան հետ կովի և նրա հորթուկի գլխի թաղում է հայտնաբերվել»,-ասում է Արմինե Գաբրիելյանն ու հավելում, որ մեկ կարասի մեջ մի քանի հոգու մարմնի և կենդանիների առկայությամբ թաղումները հազվադեպ են պատահում մեզ մոտ:
Նա նշում է, որ կարասային թաղումների, ինչպես նաև թաղման այլ ձևերի դեպքում (հիմնահողային, քարարկղային, սալարկղային և այլն) ծեսը նույնն է եղել, այսինքն՝ անհատի հետ են դրվել նրա անձնական իրերը, ինչպես նաև սնունդ՝ հավատալով, որ գոյություն ունի կյանք մահվանից հետո, և որ մահացածը, հանդերձյալ կյանքում վերածնվելով, զգալու է այդ իրերի և սննդի կարիքը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հնարքներով են մարդկանց մարմինները տեղավորել կարասներում, ԵՊՀ դասախոսը փաստեց. «Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված դիրքով, այնպես, իչպես սաղմնային վիճակում են լինում՝ հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում: Դրա համար նախ կոտրում էին կարասի վերնամասը, մահացածին տեղավորում կարասի մեջ, հետո կոտրված բեկորները տեղավորում իրենց տեղերում, որից հետո կարասի բերանը փակում էին մեծ քարով կամ այլ անոթի բեկորներով»:

Նշենք, որ գտածոները ցուցադրվում և պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում: Իսկ Գառնիի 2022 թվականի պեղումներով հայտնաբերված նյութերը ցուցադրվել են Հայաստանի պատմության և Հրազդանի երկրագիտական թանգարաններում:
Արմինե Գաբրիելյանն ընդգծեց, որ այս պահին անգլերենով հրատարակության է պատրաստվում Գառնիի 2022 թվականի փրկարարական պեղումների վերաբերյալ ընդարձակ հոդված, որով գիտական շրջանառության մեջ կդրվի անտիկ ժամանակաշրջանի նորահայտ երեք կարասային և մեկ սալարկղային թաղումների վերաբերյալ հետազոտությունը: