- Главная
- Node
- ԵՊՀ ուսանողների հետ հանդիպեց ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը
Июня 17, 2025 | 16:11
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպեց ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը
Փիլիսոփայական մոտեցումներով և արժեքավոր վերլուծություններով հայտնի ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը Երևանի պետական համալսարանում է՝ հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ և քննարկելու իտալացի փիլիսոփա Ջորջօ Ագամբէնի «Լեզուն, որ կը մնայ։ Ժամանակ, պատմութիւն, լեզու» աշխատության հայերեն թարգմանությունը։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է հայ ուսանողների ու գիտնականների համար՝ լսելու նրա մոտեցումները և մտքերը՝ բացահայտելով փիլիսոփայության նոր հորիզոններ:

Մեծ է գրականագետ, թարգմանիչ և խմբագիր Մարկ Նշանեանի դերակատարումը ժամանակակից փիլիսոփայական գործերի հայերեն թարգմանությունների և վերլուծությունների տարածման գործում։ Նրա աշխատանքներն առանձնահատուկ նշանակություն ունեն հայ գրականության, փիլիսոփայության և թարգմանության ոլորտներում։ Այսօր բազմաթիվ աշխատությունների հեղինակը և փիլիսոփան այցելել է ԵՊՀ՝ քննարկելու ոչ միայն Ջորջօ Ագամբէնի «Լեզուն, որ կը մնայ։ Ժամանակ, պատմութիւն, լեզու» աշխատությունը, որի թարգմանությունը շուտով լույս կտեսնի, այլև մտքեր փոխանակելու ԵՊՀ ուսանողների հետ՝ խոսելու պատմության, լեզվի և ժամանակի, փիլիսոփայական հարցերի շուրջ։

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, կարևորելով հեղինակավոր փիլիսոփայի հետ հանդիպումը, նշեց․ «Մեր ֆակուլտետն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում պարոն Նշանեանին՝ շնորհիվ ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար, փ.գ.թ., դոցենտ Դավիթ Մոսինյանի։ Այսօր մենք ունենք եզակի հնարավորություն՝ լսելու 21-րդ դարի փիլիսոփայության առաջատարներից մեկին, որը իրականում մեծածավալ աշխատանք է կատարում համաշխարհային մակարդակով։ Հավանաբար ծանոթ եք Նշանեանի աշխատություններին․ հայերենով հրապարակվել են նրա բազմաթիվ հեղինակավոր աշխատություններ և թարգմանություններ։ Հույս ունեմ, որ ինչպես այսօր, այնպես էլ վաղը սպասվում են հագեցած և կարևոր քննարկումներ»։
ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար, փ.գ.թ., դոցենտ Դավիթ Մոսինյանը նշեց, որ Մարկ Նշանեանի ներկայությունը ֆակուլտետում խթանում է հայ ակադեմիական միջավայրում ժամանակակից փիլիսոփայական մտածողության շրջանառությունը։

«Քանի որ Մարկ Նշանեանը ԵՊՀ-ում էր՝ մասնակցելու մեր լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային առաջին գիտաժողովին, ուստի առիթն օգտագործելով՝ նրան հրավիրեցինք ֆակուլտետ՝ հանդիպելու ուսանողներին։ Այսօր քննարկեցինք այն հարցադրումները, թե Ֆրիդրիխ Նիցշեն, Ֆուկոն, Բենիամինը ինչպե՞ս են մտածելու խնդիր դրել, իսկ հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկենք նրանց տեքստերը։ Եվ սա հնարավորություն է փիլիսոփայական տեսանկյունից խոսելու պատմության մասին, որն այսօրվա աշխարհակարգում, մասնավորապես հայ մշակույթում բավական կարևոր իրողություն է, իսկ Մարկ Նշանեանը ոչ միայն գրել է այս մասին, այլև թարգմանել կարևոր աշխատություններ»,- նշեց Դավիթ Մոսինյանը։
Մարկ Նշանեանը խոսեց փիլիսոփա Ջորջօ Ագամբէնի «Լեզուն, որ կը մնայ։ Ժամանակ, պատմութիւն, լեզու» աշխատության մասին՝ անդրադառնալով այդ աշխատության մեջ տեղ գտած բարդ հարցադրումներին և ժամանակակից խնդիրներին, որոնք հրատապ են ինչպես գիտնականների, այնպես էլ հասարակության համար։ Նա ուսանողներին հորդորեց նախապես կարդալ գիրքը, որպեսզի կարողանան ավելի ակտիվ և խորքային մասնակցություն ունենալ վաղվա քննարկմանը։

Մարկ Նշանեանի աշխատանքներում կենտրոնական տեղ են զբաղեցնում հիշողության, վերապրածի, պատմության մեկնաբանման և լեզվի միջոցով իրականության կառուցման թեմաները։ Մարկ Նշանեանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել, հեղինակել է ուշագրավ մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Պատկեր, պատում, պատմություն» երկհատորյակը, «Պատմագրական այլասերում» աշխատությունը և այլն։ Նրա ջանքերով հայերեն են թարգմանվել Ֆրիդրիխ Նիցշեի, Անտուան Բերմանի, Ժակ Դերիդայի, Վալտեր Բենիամինի, Ջորջօ Ագամբէնի և այլոց գործերը։
Նշենք, որ Մարկ Նշանեանը մասնակցում էր «Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով երկօրյա գիտական միջոցառմանը և գիտաժողովի հիմնական բանախոսներից էր։