«Գերմաներենի օրը Հայաստանում» միջոցառման շրջանակում անցկացվեցին բազմաբնույթ աշխատարաններ՝ ուղղված թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների մասնագիտական կարողունակությունների զարգացմանը։

Գ. Սավոյանը և Ի. Գևորգյանը (ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոն) «Էրնսթ Քլեթ» հրատարակչության դասագրքերի օրինակով ներկայացրին օտար լեզվի ուսուցման մեթոդ (Handlungsorientierte Methoden)՝ հիմնված գործողությունների վրա: Վերոնշյալ դասագրքերը հարմարեցվել են ՀՀ հանրակրթական դպրոցներին ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի և Գյոթե ինստիտուտի գործընկեր՝ լեզվի ուսուցման կենտրոնի հետ՝ «Մասնակցային դպրոց» հիմնադրամի աջակցությամբ։
«Էրնսթ Քլեթ» գերմանական հրատարակչության փորձագետ Ջենիֆեր Սվանդան և մեթոդական խորհրդատու, ԵՊՀ գերմաներենի դասախոս Մերի Նավասարդյանը վարեցին երկու աշխատարան։
«Արհեստական բանականությունը դասավանդման մեջ» խորագրով աշխատարանը նվիրված էր մեդիացիայի թեմային, ինչպես նաև ԱԲ-ի հնարավորություններին և գործիքների կիրառությանը օտար լեզվի դասավանդման գործընթացում՝ «Kontext» դասագրքի հիման վրա։

Երկրորդ՝ «Նախաինտեգրացիան դասավանդողների համար» աշխատարանը ներկայացնում էր գերմաներենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ժամանակակից դասագրքերի՝ մասնավորապես «Die neue Linie 1»-ի նոր մոտեցումները արտերկրից Գերմանիա տեղափոխվող սովորողների համար:
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության դասախոսներ Էլիզաբեթ Ռուդոլֆը և Յոհաննես Գերեոնսը ներկայացրին «Strategien zum Deutschlernen» խորագրով սեմինար, որի ընթացքում անդրադարձան այն մեթոդներին, նյութերին, ռեսուրսներին ու գործիքներին, որոնք օգնում են սովորողներին՝ արդյունավետ ընկալելու ուսումնական բովանդակությունը, ինքնուրույն վերլուծելու այն և զարգացնելու հմտությունները։
Ավստրիական փոխանակման ծառայության դասախոս Շտեֆանի Շթայները սեմինարի ընթացքում ներկայացրեց լեզվի ուսուցման ստեղծագործական մեթոդները: Աշակերտները խաղերի և կոլաժների միջոցով սովորում էին նոր բառեր և զարգացնում լեզվական կարողությունները։

«Քորնելսեն» հրատարակչության «Unterwegs» դասագիրքը ներկայացրեց Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի դասախոս Լիանա Սաֆարյանը։ Սեմինարը նվիրված էր դասագրքի մեթոդաբանությանը և գործնական դասի կազմակերպման հնարավորություններին։ Նրա մեկ այլ՝ «Լարան և Ռոբբին․ մի մեսսենջերի պատմություն» խորագրով սեմինարը նվիրված էր երկխոսությունների և պատմությունների ստեղծման հմտությունների զարգացմանը:
«ZfA»-ի համակարգող Բենիամին Շփեթը և ուսուցչուհի Ժաննա Մարգարյանը անցկացրին «Ազատ խոսել, ազատ մտածել» խորագրով սեմինար, որտեղ ընդգծվեց խմբային աշխատանքի և խոսքի ազատ արտահայտման դերը լեզվի տարբեր մակարդակներում։
Կամավորներ Լիլի Հայնրիխը և Նիլա Փեշելը Գյոթե ինստիտուտի փորձագետ Իվ Թաուշվիցի հետ կազմակերպեցին վիկտորինա և սեղանի խաղեր աշակերտների համար՝ ստեղծելով գերմաներենով հաղորդակցվելու անմիջական և հաճելի միջավայր։
«Այբ» դպրոցի ուսուցչուհի Սրբուհի Լուլուկյանն իր սեմինարում գերմանացի երգչուհի Նիկոլի «Ein bisschen Frieden» ստեղծագործությամբ ներկայացրեց խաղաղության թեման և դրա օգտագործման հնարավորությունները ինտերակտիվ ուսուցման շրջանակում։

Ջենիֆեր Սվանդան անցկացրեց նաև հատուկ վերապատրաստում ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի դասախոսների համար՝ ծանոթացնելով B2/C1 մակարդակի դասագրքերում դասավանդման արդի մեթոդներին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև գերմաներենի դասագրքերի և մեթոդական գրականության ցուցահանդես, որտեղ ներկայացված էին «Էրնսթ Քլեթ», «Քորնելսեն», «Հուբեր», «Անդրանիկ» հրատարակչությունները, ինչպես նաև «Մասնակցային դպրոց» հիմնադրամի նյութերը։
Միջոցառումը եզրափակվեց Ճամբարակի թիվ 1 դպրոցի աշակերտուհու՝ գերմաներեն երգի գեղեցիկ կատարմամբ։
Գերմաներենի տարածման և ուսուցման որակի բարձրացմանն ուղղված նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով նախատեսվում է «Գերմաներենի օրը Հայաստանում» խորագրով միջոցառումը դարձնել ավանդական: